< ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընթացիկ տարվա մարզային այցելությունները սկսել է սահմանամերձ Տավուշի մարզից
11.04.2016 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Տավուշի ԳԱՄԿ)

ՑԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ,ՀՈՂԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ:


Մշակաբույսերի և նրանց  մշակման պայմանները, հատկապես պարարտացումը, մեծ ազդեցություն են ունենում հողի ֆիզիկական և այլ հատկությունների վրա: Այդ ազդեցությունը արտահայտվում է հաջորդ մշակաբույսերի բերքատվությամբ: Տվյալ մշակաբույսը, որից հետո մշակվում է որևէ մշակաբույս, կոչվում է նախորդ:

Գյուղատնտեսական մշակաբույսերն իրենց կենսաբանական առանձնահատկություններով և մշակության տեխնոլոգիայով տարբերվում են, բայց ունեն որոշ նմանություններ: Դրա համար նախորդները կարելի է բաժանել հետևյալ խմբերի.

1.      Ցելեր /մաքուր և զբաղված/

2.      Բազմամյա խոտեր /առվույտ, կորնգան, երեքնուկ, բազմամյա հացազգիներ/

3.      Շարահերկ բույսեր /կարտոֆիլ, ճակնդեղ, եգիպտացորեն, ծխախոտ/

4.      Հատիկաընդեղեններ /ոլոռ, ոսպ, վիկ, սիսեռ/

5.      Հացաբույսեր /ցորեն, գարի, վարսակ/

Ցելեր- թողնում են անջրդի պայմաններում, հիմնականում հողի մեջ խոնավություն կուտակելու համար: Նպաստում են նաև հողի մեջ սննդանյութերի կուտակմանը, մոլախոտերի, վնասատուների, հիվանդությունների դեմ պայքարին: Մաքուր ցել կոչվում է այն դաշտը, որը որևէ մշակաբույսով չի զբաղեցված, բայց հողը մշակվում է:

Ցելը անջրդի պայմաններում համարվում է աշնանացանի լավագույն նախորդը:

Զբաղված ցելերում մշակում են կարճ վեգետացիա ունեցող բույսեր` հատիկաընդեղեններ, շարահերկ մշակաբույսեր` սիլոսի համար:

Բազմամյա խոտեր- ջրովի պայմաններում մշակում են առվույտ, կորնգան` անջրդի պայմաններում, երեքնուկը` խոնավ շրջաններում: Այս մշակաբույսերը կարևոր դեր են խաղում հողի մեջ օրգանական նյութերի կուտակման, ֆիզիկական հատկությունների բարելավման, ստրուկտուրայի բարելավման համար: Բացի դրանից, որպես բակլազգի բույսեր արմատներում ապրող պալարաբակտերիաների շնորհիվ ֆիքսում են մթնոլորտի ազոտը, դարձնում մատչելի բույսերի համար և հողը հարստացնում են ազոտով: Այդ պատճառով էլ լավագույն նախորդներ են շարահերկ մշակաբույսերի և հացահատիկների համար: Բազմամյա խոտաբույսերը մշակում են ենթացանքով` աշնանացան կամ գարնանացան հացահատիկների հետ:

Շարահերկ բույսեր- շնորհիվ միջշարային տարածությունների մշակման ակտիվ պայքար է տարվում մոլախոտային բուսականության դեմ: Դրանով դրանք մոտենում են մաքուր ցելադաշտերին:

Փուխր տարածությունների շնորհիվ հողում քայքայվում են օրգանական նյութերը, կուտակում են սննդանյութեր: Դրա համար, չնայած շարահերկերը շատ սննդանյութեր են վերցնում, բայց շարահերկերից հետո մշակվող բույսերից բարձր բերք է ստացվում: Որոշների /ճակնդեղ, արևածաղիկ/ կրկնվող ցանքերում հաջորդ բույսի բերքատվությունը ընկնում է: Դրա համար դրանք չեն կրկնվում 2 և ավելի տարի անընդմեջ: Եգիպտացորենը, ծխախոտը, կարտոֆիլը կարելի է մշակել 3-4 տարի և ավելի:

