< ՀԵՐԹԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ ԳՈՇ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
01.03.2016 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Տավուշի ԳԱՄԿ)

ԽԱՂՈՂԻ ՎԱԶԻ ԷՏԸ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ


   Խաղողի այգու նորմալ աճը, զարգացումն ու բարձր բերքատվությունն  ապահովելու հիմնական պայմաններն  ագրոտեխնիկական  և ֆիտոտեխնիկական միջոցառումների  որակով ու ժամանակին  կատարումն են:

   Խաղողի  այգում կատարվող հիմնական աշխատանքներն են

1.Վազերի էտը  (հատում) ու ձևավորումը

2.Վազերի հենակավորումը (լարային այգում շպալերայի հիմնում):

3.Կանաչ հատումները (հատկապես շվատումը):

4.Այգու հողի մշակումը

5.Այգու հողի պարարտացումը և սնուցումը

6.Այգու ոռոգումը

7.Վազի հիվանդությունների և վնասատուների դեմ  պայքարը

8.Խաղողի բերքահավաքը

  Վազերի  էտն  ու  ձևավորումը

Վազերի էտն  ամենակարևոր  ֆիտոտեխնիկական  միջոցառումներից մեկն է, որով  երիտասարդ վազերին տրվում է  որոշ ձև, իսկ բերքատու վազերից ամեն տարի  հեռացվում են` հատկապես միամյա մատերի, ինչպես նաև բազմամյա  մասերի (թև,ենթաթև ) մի մասըև վազը պահվում   տրված ձևավորման սահմաններում:

 Բերքատու վազերի էտի նպատակներն են`

ա/ բարձրացնել ստացվող բերքի որակը

բ/կանոնավորել վազերի ամենամյա աճը,որով կապահովվի բարձր ու կայուն  բերքատվություն

գ/հեշտացնել վազի նկատմամբ տարվող աշխատանքներըև պայմաններ ստեղծել աշխատատար գործողությունների  առավելագույն մեքենայացմանը համար, ինչպես նաև նվազեցնել հիվանդությունների և  վնասատուների զարգացմանը նպաստող  պայմանները:

   Վազի բեռնվածությունը

 Վազի աճի և բերքատվության վրա  մեծ չափով ազդում է   առկա  բերքատու մատերի և եղած աչքերի  քանակը,ինչն ընդունված է անվանել վազի բեռնվածություն աչքերով:

  Այս  ցուցանիշը  նախնական է  և հետագայում  ճշտվում է  վազի վրա  թողնված շվերի և ծաղկափթթությունների քանակով: Վազի բեռնվածությունը սահմանելիս պետք է հաշվի առնել  բնի բարձրությունը, հաստությունը,թևերի քանակը, դրանց երկարությունն  ու հաստությունը, սորտի և պտղաբերության  առանձնահատկությունները:

  Երբ վազը կարողությունից ավելի են ծանրաբեռնում, այդ դեպքում  շվերը շատ թույլ են աճում և ստացվում է  քիչ ու ցածրորակ բերք:

  Վազը թերբեռնելու դեպքում,շվերը  զորավոր են աճումտեղի է ունենում ծաղկավիժում և պտղավիժում: Մատերը լավ չեն փայտանում, վազը թուլանում է , քիչ է  բերք տալիս տվյալ և հաջորդ տարում:

  Բեռնվածությունը սահմանելիս հաշվի է առնվում վազի  վրա առկա միամյա մատերի աճը և փայտացման հասունացման վիճակը:

 Եթե  վազի վրա առկա են  լավ աճած մեծ  քանակությամբ հասունացած մատեր, ապա վազի բեռնվածությունը մեծացվում  է  (վազերի լավ մշակություն` պարարտացում, ոռոգում, բուժում և հարուստ հողերի պայմաններին), իսկ վատ մշակության պայմաններում  և աղքատ հողերում ավելի քիչ բեռնվածություն են տալիս:

  Օրինակ`  Հյուսիսարևելյան գոտում վազերի  Գյուոյի մեկ և երկթևանի, միջակ բնով (3-4 թև ունեցողհովհարանման սիստեմների դեպքում, ուժեղ աճ ունեցող սորտերի (Թավրիզենի, Կարդինալ, Բանանց և այլն ) վազերի վրա թողնում է  80-100  աչք, միջակ աճ ունեցող սորտերի ( Ռքածաթելի,Լալվարի, Սապերավի  և այլն ) վազերի վրա` 60-80 աչք, թույլ աճ ունեցողների (Պինո սև,Ալիգոտե և  այլն ) վրա` համապատասխանաբար 30-40աչք:

  Վազերին մեծ բեռնվածություն են տալիս  բարձրաբուն ձևավորումների ժամանակբակերում, ճանապարհների եզրերին մշակվող հզոր թարմային վազերին, որոնք ունեն բավականին մեծ սնման մակերես և զարգացնում են  մեծ ծավալի վերերկրյա սաղարթ:

  Էտի  երկարությունը

    Էտի երկարությունը բնորոշվում է  միամյա մատի (բերքատու և փոխարինող) վրա թողնված աչքերի  քանակով: ՀՀ տարբեր շրջաններում, կախված վազի  ձևավորման համակարգի և սորտի  առանձնահատկությունից, էտը կատարվում  է տարբեր երկարությամբ:

   Լարային այգիներում կատարում են համեմատաբար  երկար էտ` բերքատու մատերին թողնելով 6-12  աչք երկարություն իսկ փոխարինողներին 2-3 աչք:

    Ուժեղ աճ ունեցող սորտերի բերքատու մատերը, որոնք  ունեն երկար միջհանգույցներ,էտում են 6-10աչք, միջակ աճ ունեցողները,որոնք ունեն կարճ միջհանգույցներ  էտում են մինչև 12աչք, իսկ թույլ աճ ունեցողները էտում են 6-8 աչք երկարությամբ:

  Բոլոր դեպքերում վազի թևերի և ենթաթևերի վրա հիմքին մոտ աճած մատը թողնում են , որպես փոխարինող և էտում են 2-3 աչք երկարությամբ:

Էտի կատարման տեխնիկան  Էտը պետք է կատարել այգեգործական սուր մկրատով,իսկ բազմամյա  հաստ ճյուղավորումները հեռացնել սուր սղոցով:

 Էտի ժամանակ մկրատի կտրող (բարակ) լեզվակը պետք է ուղղված լինի դեպի մատի հիմքը, իսկ հաստ լեզվակը` դեպի  հեռացվող մասը,որպեսզի կտրվածքի մոտ ջարդվածքներ  չառաջանան  և  մատի  ծայրամասի  աչքը  չվնասվի:

  Բերքատվության համար պետք է ընտրել այնպիսի մատերը,որոնց վրա լավ են զարգացած աչքերը: Թևի վրա բերքատու և  փոխարինող մատերը պետք է լինեն տարբեր կողմերի վրա:

 

Պետք է ուշադիր լինել, որպեսզի փոխարինողի համար  ընտրված մատը հաջորդ էտի ժամանակ չգտնվի երկու կտրվածքների  (վերքերի) միջև: Այս դեպքում բազմամյա ճյուղերի (թևերի,ենթաթևերի) վրա կտրվածքները կլինեն մի կողմից և կհեշտանա հյութաշարժությունը վերգետնյա  օրգաններում:

  Փոխարինող մատը պետք է էտել երկու աչքի վրա, եթե նրա հիմքի առաջին հանգույցի աչքն  ուղղված է դեպի սաղարթի դուրսը,իսկ վերևինը` դեպի սաղարթի ներսը: Եթե փոխարինողի հիմքի  աչքն ուղղված է դեպի սաղարթի ներսը, ապա էտել երեք   աչք  երկարությամբ, որպեսզի ծայրամասի  աչքը գտնվի դեպի սաղարթի ներսըԲերքատու և փոխարինող մատերն այնպես պետք է էտել, որ կտրվածքը լինի հարթ և աչքին հակառակ ուղղությամբ` աչքի  կողմից 1-1.5, իսկ հակառակ կողմից` 0.5-1սմ բարձրությամբ, որպեսզի աչքը լացահյութից չվնասվի:

 Բազմամյա ճյուղերից պետք է կտրել ելման կետից 1-2սմ բարձր, դրանց առանցքին  ուղղահայց, որպեսզի վերքերի մակերեսը մեծ չլինի և վազի ենթաթևերի , թևի կամ բնի վրա 0.3-0.5սմ  բարձրությամբ բարձիկ մնա:

  Բազմամյա ճյուղերը պետք է կտրել սուր սղոցով, մի ձեռքով թույլ սեղմելով դրանց վրա: Կտրվածքները պետք է լինեն իրենց առանցքին ուղղահայաց, հարթ և ծավալով փոքր:

  Պետք  է հեռացնել նաև հողի մակերեսի մոտ գտնվող այն մատերը  և հոռամատերը,որոնք պիտանի չեն նոր թև ձևավորելու, հին ծերացած թևերը երիտասարդացնելու, վազի բեռնվածությունն աչքերով ապահովելու կամ  անդալիսի համար: Էտի ժամանակ պետք է  հեռացնել նաև մակերեսային արմատները:

Էտի  կատարման ժամանակը

Էտի  ժամանակը կախում ունի այգու   որոշակի հողակլիմայական պայմաններից:

ՀՀ հյուսիս- արևելյան, Գորիսի և Մեղրու շրջաններումուր ձմեռը մեղմ է , և  ջերմաստիճանը հազվադեպ է  իջնում -10 աստիճանից, վազերը էտում են աշնանը, վաղ գարնանը և նույնիսկ ձմռանը, երբ ջերմաստիճանըաստիճանից   բարձր է:

  Արարտյան հարթավայրի և նրա նախալեռնային գոտում, Եղեգնաձորի շրջանի այն մասերում, որտեղ այգիները ձմռանը ծածկում են, էտը  կատարում և ավարտում են բացառապես գարնանը, մինչև աչքերի ուռչելը:

  Սակայն  պետք է  հաշվի առնել այն հանգամանքը, որ շատ վաղ էտված վազերի աչքերը շուտ են բողբոջում և կարող են ուշ գարնանային  ցրտահարություններից վնասվել:

  Բայց ուշացնելու դեպքում էլ աչքերը բացված են լինում և այգեբացի և էտման ընթացքում դրանց մի զգալի մասը թափվում է:

Չոր  կապ

   Չոր կապը կատարում են էտումից հետո, մինչև աչքերի  ուռչելը: Բերքատու մատերը կապում են, երբ սկսվում է  հյութաշարժությունը ( լացը ): Այդ ժամանակ մատերը ավելի ճկուն  են լինում  և կորացնելիս չեն ջարդվում:

  Չոր կապն ուշացնելիս արդեն իսկ բացված աչքերի  մի մասն այդ գործողության ընթացքում թափվում են :

   Լարային այգիներում վազերի թևերը կապում են   I լարին, իսկ բերքատու մատերը II  և III լարերին: Կապում են այնպես, որ վազի թևերն ու մատերը հավասարապես բաշխվեն  վազին տրված տարածքում: Չոր կապի համար  օգտագործում են թել կամ ճիլոպ, վերջինս օգտագործելուց  առաջ թրջում են: Կապն ուժեղ չեն ձգում, որպեսզի  հետագա աճի ընթացքում հաստացած թևերն ու  մատերը չվնասվեն: Օղակը անում են լայն, 8-աձև, որի  մեջ  մինչ աշուն` առանց սեղմվելու,ազատ  աճում են թևերն ու մատերը:

Խաղողի վազի ձևավորման համակարգերը

Վազերի ձևավորման բազմաթիվ համակարգեր կան, որոնց էական տարբերությունը այն է, թե վազն   ինչպիսի   բուն ունի թևերը  քանիսն են և ինչպես են դասավորված լարերի վրա ( միակողմանի,երկկողմանի,քառակողմ), թե մատերը և շիվերը ինչպիսի դիրք և դասավորություն ունեն և այլն:

  Ձևավորման բոլոր համակարգերի դեպքում էլ  աշխատում են վազի բազմամյա և միամյա մատերն այնպես դասավորել տարածության մեջ, որ դրանք   առավելագույնս օդ, լույս և ջերմություն ստանան և  հարմար լինեն մշակության գործընթացները թե ձեռքով և թե  մեքենայով կատարելու համար:

  Մեր  մարզում  խաղողի այգիներում առավել չափով կիրառվում են վազերի ձևավորման հետևյալ համակարգերը`

1.Միջակ բարձրությամբ բնով մեկ և երկու թևանի Գյուոյի  համակարգը:

2.Միջակ բարձրությամբ բնով,3-4 բերքի օղակներով հովհարանման   համակարգը:

Վազերի ձևավորումը Գյուոյի մեկթևանի  համակարգով.

Գյուոյի մեկթևանի համակարգով  ձևավորված վազի բնի շարունակությունը կազմող թևը լինում է  առաջին հարկի լարի բարձրությամբ և վերջանում է մեկ բերքի օղակով (բերքատու մատով և փոխարինողով):

  Վազերը Գյուոյի մեկ թևանի համակարգով  ձևավորելու համար տնկման առաջին տարում յուրաքանչյուր արմատակալի վրա պետք է  թողնել մեկ մատ, 2-3աչք երկարությամբՎեգետացիայի  ընթացքում շվերը տարածության մեջ դասավորվում են ազատ:

 Տնկման երկրորդ տարում յուրաքանչյուր  վազի  վրա պետք է թողնել մեկ լավ զարգացած մատ` 2-3 աչք երկարությամբ,իսկ մյուսները  հեռացնել: Տնկման երկրորդ տարվա գարնանն այգում  պետք է հիմնադրված լինի շպալերա: Վեգետացիայի ընթացքում շվերի  աճմանը զուգընթաց, դրանք պետք է կապել լարերին:

  Տնկման երրորդ տարվա գարնանը յուրաքանչյուր վազի վրա պետք է թողնել մեկ լավ զարգացած մատ և այն էտել առաջին լարից մեկ աչք բարձրությամբ,կապել լարին,իսկ մյուս միամյա մատերը հեռացնել: Աչքերն ուռչելուց հետո պետք է մատի վրա թողնել լարի վերևի և  ներքևի մեկական աչքերը կամ շվերը,իսկ մյուսները հեռացնել: Վեգետացիայի ընթացքում շվերը  պետք է խնամքով կապել երկրորդ և հաջորդ հարկ լարերին:

  Տնկման  չորրորդ տարում, երրորդ տարում աճած երկու  մատերից լարից վերևինը պետք է էտել 8-12 աչք երկարությամբ որպես  բերքատու  մատ և հորիզոնական դիրքով կամ աղեղնաձև կապել առաջին հարկ լարին,իսկ ցածի մատը` 2-3 աչքով, որպես փոխարինող: Այսպես վազը ձևավորվում է Գյուոյի մեկթևանի  համակարգով: Հետագա տարիներին էտի ժամանակ բերքի օղակը սովորաբար կազմում են նախորդ տարվա փոխարիողի ( երկամյա կարճ մատի) վրա, իսկ սրա հիմքի մոտ կտրում և հեռացնում են երեք տարեկան մասը` իր  վրայի երկամյա երկար մատի և միամյա մատերի հետ միասին: Ուժեղ աճ ունեցող երիտասարդ վազերի ձևավորումը կարելի է  սկսել տնկման երկրորդ տարուց:

  Վազերի ձևավորումը Գյուոյի երկթևանի  համակարգովԳյուոյի երկթևանի  համակարգով  ձևավորված վազի բունն  առաջին լարի  բարձրությամբ ունենում է երկու թև, յուրաքանչյուրը  մեկ բերքի օղակով(բերքատու մատով և փոխարինողով):

  Վազը Գյուոյի երկթևանի համակարգով  ձևավորելու համար տնկման առաջին, երկրորդ և երրորդ տարիներին էտը կատարվում է  այնպես, ինչպես Գյուոյի մեկթևանի համակարգով: Տարբերությունն  սկսվում է նրանից, որ տնկման երրորդ տարվա գարնանը, չոր կապից հետո, երբ աչքերն ուռչում են, առաջին լարից վերև գտնվող աչքը պետք է  հեռացնել, լարից անմիջապես ներքև թողնել երկու աչք, իսկ  ներքևինները նույնպես հեռացնել: Լարից ներքև գտնվող երկու աչքերից գոյացած շվերը պետք է խնամքով կապել երկրորդ և հաջորդ  հարկ լարերին:

  Տնկման չորրորդ տարում լարից ներքև  գտնվող երկու  մատերից յուրաքանչյուրը պետք է էտել 2-3 աչք երկարությամբ: Երկու փոխարինող մատերի աչքերից գոյացած շվերը պետք է խնամքովապագա թևերի ուղղությամբ (մի մատի շվերը  մի կողմի,իսկ մյուս մատինը` մյուս կողմի վրա ) կապել լարին:

  Տնկման հինգերորդ տարում նախորդ տարվա յուրաքանչյուր փոխարինողի ծայրամասի լավ զարգացած մատը պետք է էտել 8-12  աչք երկարությամբ, իսկ դրանից ներքև գտնվող դեպի  սաղարթի դուրսը ուղղված մատը` 2-3 աչքով, որպես փոխարինող: Բերքատու մատերը միմյանց հակառակ ուղղությամբ հորիզոնական դիրքով կամ աղեղնաձև պետք է կապել առաջին հարկ լարին:

  Գյուոյի երկթևանի համակարգով  ձևավորումը կարելի է կատարել նաև այլ կերպ:

Տնկման երկրորդ տարվա  գարնանը  վազի վրայի լավ զարգացած մատը պետք է էտել առաջին լարից 4-6 աչք  բարձր և հորիզոնական դիրքով կապել լարին: Տնկման երրորդ տարում առաջին լարից  ներքև գտնվող  երկու մատերից յուրաքանչյուրն   էտել 2-3 աչք երկարությամբ, իսկ լարից վերև գտնվող երկու լավ զարգացած մատերը` 8-10 աչքի վրա, որպես բերքատու մատ և հորիզոնական դիրքով կապել լարին:

  Տնկման չորրորդ տարում առաջին լարից ներքև գտնվող նախորդ տարվա յուրաքանչյուր փոխարինողի (երկամյա կարճ ճյուղի) վրա պետք է ձևավորել բերքի օղակ, իսկ նրա հիմքի մոտ պետք է  կտրել և հեռացնել երեք տարեկան ճյուղը իր վրայի երկամյա երկար  ճյուղի և միամյա մատերի հետ միասին:

 Վազերի ձևավորումը միջակ բարձրությամբ բնով, 3-4  բերքի օղակներով հովհարանման համակարգով: Այս համակարգով  ձևավորված վազի բունը հողի մակերեսից բարձր է լինում մինչև  առաջին հարկի լարը, ունենում է 3-4 թևեր իրենց բերքի օղակներով: Ձևավորումն  սկսում են  վազի բունը կազմելով, որի վրա  այնուհետև ձևավորում են  3-4  թև, իսկ յուրաքանչյուր թևի վրա` բերքի օղակը:

 


To top