< ԹՈՂ ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԸ ԽԱՂԱՂ ԲԱՑՎԵՆ
10.02.2015 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Տավուշի ԳԱՄԿ)

Թունաքիմիկատների դասակարգումը,պահպանման,տեղափոխման և օգտագործման անվտանգության կանոնները


   Թունաքիմիկատները(պեստիցիդները) քիմիական նյութեր են, որոնք  օգտագործվում են բույսերի և կենդանիների վնասատուների ու հիվանդությունների,ինչպես նաև մոլախոտային բուսականության դեմ պայքարի նպատակով:

  Թունաքիմիկատները կախված դրանց օգտագործման նպատակից դասակարգվում են.

·         Ինսեկտիցիդներ` վնասատու միջատների դեմ պայքարի միջոցներ

·         Հերբիցիդներ` մոլախոտային բույսերի դեմ պայքարի միջոցներ

·         Ֆունգիցիդներ` բույսերի սնկային հիվանդությունների դեմ պայքարի  միջոցներ

·         Ռոդենտիցիդներ` կրծողների դեմ պայքարի միջոցներ

·         Ավիցիդներ` վնասակար միջատների ձվիկների և տզերի դեմ պայքարի  միջոցներ

·         Բակտերիցիդներ` ախտածին մանրէների դեմ պայքարի միջոցներ

·         Ալգիցիդներ` ջրիմուռների դեմ պայքարի միջոցներ

·         Դեսիկանտներ` բուսական օրգանիզմները չորացնող միջոցներ

·         Դեֆոլիանտներ` բերքահավաքից առաջ տերևների հեռացման միջոցներ

·   Ֆումիգանտներ` փակ տարածքների (օրինակ հացահատիկի պահեստարանների) վարակազերծման միջոցներ:

 Վերջիններս  թունավոր են կենդանի օրգանիզմների համար և  այդ պատճառով կարող են վտանգ ներկայացնել մարդու առողջությունը և  շրջակա  միջավայրին:Առաղջության  համաշխարհային կազմակերպությունն, ըստ վտանգավորության աստիճանի,թունաքիմիկատները  դասակարգում է հետևյալ կերպ.

La      առավել վտանգավոր

Lb      շատ վտանգավոր

Ll       չափավոր վտանգավոր

Iii       բավարար վտանգավոր

U       քիչ  վտանգավոր

  Թունաքիմիկատների   վտանգավորությունը ավելի է  արտահայտվում սխալ ընտրված թունաքիմիկատների կամ դրանց գերքանակությամբ օգտագործման,ինչպես նաև ժամկետանց  թունաքիմիկատների օգտագործման   դեպքում:Ուստի և պետք է խուսափել օգտագործել.

·         Արգելված թունաքիմիկատներ (օրինակ`ԴՆՕԿ,ԴԴՏ,քլորոֆոս,լինդան,ալդրին,հեպտաքլոր  կապտաֆոլ,պարատիոն և այլն)

·         Ժամկետանց թունաքիմիկատներ

·         Ոչ ճիշտ պահպանման հետևանքով քայքայված թունաքիմիկատներ

Թունաքիմիկատների անվտանգ օգտագործումը

Թունաքիմիկատները քիմիական նյութեր են` օժտված տոքսիկ (կենսասպան) հատկությամբ:Ուստի թունավորումներից և բացասական այլ  ազդեցություններից խուսափելու  համար անհրաժեշտ է դրանք կիրառել   մեծ զգուշությամբ ու խելամտորեն` պահպանելով ճիշտ օգտագործման բոլոր  կանոնները:

         Ձեռք  բերում

·         Առաջին հերթին   պետք է ճիշտ  որոշել խնդիր առաջացնող վնասատուն:Ցանկալի է մասնագետ գյուղատնտեսի հետ խորհրդակցելուց հետո  միայն գնել թունաքիմիկատի համապատասխան տեսակը:

·         Գնել թունաքիմիկատը միայն կոնկրետ  խնդրի լուծման համար  անհրաժեշտ քանակությամբ,խուսափել ավելցուկների առաջացումից:Հնարավորության դեպքում գնել փոքր  փաթեթներով` նախատեսված մեկանգամյա օգտագործման համար:

·         Գնել միայն հատուկ հավաստագիր  ունեցող մասնագիտացված խանութներից և կազմակերպություններից (գնելուց առաջ  համոզվեք,որ  վաճառողն ունի համապատասխան  թույլտվություն),ձեռք բերել միայն հայտնի  արտադրող ֆիրմաների կողմից առաջարկվող ժամանակակից նյութեր  և պատրաստուկներ:

ԿԻՐԱՌՈՒՄ

 ·         Կիրառելուց առաջ պետք է մեկ անգամ ևս մանրակրկիտ կարդալ և ուսումնասիրել պիտակների բովանդակությունը:

·         Նախօրոք պատրաստել  անհրաժեշտ բոլոր սարքերն ու պարագաները (ջուր,տարաներ,կշեռքներ,չափասարքեր,սրսկիչներ,ձեռնոցներ,օճառ ,սրբիչ և այլն ):

·         Չափազանց կարևոր է կիրառումն իրականացնել սահմանված կարգով`  հաստատված չափաբաժիններին համաձայն:Սահմանված չափաբաժինների և մշակումների  թվի խախտում չի թույլատրվում կատարել.չափաքանակի գերազանցումը վնասում է  բույսը և հողը,իսկ պակաս լինելը` չի ազդում վնասակար  օրգանիզմների վրա:

·         Չափելն ու խառնելը պարտադիր իրականացնել ձեռնոցներով,երբեք չգործել  անպաշտպան ձեռքերով:

·         Առավել վտանգավոր թունաքիմիկատների չափման ժամանակ ձեռնոցներից  բացի կիրառել  նաև այլ պաշտպանության միջոցներ` դիմակ,ակնոց,գոգնոց և այլն:

·         Չափելն իրականացնել համապատսխան չափիչների,իսկ խառնելը` փայտիկի միջոցով,աշխատել զգույշ,խուսափելով թափելուց կամ ցրելուց:

·         Թունաքիմիկատների (հատիկավորված,փոշի,լուծույթներ, խտացրած գազեր) ներմուծումը թույլատրվում է միայն   հատուկ սարքավորումների` շալակի ձողով  սրսկիչներ(  ֆումիգատորների և ապլիկատորների) միջոցով:Դրանք լինում են մեխանիկական, մարտկոցավոր կամ մոտորային ( աշխատում են բենզինով):

·         Սրսկումից առաջ անհրաժեշտ է  ստուգել բոլոր սարքավորումների վիճակը,  չի կարելի  օգտագործել ծորացող  կամ գերլիցքավորված սարքավորումներ:

·         Պետք  է կարգավորել ցրող հարմարանքի աշխատանքը բանվորական լուծույթի ծախսի նորմայի համաձայն` սրսկիչը ջրով լցնելու  և փորձնական մշակում  կատարելու միջոցով:

·         Պետք է խուսափել ավելների և խոզանակների օգտագործումից , անհրաժեշտ է օգտվել  երկար ձող ունեցող սրսկիչներից,որպեսզի լուծույթի կաթիլները չընկնեն մաշկի,աչքերի և շնչառական օրգանների վրա:

·         Սրսկիչների լիցքավորումը իրականացնել բացօթյա պայմաններում,ոչ  քամոտ եղանակին,բնակելի տներից և կենդանիներից ոչ պակաս,քան 200մ հեռավորության վրա:

·         Թունաքիմիկատներով մշակումը ցանկալի է կատարել միայն առավոտյան մինչև ժամը 10:00 և երեկոյան 18:00 հետո, օդի համեմատաբար ցածր ջերմաստիճանի,արևի նվազ ճառագայթման և  օդի նվազագույն հոսանքի պայմաններում:Ամպամած եղանակին այդ  աշխատանքները կարող են կատարվել նաև ցերեկային ժամերին:

·         Ցանկալի է թունաքիմիակտներով աշխատել մեկ ժամից ոչ ավել:

·         Թունաքիմիկատներով մշակումը կատարելիս պետք է անպայման ուշադրություն դարձնել օրվա եղանակին,հատկապես քամուն, ինչը կարող է անիմաստ դարձնել մշակումը` հեռացնելով  թուանքիմիկատը նպատակային վայրից,և անձրևից ,երբ որոշ նյութեր  հեշտությամբ լվացվում են անջրևաջրով:

·         Ջերմատներում թունաքիմիկատներով մշակումը պետք է  իրականացնել բոլոր մնացած աշխատանքների ավարտից հետո, ջերմատունը պետք է կողպեքով փակել և կախել նախազգուշական  ցուցանակ:

·         Թունաքիմիկատներն անհրաժեշտ է հատուկ զգուշությամբ կիրառել  այն  վայրերում,որտեղ մարդիկ կան, հատկապես կանայք և երեխաներ քանի որ նրանց վրա կարող են  ազդեցություն գործել նաև այն  թունաքիմիկատները,որոնք անվտանգ  են չափահաս տղամարդու համար:Այդ նպատակով պետք է  ուշադիր  հետևել ցրվող նյութի ուղղությանը:

·         Անհրաժեշտ է հետևել որպեսզի մարդիկ կամ կենդանիները մուտք չգործեն դաշտ կամ ջերմատուն թունանյութերի կիրառումից  անմիջապես հետո` մինչև տվյալ թունաքիմիկատի համար  նախատեսված սպասման ժամկետի ավարտը:Այդ նպատակով  պետք է նախազգուշական նշաններով նշել թունաքիմիկատով մշակված տարածքը:

·         Թունաքիմիկատների հետ կատարվող աշխատանքների վայրերում չի թույլատրվում պահել սննդամթերք, խմելու ջուր,անասնակեր և տնային գործածման առարկաներ:

·         Չի կարելի մշտապես օգտագործել միևնույն նյութերը/ պատրաստուկները կամ նույն դասին պատկանող նյութերը/ պատրաստուկները,քանի որ վնասակար օրգանիզմները հարմարվում են դրանց:Ավելի լավ արդյունքի հասնելու համար պետք է պարբերաբար փոխել թունքիմիկատները:

Անհատական պաշտպանիչ միջոցներ

Օրգանիզմը շնչառական օրգանների,մաշկի,լորձաթաղանթի միջոցով թունաքիմիկատների ներթափանցումից պաշտպանելու համար թունաքիմիկատների հետ տարվող աշխատանքը պետք է իրականացնել անհատական պաշտպանության միջոցներով,քիմիական նյութերի նկատմամբ կայուն ձեռնոցներ,շնչադիմակ կամ հակագազ` ածխային ֆիլտրով,ցողարկման համար նախատեսված թեթև  արտահագուստ /գոգնոց,հատուկ երկարաճիտ կոշիկներ,պաշտպանիչ ակնոցներ/:

·         Աշխատանքի ընթացքում անձնական պաշտպանության միջոցներ կրելը դեռ բավարար չէ:Անհրաժեշտ է նաև պահպանել անձնական հիգիենան:

·         Թունաքիմիկատների հետ աշխատանքի ժամանակ չի  կարելի սնունդ ընդունել,խմել,ծխել, հանել անհատական պաշտպանիչ միջոցները:

·         Աշխատանքային ընդմիջման ժամանակ ուտելուց,խմելուց կամ ծխելուց առաջ անհրաժեշտ է ձեռքերն ու դեմքը օճառով լվանալ:

·         Սննդի ընդունման և հագուստի տեղը կազմակերպվում է անվտանգ հեռավորության վրա:

·         Աշխատանքներն ավարտելուց հետո պաշտպանիչ  միջոցները ենթակա են մաքրման:Չհանելով ձեռքներից` լվանալ ռետինե ձեռնոցները նախ վնասազերծող միջոցներով (կալցինացված սոդայի 3-5% լուծույթ,կրակաթ),ապա` ջրով և  տնեսական օճառով,հետո հանել պաշտպանիչ ակնոցները,շնչադիմակը,կոշիկները և կոմբինեզոնը,նորից լվանալ վնասազերծող լուծույթով և ջրով,որից  հետո հանել նաև ձեռնոցները:Շնչադիմակների և  հակագազերի դիմային մասերը ախտահանում  են 0.5% -ոց կալիումի պերմանգանատի  լուծույթի (մարգանցովկա) կամ սպիրտի մեջ թաթախված բամբակի  տամպոնով:Գործիքների լվացման համար ջրին ավելացնում են քացախ կամ  օգտագործում են  օճառաաղային լուծույթ:

·         Ձեռնոցները լվանալ հանելուց առաջ:Աշխատել չդիպչել հանված  ձեռնոցներին անգամ եթե դրանք արտաքինից մաքուր են թվում:Հնարավոր է  ձեռնոցները դեռ իրենց վրա թունավոր նյութի մնացորդներ ունենան:

·         Չի կարելի արտահագուստը և հատուկ կոշիկները հագնել աշխատանքից հետո:Այն պետք է պահել մնացած հագուստներից  առանձին:

·         Չի  կարելի  անձնական  պաշտպանության  միջոցները  պահել թունանյութերի կողքին:

·         Աշխատանքներն ավատելուց հետո  պետք  է նորից հիմնովին լվացվել, բերանը ողողել:

Փոխադրում, պահեստավորում և պահպանում

 Տնային տնտեսության պայմաններում թունաքիմիկատները պետք է պահել դրանց  համար հատուկ նախատեսված ապահով,չոր  տեղում` առանձին պահարաններում, հեռացնելով կրակից ու արևի ուղիղ  ճառագայթներից,ինչպես նաև հեռու տնտեսության բնակելի մասից,ցանկալի է փակի  տակ:

·         Թունանյութի տարայի բացման համար արգելվում է օգտագործել կայծ առաջացնող գործիքներ և հարմարանքներ:Պահպանման   վայրում  ագելվում  է  ծխելը  և   բաց   կրակից օգտվելը, ցանկալի է ունեալ    հակահրդեհային   միջոցներ (արկղերով հող կամ ավազ):

·         Հեղուկ և փոշենման(հատիկավորված,փոշի) պատրաստուկները պետք է պահել  առանձին ( տարբեր դարակաշարերում):

·         Թունաքիմիկատները պետք  է միշտ պահել իրենց սկզբնական տարայի մեջ` հետևելով տարայի  ամբողջականությանը,դրա խախտման դեպքում   պատրաստուկները անմիջապես վերցնել  պիտակավորված հատուկ տարայի մեջ:

·         Արգելվում է պահել թունաքիմիկատները կամ դրանցով մշակված  սերմերը սննդամթերքի հետ նույն տեղում կամ  թունաքիմիկատներից հետո այդ նույն տարածքը օգտագործել սննդամթերքի,  անասնակերի,տնտեսական և կենցաղային նշանակության տարբեր  առարկաների պահպանման համար:

·         Չի կարելի պահել թունաքիմիկատները սովորաբար ըմպելիքների համար  նախատեսված շշերի մեջ կամ սննդի տուփերի մեջ` բացառելու համար սննդի փոխարեն դրանց սխալմամբ  օգտագործումը:

·         Արգելվում է թունաքիմիկատները,սարքավորումներն ու հատուկ հանդերձանքը  թողնել չփակված,առանց հսկողության կամ բաց երկնքի  տակ:

·         Թունաքիմիկատները պետք է պահել երեխաներից հեռու,երբեք թույլ չտալ նրանց  մասնակցել կիրառման  աշխատանքներին կամ գտնվել նույն վայրում:


To top