Հատիկաընդեղեններ- որպես բակլազգի բույսեր, հողը հարստացնում են ազոտով: Ունեն կարճ վեգետացիա, համարվում են ցել զբաղեցնող մշակաբույսեր: Նաև միջանկյալ բույսեր են` խոզանացաններ են: Բազմամյա խոտաբույսերի համեմատ ավելի քիչ օրգանական նյութեր են թողնում հողում: Լավագույն նախորդներ են աշնանացան և գարնանացան հացահատիկների և շարահերկ մշակաբույսերի համար: Ցանկալի չէ շարահերկ մշակաբույսերը մեկը մյուսով փոխարինելը:

Հացաբույսեր- համարվում են ավելի վատ նախորդներ: Բազմամյա խոտերից հետո թողնում են ավելի շատ օրգանական նյութեր, բայց ազոտը` քիչ: Հատկապես աշնանացանները խիտ ցանքի դեպքում ճնշում են մոլախոտերին: Մեկը մյուսի համար վատ նախորդներ են: Հացահատիկային այս բույսերը կարելի է մշակել 2 տարի, մասամբ` 3 /առատ պարարտացման պայմաններում/: Լավագույն նախորդներ են շարահերկ բույսերի համար: Հաշվի առնելով դրանց արմատների խորությունը` 0-20 սմ /շարահերկերինը ավելի խորն է/, քանի որ ցանքաշրջանառությունը նաև արմատափոխություն է:

Ելնելով տարբեր մշակաբույսերի հողի վրա ունեցած ազդեցության, ցանքաշրջանառությունում մշակաբույսերը տեղադրում են այնպիսի հաջորդականությամբ, որպեսզի յուրաքանչյուր մշակաբույս տեղադրվի իր լավագույն նախորդից հետո: Ելնելով տարբեր մշակաբույսերի մշակման առանձնատկություններից և պահանջներից, ցանքաշրջանառության մեջ նույն բույսը կարող է կրկնվել մի քանի տարի: Մշակաբույսերի որոշակի հաջորդականությունը կոչվում է ցանքաշրջանառության սխեմա: Այդ սխեման բաղկացած է մի քանի օղակներից: Օղակ հասկացվում է 2-3 խմբերի հաջորդականությունը, որից 1-ը ավելի դրական է ազդում հողի բերրիության վրա և ապահովում է հաջորդ մշակաբույսի բարձր բերքատվությունը: Ցանքաշրջանառության օրինակներ են հետևյալները:

Սխեմա 1.

1.      Աշնանացան+բազմամյա խոտ

2.      Բազմամյա խոտ 1-ին տարվա

3.      Բազմամյա խոտ 2-րդ տարվա

4.      Բոստան

5.      Պոմիդոր

6.      Աշնանացան+խոզանացան

7.      Կարտոֆիլ

Սխեմա 2.

1.      Աշնանացան+բազմամյա խոտ

2.      Բազմամյա խոտ` 1-ին տարի

3.      Բազմամյա խոտ` 2-րդ տարի

4.      Բոստան

5.      Կարտոֆիլ+խոզանացան մշակաբույս

6.      Աշնանացան+խոզանացան մշակաբույս

7.      Պոմիդոր

Երկարատև վեգետացիա ունեցող ջրովի շրջաններում անհրաժեշտ է նախատեսել միջանկյալ մշակաբույսեր /խոզանացան եգիպտացորեն, կարճ վեգետացիա ունեցող բանջարանոցային բույսեր  /վարունգ, լոբի, բանջարներ` սպանախ, սոխ/: Միջանկյալ մշակաբույսերը կարևոր նշանակություն ունեն հողի ռացիոնալ օգտագործման գործում: Միավոր տարածքից նույն տարում ստացվում է 2 բերք: Կարևոր նշանակություն ունեն նաև հողի բերրիության բարձրացման գործում:

Այսինքն, ցանքաշրջանառությունը մշակաբույսերի հաջորդականությունն է ժամանակի ընթացքում և տարածության մեջ, որը իր մեջ ընդգրկում է հողի մշակման և պարարտացման ճիշտ համակարգը:


To top