< Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ մանուկներին
18.09.2014 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Տավուշի ԳԱՄԿ)

Պատվաստի կատարման տեխնոլոգիան


  Պտղատու մշակաբույսերը բազմանում են սերմերով և վեգետատիվ ճանապարհով:

Սերմերով բազմացումը,սովորաբար,կատարվում է սելեկցիոն  նոր սորտեր ստեղծելու և արտադրության մեջ սերմնաբույս  պատվաստակալներ աճեցնելու համար:

  Պտղատու տեսակների սորտերի կենսաբանական-տնտեսական  առանձնահատկությունները պահպանելու, դրանց միատարրությունը, ստանդարտացումն ապահովելու և մեծ  քանակությամբ տնկանյութ աճեցնելու համար կիրառվում է վեգետատիվ բազմացում մացառներով,անդալիսներով, պատվաստի բազմաթիվ ձևերով և բեղիկներով:

  Մացառներով բազմացվում  են  խնձորենու, տանձենու, սալորենու, բալենու, տխլենու, կեռասենու տեղական ձևերը:Կտրոններով և անդալիսներով՝  հաղարջենին, կոկռոշենին, սերկևիլենին, նռնենին, թզենին, խաղողի վազը:Բեղիկներով բազմանում  են  խոտանման   բույսերը, ինչի  ամենահայտնի  օրինակը ելակն է, իսկ պատվաստով՝ կորիզավոր, հնդավոր և այլ  ծառատեսակները:

  Գործնականում հայտնի են պատվաստի մի քանի ձևեր, աչքապատվաստ՝ քնած աչքով, աչքապատվաստ՝  աճող աչքով և կտրոնապատվաստ:

  Աչքապատվաստ:Առաջացել  է լատիներեն օկուլյոս(աչք) բառից:Աչքապատվաստի  ժամանակ  պատվաստացուի  վրայից կտրված բողբոջը կեղևի հետ միասին կոչվում է  վահանիկ, որը տեղադրվում  է   պատվաստակալի վրա կատարված կեղևի կտրվածքի տակ:Պատվաստի այդ  ձևը   պտղատու բույսերի բազմացման ամենատարածված և արդյունավետ եղանակն է, որը մեծ կիրառում ունի հատկապես  տնկարանային տնտեսություններում:Աչքապատվաստի   առավելությունը մյուս ձևերի համեմատությամբ այն է, որ դա ավելի արտադրողական է, տալիս է բարձր կպչողականություն, բույսի վրա մեծ  վերքեր  չեն առաջանում, շուտ է տեղի  ունենում վերականգնումը և պատվաստացու կտրոնների խնայողությունը  մեծ  է լինում:

  Հիմնականում  տարբերում  են  աչքապատվաստի երկու  տեսակ՝

ա/ քնած  աչքերով, որը կատարվում  է օգոստոս- սեպտեմբեր ամիսներին,

բ/աճող աչքերով, որը կատարվում  է գարնանը՝ բույսերի հյութաշարժության  ժամանակ:

Պտղատնկարաններում հիմնականում  կիրառվում  է քնած աչքերով աչքապատվաստը:Այս  դեպքում պատվաստված աչքերը կպչում են և  մնում քնած վիճակում մինչև հաջորդ տարվա գարուն:Աճող աչքերով աչքապատվաստը կատարվում է գարնանը,երբ սկսվում  է հյութաշարժությունը և օգտագործվում  է  դեղձենու, նշենու  և ծիրանենու համար, որոնք մինչև  աշուն  կարող  են  զարգանալ և հասնել սահմանված  ստանդարտին:

  Քնած  աչքերով աչքապատվաստի կատարման ժամկետները կախված  են հողակլիմայական պայմաններից, տեսակների  ու  սորտերի առանձնահատկություններից  և պատվաստացու կտրոնների հասունացումից:Լեռնային և նախալեռնային շրջաններում քնած աչքերով աչքապատվաստը կատարվում  է  հուլիսի վերջից մինչև օգոստոսի վերջը, իսկ ցածրադիր գոտում՝ օգոստոսի առաջին տասնօրյակից մինչև սեպտեմբերի կեսը:Ըստ առանձին տեսակների, աչքապատվաստը կատարվում է  հետևյալ հերթականությամբ՝ ծիրանենի, կեռասենի, բալենի,տանձենի, խնձորենի, սալորենի, դեղձենի:

  Նախքան պատվաստի աշխատանքներն  սկսելը, պետք  է տնկարանի առաջին դաշտը պատվաստից 3-4 օր առաջ առատորեն ջրել,փխրեցնել և պատվաստակալների շուրջը բուկլիցը հետ տալ՝ հյութաշարժության արագացմանը և կեղևի լավ անջատվելուն նպաստելու համար:Պատվաստի համար անհրաժեշտ է ունենալ հատուկ դանակ,կապելու նյութ( ճիլոպ),այգու դանակ, մկրատ, դույլ և սրաքար:

  Պատվաստացու կտրոններն  անհրաժեշտ է մթերել նախօրոք, տնկարանի մայրացու այգուց կամ ապրոբացված պտղատու  այգիներից:Կտրոնները պետք է վերցնել դիմացկուն, հիվանդություններից և վնասատուներից զերծ բերքատու ծառերից:

  Չի թույլատրվում կտրոններ  վերցնել երիտասարդ և անհայտ սորտայնություն ունեցող ծառերից:Անհրաժեշտ է կտրոնները մթերել սաղարթի կենտրոնական մասից, ընթացիկ տարվա ուժեղ աճած շիվերից,որոնք գտնվում են լավ լուսավորության պայմաններում:Կտրոնների հաստությունը 4-5մմ-ից պակաս չպետք է լինի.  վերցնելուց հետո պետք է հեռացնել տերևներ  թողնելով 0.5սմ երկարությամբ տերևակոթունները:

 Պետք  է ըստ սորտերի 50-ական կտրոնից խրձիկներ կապել և դնել  քիչ ջուր լցված դույլերի մեջ ու ծածկել խսիրով կամ շորի կտորով:Պատվաստի ժամանակ վերցնում են կտրոնի միջին մասի աչքերը.ծայրային  մասի և ներքևի աչքերը լավ զարգացած  չեն լինում և տալիս  են թույլ կպչողականություն:

 Պատվաստից առաջ անհրաժեշտ է բացել պատվաստակալների  բուկերը և մաքրել խոնավ շորով: Պատվաստի համար պատվաստակալները պետք է լինեն առնվազն 8-10մմ հաստությամբ:Աչքապատվաստը պետք է կատարել վաղ առավոտյան և երեկոյան ժամերին,անձրևոտ ու քամոտ օրերին չի թույլատրվում աչքապատվաստ   կատարել:

 Աչքապատվաստի  տեխնիկան հետևյալն  է՝ պատվաստակալի արմատավզիկից 3-5սմ վերև հյուսիսային կողմից կատարում են T –աձև կտրվածք և դանակի բութ մասով  կեղևը զգուշությամբ հետ են տանում երկու կողմերի վրա,  ապա երկու մատով բռնելով վահանիկի տերևակոթունից  տեղավորում են կտրվածքի  մեջ,այնպես, որ լավ նստի, որից հետո վայրակի բացված կեղևը երկու ձեռքի բութ մատներով սեղմում են դեպի աչքը և անմիջապես կապում   փաթաթանյութով(ճիլոպով):

  Աչքապատվաստից 7-10 օր հետո պետք է առաջին անգամ ստուգել, եթե մատով դիպչելիս տերևակոթունը պոկվում է կամ մինչ այդ արդեն պոկվել է, իսկ  աչքը կանաչ ու թարմ է, նշանակում է պատվաստը կպել է, և հակառակը, եթե տերևակոթունը չի պոկվել և աչքը սևացել է, նշանակում է պատվաստը չի կպել:Այս դեպքում պետք է  վայրակի մյուս կողմում կամ առաջին պատվաստից քիչ ներքև՝ առողջ մասի վրա կրկնապատվաստ կատարել:Երկրորդ անգամ ստուգում  են  առաջին ստուգումից 10-15օր հետո և այդ ժամանակ կապերն  անպայման պետք է թուլացնել, որովհետև նրանք կարող են ճնշել կեղևը  կամ մտնել նրա մեջ:

 Կտրոնապատվաստի ձևերը:Կտրոնապատվաստը կատարում են վաղ գարնանը, նախքան բողբոջների բացվելը:Պտղաբուծության մեջ հայտնի են կտրոնապատվաստի հետևյալ ձևերը՝ կողապատվաստ,հասարակ և բարելավված կտրոնապատվաստներ, պատվաստ դնումով՝ճեղքապատվաստ, կեղևի  տակ  պատվաստ և այլն:

Կողապատվաստ:Պատվաստակալի հիմքի վրա կատարում են 4-5սմ երկարությամբ շեղակի կտրվածք, նրա հաստության 1/3 –ի խորությամբ:Պատվաստացու կտրոնը,որն ունենում է 2-3 աչք,ներքևի երկու կողմերից սրում են աչքի տակից, տեղավորում են կտրվածքի մեջ այնպես, որ լավ համընկնի պատվաստակալի հետ,  ապա կապում են, քսում   այգու մածուկ:

  Կտրոնները կպչելուց հետո կապը հեռացնում են:Երբ բողբոջներն սկսում են շիվեր տալ, անհրաժեշտ է նրանցից ընտրել և թողնել ուժեղ աճած ու լավ զարգացած  մեկ շիվ,որը պետք է կապել բութակին՝ շիվին ուղղահայաց դիրք տալու համար, իսկ թույլ շիվերը հեռացնել:

Հասարակ և բարելավված կտրոնապատվաստներ

Այս երկու ձևերն  օգտագործվում  են այն դեպքում,երբ  պատվաստակալը և պատվաստացուն լինում են միևնույն հաստության:Պատվաստը կատարվում է հետևյալ կերպ.պատվաստակալի   և պատվաստացուի  ծայրերը շեղակի  կտրում են այնպես, որ երկու կտրվածքներն ունենան նույն երկարությունը, ապա դնում են իրար վրա այնպես, որ կամբիումի  շերտերը կավ համընկնեն, որից հետո կապում են և քսում այգու մածուկ:

Բարելավված կտրոնապատվաստի դեպքում  պատվաստակալի և պատվաստացուի ծայրերին կատարված շեղակի կտրվածքների վրա անում են մեկական ճեղք(լեզվակ):Ճեղքն արվում է կտրվածքի կենտրոնից քիչ  բարձր, իսկ պատվաստացուի վրա, ընդհակառակը, քիչ ցածր, այնուհետև դրվում իրար վրա այնպես, որ ճեղքերն  իրար հետ լավ համընկնեն:Այս ձևն  ապահովում է պատվաստի ավելի լավ համաճը:

 Պատվաստը դնումով   կատարվում  է այն  դեպքում, երբ  պատվաստակալը մի  քանի անգամ ավելի հաստ է պատվաստացուից:Այս դեպքում կտրոնի ծայրը շեղ կերպով կտրում են մի  կողմից:Պատվաստակալ ճյուղի ծայրը  հարթ կերպով կտրում են, ապա կողքից  կատարում են երկայնական շեղակի և նույն չափի  կտրվածք, ինչպես պատվաստացու կտրոնի  ծայրին էր:Կտրոնը դնում են այդ կտրվածքի վրա, կապում և քսում են այգու մածուկ:Հատած շեղ կտրվածքների վրա կարելի է պատրաստել լեզվակներ,որը ապահովում է  պատվաստի  լավ  կպչողականությունը:

Ճեղքապատվաստ:

Պատվաստի  այս ձևը լինում է լիաճեղք և թերաճեղք:Օգտագործվում է մինչև 4-5սմ տրամագիծ ունեցող ճյուղերի կամ բնի  պատվաստման ժամանակ:Պատվաստում են հետևյալ կերպ.պատվաստացու կտրոնի ծայրը սրում են սեպաձև, ապա կտրում են պատվաստակալ ճյուղի ծայրը, կենտրոնից ճեղք են բացում և սեպ դնում, որից հետո պատվաստացու կտրոնները հագցնում են ճեղքի մեջ, և սեպը հանում են:

  Եթե պատվաստակալի ճեղքը լինում է  թերի, հագցնում են մեկ կտրոն, իսկ եթե լինում է լրիվ, հագցնում են երկու կտրոն:Կտրոնները հագցնելուց հետո կապում և ամբողջ  կտրված  մակերեսը,  ծածկում   այգու  մածուկով:

Կեղևի տակ պատվաստ:   Կատարում են  տարիքավոր ծառերի  սաղարթում, կմախքային ճյուղերի, բնի, արմատների   վրա  և այն  վերապատվաստի հիմնական  եղանակն  է:

 Այս դեպքում պատվաստվող ճյուղի  ծայրն   օղակաձև կտրում են և կտրվածքի  կողմից կեղևի ու բնափայտի միջև կատարում երկայնական կտրվածք:Պատվաստացու կտրոնի  ծայրը մի կողմից շեղակի սրում են և հագցնում բնափայտի ու կեղևի արանքի կտրվածքում, ապա կապում են և քսում այգու մածուկ:Պատվաստի այս ձևը կարելի է կատարել  միայն ծառերի լավ հյութաշարժության ժամանակ:

 

 

 


To top