< ՀԵՐԹԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ ԳՈՇ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
01.03.2016 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Տավուշի ԳԱՄԿ)
Ըստ Տավուշի ԳԱՄԿ

ԿԱՐՏՈՖԻԼԻ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ԱԳՐՈՏԵԽՆԻԿԱՆ


 Կարտոֆիլը, որպես պարենային, տեխնիկական և կերային մշակաբույս,համարվում է` ինչպես ժողովուրդն է ասում,<երկրորդ  հաց>: Լինելով շարահերկ  մշակաբույս, կարտոֆիլը դաշտը մաքրում է մոլախոտերից և բարձրացնում հաջորդ մշակաբույսի բերքատվությունը:Կարտոֆիլը լավ է աճում թույլ թթվային հողերում՝ PH -5-6:

 Կարտոֆիլի բերքատվության  բարձրացման հարցում կարևոր տեղ է հատկացվում հողի ընտրությանը և մշակությանը:

 Ցանքաշրջանառության մեջ կարտոֆիլի համար լավ նախորդներ են համարվում բազմամյա խոտաբույսերը, բանջարանոցային, հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերը:

 Ցանքատարածությունների համար ընտրել բերրի, հզոր վարելաշերտ ունեցող, փուխր, թեթև ավազակավային հողեր, ուր ստեղծվում են նպաստավոր պայմաններ պալարների արագ ծլման ու զարգացման համար:

 Կարտոֆիլին հատկացվող հողամասի մշակությունը պետք է սկսել նախորդ մշակաբույսի բերքահավաքից անմիջապես հետո: Եթե կարտոֆիլի նախորդը հացահատիկային մշակաբույսեր են, դրանց  բերքահավաքից անմիջապես հետո  պետք է  կատարել  խոզանի երեսվար՝ 5-6 սմ խորությամբ: Դա անհրաժեշտ է հողի մակերեսին փուխր շերտ ստեղծելու, հողի մակերեսից  ջրագոլորշիացումը կանխելու, մոլախոտերի սերմերի ծլման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարելու համար:Խոզանի երեսվարից  20-25 օր հետո  պետք է կատարել  խոր վար:

 Շարահերկ մշակաբույսերից ազատված հողերում՝ բերքահավաքից անմիջապես հետո, պետք է կատարել ցրտահերկ:

 Բազմամյա խոտաբույսերից ազատված դաշտը  պետք  է վարել վաղ աշնանը, նախագութանիկ ունեցող գութաններով, ինչը  նպաստում է ճմուտը կտրելուն: Եթե այս կամ այլ  պառճառներով աշնանը ցրտահերկ չի կատարվել, ապա գարնանը պետք է պարարտացնել և կատարել խոր վար: Ցրտահերկի և գարնան վարի խորությունը հզոր վարելաշերտ ունեցող հողերում  պետք է լինի 25-30սմ, իսկ թույլ հզորության հողերում՝  ոչ պակաս 22-25սմ:

  Ցրտահերկ կատարված դաշտերում ավելի շատ խոնավություն կուտակելու համար, հատկապես անջրդի պայմաններում, անհրաժեշտ է կատարել ձյան կուտակման միջոցառումներ (ձնաթմբերի կամ ձնապատնեշների ստեղծում և այլն): Հողի  նախատնկումային մշակության աշխատանքները պետք է սկսել վաղ գարնանը, դաշտ դուրս  գալու առաջին իսկ հնարավորության դեպքում:

  Գարնանը ծանր մեխանիկական  կազմ ունեցող հողերը սեփական ծանրության և մթնոլորտային տեղումների  հետևանքով լինում են պինդ և կեղևակալած: Նման  հողերում պետք  է կատարել կրկնավար՝ 12-14սմ: Թեթև հողերում գարնանը տնկման ժամկետն  արագացնելու  նպատակով՝ կրկնավարի փոխարեն կարելի է կատարել փխրեցում, իսկ տնկման  նախօրյակին՝ փոցխում:

 Ակոսների միջշարային տարածությունը պետք է ընտրել այն հաշվով, որ համապատասխանի կարտոֆիլի տնկման սխեմային:

 Կարտոֆիլը մեծ պահանջ ունի սննդանյութերի նկատմամբ՝ հատկապես օրգանական, որոնք բարելավում են հողի ֆիզիկական վիճակը և ապահովում բույսի պահանջն անհրաժեշտ սննդանյութերով:

 Անջրդի պայմաններում պետք է հող մտցնել 30-40տ/հա գոմաղբ, իսկ ջրովի  տարածություններում 40-45տ/հա ծանր կավաավազային, հումուսով աղքատ հողերում 50-60տ/հա ,բոլոր դեպքերում օգտագործել փտած կամ կիսափտած գոմաղբ: Լավ արդյունք է տալիս պարարտացումը մոխիրով( 15-20ց/հա) և կենսահումուսով(3-4տ/հա):

 Հանքային պարարտանյութերից հիմնականում օգտագործում են ազոտական ( ամոնիակային սելիտրա), ֆոսֆորական (սուպերֆոսֆատ), կալիումական ( կալիումի քլորիդ) պարարտանյութերը: Պարարտանյութերի չափաքանակները որոշելիս պետք է  նկատի ունենալ  հողակլիմայական պայմանները, նախորդները և այլն:Լեռնային,նախալեռնային գոտիների անջրդի պայմաններում խորհուրդ է տրվում հող մտցնել ամոնիակային սելիտրա հեկտարի հաշով 150-200, սուպերֆոսֆատ՝ 300-600, կալիումական աղ՝ 100-200 կիլոգրամ: Կարտոֆիլի դաշտը պարարտացնելիս պետք է հաշվի առնել, որ ազոտական պարարտանյութերի բարձր չափաքանակները, մասնավորապես դրանց միակողմանի օգտագործումը բացասաբար են  ազդում բույսերի վրա, պալարներում պակասում է օսլայի պարունակությունը, վատանում է  համային որակը, բույսերը հիվանդությունների նկատմամբ կորցնում են իրենց դիմադրողականությունը և ամենակարևորը՝ ընկնում են տնկանյութի սերմային  հատկությունները:

 Օրգանական և քլոր պարունակող կալիումական պարարտանյութերի լրիվ  չափաքանակը  և ֆոսֆորականի 2/3մասը հող պետք է մտցնել խոր վարի տակ՝ աշնանը, ֆոսֆորականի  մնացած 1/3 և ազոտականի1/3 –ը նախացանքային մշակության կամ կարտոֆիլի տնկման ժամանակ:Ազոտական պարարտանյութերի2/3-ը անհրաժեշտ է  տալ սնուցման կարգով, առաջին միջշարային մշակության ժամանակ:

 Գարնանը, մինչև կարտոֆիլի տնկման աշխատանքներն սկսելըանհրաժեշտ է  տնկանյութը փռել օդաթափանց, լուսավոր շենքերում՝ փայտյա դարակների վրա, բարակ շերտով, ցամաքեցնելու և լուսակոփելու համար: Միևնույն ժամանակ պետք է  տեսակավորել, հեռացնել բոլոր նեխած, վնասված, հիվանդություններով ու  վնասատուներով վարակված, բարակ ծիլեր ունեցող պալարները և դրանց վրայի երկար ծիլերը:

 Կարտոֆիլի տնկման նախապատրաստման կարևոր եղանակներից է տնկանյութի ծլեցումը լուսավոր պայմաններում, ինչն  արագացնում է պալարների ծիլերի հանդես գալը, պալարակազմակերպումը, նպաստում է բերքատվության բարձրացմանը: Տնկանյութի պակասը լրացնելու նպատակով կարելի է օգտագործել խոշոր  պալարները, որոնք տնկումից առաջ պետք է բաժանել 2կամ 4մասի, այն հաշվով, որ յուրաքանչյուր հատվածի վրա լինեն հավասար քանակությամբ բողբոջներ: Որպեսզի կտրված պալարները հողում չնեխեն, անհրաժեշտ է կտրելուց հետո դրանք փոշոտել ՏՄՏԴ-ով կամ փայտի մոխիրով:

 Կարտոֆիլի տնկման համար անհրաժեշտ է օգտագործել սորտային բարձր բերքատու, առողջ պալարներ: Տնկումը պետք է սկսել որքան հնարավոր է վաղ ժամկետում, երբ հողի 10-12սմ խորության վրա ջերմաստիճանը հասանում է 7-8 աստիճանի կամ հողի քեշի վիճակում: Կարտոֆիլի տնկման լավագույն ժամկետը  համարվում է մայիսի  վերջը, ապրիլի առաջին տասնօրյակը:

 Տնկումը կարտոֆիլատնկիչ մեքենաներով կատարելու դեպքում  կարտոֆիլի տնկման սխեման պետք է լինի վաղահաս սորտերի համար 70x20-22սմ, ուշահասների համար՝ 70x28-30, որի դեպքում մեկ հեկտարի հաշվով  ապահովվում էհամապատասխանաբար՝ 60-70 և 45-50 հազար բույս:

  Փոքր, ոչ մեքենահարմար հողակտորներում կարտոֆիլի տնկումը բահով կատարելու դեպքում պալարները պետք է փռել ուղիղ շարքերով՝ 60-70սմ, իսկ պալարները՝ 20-25սմ հեռավորությամբ և ծածկել 6-8սմ հողաշերտով;Կարելի է նաև բահով հանել առաջին ակոսը, որի մեջ շարել պալարները, այնուհետև երկրորդ ակոսից հանված հողը լցնել առաջին ակոսի պալարների վրա: Խոնավությամբ ապահովված կավավազային հողերում կարտոֆիլը պետք է տնկել 6-8, իսկ  ավազակավային, շուտ չորացող հողերում 8-10սմ խորությամբ: Տնկանյութի պահանջը կախված է բույսերի խորությունից և տնկանյութի կշռից կազմում   է 3.4-4.0տ/հա:

 Կարտոֆիլի դաշտը վեգետացիայի ընթացքում պետք է պահել փուխր և մոլախոտերից զերծ վիճակում: Մինչև ծիլերի երևալը, հողի կեղևը ջարդելու և մոլախոտերի ծիլերը ոչնչացնելու նպատակով, անհրաժեշտ է փոցխել տրակտորային փոցխով, իսկ փոքր, ոչ մեքենայահարմար հողակտորներինը՝ ձեռքի փոցխերով: Եթե, մինչև կարտոֆիլի ծիլերի երևալն  անձրև է տեղացել և հողը կեղևակալել  է, անհրաժեշտ է փոցխումը կրկնել:

 Միջշարային տարածությունների առաջին փխրեցումը պետք է կատարել  կարտոֆիլի բույսերի երևալուց անմիջապես հետո, երբ դրանց բարձրությունը հասնում է 5-8սմ, իսկ երկրորդը՝ առաջինից 7-10օր հետո:

 Խոնավությամբ ապահովված ծանր հողերում երկրորդ փխրեցումը փոխարինվում է բուկլիցով, իսկ բույսերի շարքերի միակցումից առաջ կատարվում է  երրորդ բուկլիցը: Թեթև հողերում և չորային պայմաններում կատարվում է  կուլտիվացիա,անհրաժեշտության դեպքում երրորդ կուլտիվացիա: Փոքր, ոչ մեքենահարմար  տարածություներում կարտոֆիլի միջշարային փխրեցումը նպատակահարմար է  կատարել երկու անգամ բահով, որից հետո բուկլից: Լեռնային և նախալեռնային  գոտիների ջրովի տարածություներում կարտոֆիլը պետք է ջրել 3-4 անգամ (1-ինը՝ մինչև կոկոնակալումը, 2-րդ և 3-րդ անգամ՝ կոկոնակալման և ծաղկման փուլերում, 4-րդը՝ ծաղկումից մինչև բերքահավաքը):

 Բերքահավաքն  սկսում են այն ժամանակ, երբ փրերը չորանում են, պալարները հասունացել են և հեշտությամբ անջատվում են ընձյուղներից: Բերքահավաքը պետք է  կատարել չոր եղանակին և ավարտել մինչև կայուն ցրտերի սկսվելը:Այն տարածություններում, որտեղ փրերը առողջ են, բերքահավաքից 3-4 օր առաջ պետք է հնձել:

 Կարտոֆիլի  տնկանյութի աճեցումը

  Կարտոֆիլը, լինելով վեգետատիվ եղանակով բազմացող մշակաբույս, արտաքին անբարենպաստ գործոնների ազդեցությամբ կորցնում է իր սորտային և սերմային հատկությունները, վարակվում սնկային և այլ հիվանդություններով, որոնք պալարների միջոցով փոխանցվում են սերունդներին: Որքան շատ են տնկանյութի  վերարտադրության տարիները,այնքան տվյալ գոտում ուժեղանում են նշված բացասական երևույթները, որոնք հագեցնում են կարտոֆիլի տնկանյութի այլասերմանը:

 Տնկանյութի սորտային և սերմային հատկությունները պահպանելու համար անհրաժեշտ է այն  պարբերաբար փոխել բարձր վերարտադրության տնկանյութով:

  Սերմադաշտերը անհրաժեշտ է տեղադրել բերրի, ջրով ապահովված դաշտերում, որտեղ ամենաքիչը 4տարի կարտոֆիլ չի մշակվել: Սերմադաշտը պետք է պարարտացնել օրգանական պարարտանյութերով(փտած գոմաղբ, կենսահումուս): Սերմացու պալարների ելը ապահովելու համար  սերմադաշտում պետք է տնկել ավելի խիտ՝ 60-70հազար բույս, մեկ հեկտարի հաշվով:

 Պալարները տնկելուց 20-25օր առաջ պետք է ծլեցման դնել լուսավոր, 10-14 աստիճան ջերմաստիճանի և 80-90% հարաբերական խոնավության պայմաններում: Նշված միջոցառման շնորհիվ խոտանվում են չծլած և այլասերված պալարները, որի արդյունքում ստացվում է լիարժեք բույսերով սերմադաշտ: Վեգետացիայի ընթացքում  սերմադաշտերում պետք է երեք անգամ կատարել սորտային քաղհան՝ծլման,ծաղկման փուլերում և փրերը չորացնելուց առաջ: Քաղհանների ժամանակ անհրաժեշտ է դաշտից հեռացնել այլ սորտերի խառնուրդները, իսկ սև ոտիկով վարակված, օղակաձև փտումից թառամած, գաճաճ և թերաճ, ինչպես նաև վիրուսային հիանդություններով վարակված բույսերը դաշտից զգուշությամբ հեռացնել համապատասխան տարաներով և այրել:

 Տնկանյութի որակի պահպանման և բերալավման գործում կարևոր միջոցառում է  սերմադաշտի վաղ բերքահավաքը: Այդ նպատակով, բույսերի ծաղկումից 25-30օր  հետո անհրաժեշտ է հեռացնել փրերը, իսկ մեկ շաբաթ անց կատարել բերքահավաք: Վաղ բերքահավաքից ստացված տնկանյութը նախօրոք ենթարկել լուսային կոփման, ցրված լույսի պայմաններում կանաչեցման` 10-15 օր տևողությամբ և դնել պահպանության:

 Սովորաբար, կարտոֆիլի սերմադաշտերում առկա է սորտային բազմազանություն, ոչ բոլոր բույսերն են միատեսակ զարգացած, առողջ և բերքատու: Ուստի տնկանյութի համար կարևոր է ընտրել տվյալ սորտին պատկանող առողջ և լավ զարգացած  բույսերի պալարները, այսինքն, կատարել բարելավող ընտրություն: Այդ նպատակով ծաղկման փուլում, ընտրում և նշում են տվյալ սորտին տիպիկ, առողջ, հզոր աճող բույսեր: Նշված բույսերը մինչև բերքահավաքը ևս ստուգում են, քանի որ դրանց  վրա կարող են առաջանալ հիվանդության նշաններ: Բերքահավաքի ժամանակ կատարում են լրացուցիչ ընտրություն, ըստ թփի պալարների բերքի և առողջության: Այդ ընթացքում խոտանվում են ցածր բերքատու՝ ըստ խոշորության և ձևի, ինչպես նաև հիվանդ պալարներ ունեցող թփերը:

 Սերմի համար թողնում են առավել բերքատու, առողջ, համահավասար թփերը, որոնցից 60-80գր զանգված ունեցող պալարները: Սերմերն առավել հուսալի պահպանելու համար բերքահավաքից հետո անհրաժեշտ է պալարները կանաչեցնել, որի շնորհիվ, պահպանության ընթացքում քիչ են վարակվում հիվանդություններով:

 Եթե տնկանյութը քիչ է և անհրաժեշտ է այն արագորեն բազմացնել, ապա դա կարելի է կատարել սածիլներով: Այդ նպատակով պալարները ծլեցնում են լուսավոր պայմաններում, այնուհետև տեղադրում ջերմոցային շրջանակի տակ, ծածկում՝ 1-2սմ տորֆի կամ կենսահումուսի շերտով: Ջերմաստիճանը շրջանակի տակ պետք է լինի 16-20 աստիճան:

 Երկու, երեք շաբաթից հետո, երբ ծիլերը հասնում են 6-8սմ բարձրության, բաժանում են պալարներից և տնկում մշտական տեղում, 60-70x25-30սմ սխեմայով:


To top