< ՀԵՐԹԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ ԳՈՇ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
01.03.2016 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Տավուշի ԳԱՄԿ)
Ըստ Տավուշի ԳԱՄԿ

ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐԻ ԷՏ


 Ագրոտեխնիկական միջոցառումների շարքում  էտը հանդիսանում   է կարևորագույն աշխատանքներից մեկը:

 Էտի նպատակը պտղատու ծառերի աճեցողության ու պտղաբերության նպատակադիր  կարգավորումն է և պատկանում է ծառերի վրա ուժեղ ներգործություն ունեցող ագրոմիջոցառումների շարքին:

 Էտի միջոցով ձևավորում, ստեղծվում են ամուր կմախքով, համահավաք սաղարթով ծառեր, բարելավվում օդափոխության և լուսավորության պայմանները, դյուրացնում  ծառերի խնամքի և մշակության աշխատանքները: Երիտասարդ ծառերի չափավոր և ճիշտ էտի միջոցով կարելի է արագացնել պտղաբերության անցնելու ժամկետը:

 Էտն իրականացվում է երկու եղանակով՝ կարճացումով և նոսրացումով, որոնք սովորաբար արվում են միաժամանակ, կամ առանձին- առանձին:Կարճացնելիս    հեռացվում է ճյուղի և շվի երկարության որոշ  մասը, այն լինում է թույլ, միջին և ուժեղ: Նոսրացնելիս   հեռացվում են ճյուղը կամ շիվը, չորացած, թույլ, հիվանդ, սաղարթը խտացնող, մեկը, մյուսին խանգարող, կախ ընկած աճերը: Նոսրացումը նույնպես կատարվում  է թույլչափավոր կամ ուժեղ:

  Էտի ժամկետը: Հանգստի  շրջանում սննդանյութերի մեծ մասը կուտակվում է բույսի արմատնեում, բնի և հիմնական ճյուղերի հիմքի մասերում:Հետևաբար, որպեսզի  սննդանյութերի կորուստ չլինի, ծառերը էտվում են  տերևաթափից 20 օր հետո՝ բույսերի խորը հանգստի շրջանում:

 Ուժեղ  սառնամանիքների դեպքում էտի աշխատանքները դադարեցվում են:Միայն Նոյեմբերյանի, Իջևանի տարածաշրջաններում  կարելի  է կատարել էտ ամբողջ ձմռան ընթացքում: Սովորաբար էտը կատարվում է վաղ գարնանը, մինչև բողբոջների ուռչելը:Առաջին հերթին, պետք է էտել ցրտադիմացկուն պտղատեսակները  աստիճանաբար անցնելով համեմատաբար թույլ դիմացկունություն ունեցողներին: Դրանք են խնձորենին, սալորենին, տանձենին, բալենին, իսկ ապա՝ ծիրանենին, կեռասենին, սերկևիլենին և դեղձենին:

 Ամառային կամ կանաչ էտ է կիրառվում, երբ շվերի աճը կազմում է 25-30սմ:Կանաչ էտի նպատակն է՝ կարգավորել ծառերի աճը, նպաստել մեծ թվով աճակալող և պտղաբերող ճյուղերի առաջացմանը: Կանաչ էտի ժամանակ  հիմքից հեռացվում են կենտրոնական և կմախքային ճյուղերի մրցակից աճերը, դեպի սաղարթի ներսը գնացող ինչպես նաև կմախքային ճյուղերի վրա ուղղահայաց աճող   ուժեղ շվերը, բնի հիմքից առաջացած մացառներն ու բնի  վրայի ճյուղերը:

 Երիտասարդ ծառերի էտը: Երիտասարդ հասակում էտի հիմնական նպատակը ծառերի ձևավորումն է: Ծառերի կյանքի սկզբնական շրջանում ուժեղ էտը, առանձնապես  շվերի խորը կարճացումը, նպաստում է աճի ուժեղացմանը, հետաձգում պտղաբերող ճյուղերի առաջացումն ու պտղաբերության շրջանի թևակոխումը: Այդ նպատակով երիտասարդ ծառերի էտը հնարավորության սահմաններում պետք է կատարել չափավոր: Ճյուղերի կարճացման հետ կատարվում է նաև նոսրացում, հեռացվում են սաղարթը խտացնող, մեկը մյուսի աճին  խանգարող և սուր անկյան տակ աճող ճյուղերը: Ձևավորման տարիներին, երբ շվերի աճը հասնում է 40-50սմ-ի, կատարվում են ծերատումն ու նոսրացումը, իսկ մինչև 35-40սմ աճ ունեցողները չեն ծերատվում: Հայտնի է, որ կորիզավոր պտղատեսակներն առավելապես պտղաբերում են միամյա աճերի վրա, և դրանց կարճացումը բացասաբար է անդրադառնում բերքատվության վրա: Այդ նկատառումով էլ հիմնականում կիրառվում է նոսրացնող էտ, իսկ 40-45սմից բարձր աճերը կարճացվում են 1/4 - 1/3-ի   չափով:

 Կմախքային և դրանց վրա առաջացած մյուս կարգի ճյուղերի էտը կատարվում է այն հաշվով, որպեսզի պահպանվի կենտրոնական ուղեկցողի իշխող դիրքը, և ապահովվի մյուս կարգի ճյուղերի ենթարկվածությունը մեկը մյուսին:

  Պտղաբերող ծառերի էտը:  Բերքատվության սկզբնական շրջանում, երբ դեռևս ծառերի աճն ուժեղ է, հիմնականում կիրառվում է 40-45սմ բարձր աճ ունեցող շվերի կարճացում՝ 1/4-1/3-ի չափով, ինչպես նաև նոսրացում: Երբ աճն աստիճանաբար սկսում է թուլանալ՝ հասնելով 30-35սմ-ի, անհրաժեշտ է շվերի  կարճացումը դադարեցնել և կիրառել միայն նոսրացում:Երբ աճը կրկին սկսում է թուլանալ և հասնում է 15-20սմ-ի, կատարել շվերի և ճյուղերի կարճացում՝ նպաստելով աճի ուժեղացմանն ու նոր պտղաճյուղերի առաջացմանը:

  Ինչպես հայտնի է, էտի եղանակը և կիրառման աստիճանը, մեծ չափով կախված են  տեսակի և սորտի կենսաբանական առանձնահատկություններից: Մեր  մարզում լայն տարածում ունի   դեղձենին , որն  աչքի  է  ընկնում ճյուղառաջացման մեծ  ունակությամբ և ուժեղ աճեցողությամբ: Իսկ  քանի որ   դեղձենին լուսասեր և ջերմասեր է, հետևաբար   էտը պետք է նպատակամղվի լուսային և ջերմային պայմանների  կարգավորմանը: Այդ նպատակով կիրառվում  է համեմատաբար ուժեղ նոսրացում, իսկ կարճացումը կատարվում է  չափավոր կամ թույլ՝ ելնելով ծառերի առողջական վիճակից:

 Հնդավորներն, ըստ ճյուղավորման բնույթի, աճի և պտղաբերման հատկությունների, բաժանվում են մի քանի խմբերի: Առաջին խումբը աչքի է ընկնում ճյուղառաջացման մեծ ունակությամբ և ուժեղ աճով: Այդ սորտերը գլխավորապես պետք է նոսրացնել, իսկ ձևավորման շրջանում նաև կարճացնել: Սաղարթը ձևավորելուց հետո հիմնականում պետք է նոսրացնել, իսկ երբ ծառերի աճն սկսում է թուլանալ, ուժեղացնել շվերի և ճյուղերի կարճացումը:

 Երկրորդ խումբն օժտված է ճյուղառաջացման միջին ունակությամբ և աճով: Նման սորտերը պետք է կարճացնել և նոսրացնել չափավոր, իսկ լրիվ պտղաբերման շրջանում ուժեղացնել կարճացումը՝ աճը վերականգնելու և նոր պտղաճյուղեր առաջացնելու  նպատակով:

 Երրորդ խումբը բնորոշվում  է   ճյուղառաջացման միջին ունակությամբ և համեմաբար թույլ աճեցողությամբ: Նման սորտերը պահանջում են միջին նոսրացում և ուժեղ կարճացում: Պտղաբերման պարբերականությունը, որը ցայտուն արտահայտվում է հնդավորների, մասնավորապես՝ խնձորենու մոտ, թուլացնելու   համար պետք է  ուժեղ բերքի տարում թույլ էտել, իսկ նվազ բերքի տարում կատարել ուժեղ էտ՝ վեգետատիվ աճին նպաստելու նպատակով:

 Մեծահասակ ծառերի էտը:  Կապված հասակի հետ, ծառերի սաղարթը ձգվում է վեր, մերկանում են կմախքային ճյուղերը, կրճատվում ասիմիլացիոն և պտղաբերող մակերեսը, պտղաբերությունը հիմնականում կենտրոնանում է սաղարթի  ծայրամասերում, չորանում են ճյուղերը, թուլանում են ծառի աճն ու բերքատվությունը: Այս դեպքում պահանջվում է երիտասարդացնող էտ, որը լինում է թույլ, չափավոր և ուժեղ:

 Թույլ էտի ժամանակ կմախքային և կիսակմախքային ճյուղերը կարճացվում են 2-3 տարեկան բնափայտի վրա, նոսրացվում են չորացած, հիվանդ և թույլ ճյուղերը, իսկ վնասվածները հեռացվում  հիմքից կամ մինչև առողջ մասը:

 Չափավոր երիտասարդացնող էտի ժամանակ ճյուղերը կարճացվում են 4-6 տարեկան բնափայտի մոտից: Հատկապես լավ արդյունք է ստացվում, երբ ճյուղերը  կարճացվում են վերջին բնականոն աճի(35-40սմ) մոտից: Նոսրացումը կատարվում է  այնպես, ինչպես թույլ  երիտասարդացնող էտի ժամանակ: Ներկայումս խորհուրդ  չի տրվում ուժեղ երիտասարդացնող էտ կատարել, նպատակահարմար  է ծերացած ծառերը քանդել տեղում հիմնելով նորերը: Ծառերի երիտասարդացնող  էտի ժամանակ պետք է ուժեղացնել այգու հողի մշակության, ոռոգման և պարարտացման աշխատանքները, հակառակ պարագայում, այն կբերի բացասական հետևանքների:


To top