< ՀՀ գյուղատնտեսության նախարարը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
04.05.2016 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Տավուշի ԳԱՄԿ)

Բանջար-բոստանային մշակաբույսերի մշակության տեխնոլոգիան


ՊՈՄԻԴՈՐԻ ՊԱՀԱՆՋՆ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
  ՋերմությունՊոմիդորը ջերմասեր բույս է:Սերմերն  սկսում են ծլել 12 աստիճանից ոչ պակաս  ջերմության պայմաններում: Բույսի աճի  ու զարգացման  համար լավագույն ջերմաստիճանը` 22-27աստիճան է: 15 աստիճանից ցածր ջերմության դեպքում` բույսերը չեն ծաղկում, 10 աստիճանի դեպքում` բույսերի աճը   կանգ է առնում:
   Հողի միջին ջերմաստիճանը պոմիդորի համար տատանվում է 16-24 աստիճանի միջև: Հողի 16-ից ցածր ջերմության պայմաններում բույսի աճը  դանդաղում է, արմատները լավ չեն գործում, ծաղիկները թերզարգացած են լինում, նորմալ  չեն ծաղկում և չեն պտղակալում:
 Խոնավություն: Ունենալով վերերկրյա փարթամ զանգված և գոլորշիացնող մեծ մակերես, պոմիդորը հողի խոնավության նկատմամբ  ներկայացնում է բարձր պահանջ:  Հողի միջին խոնավությունը պոմիդորի համար պետք է համարել լրիվ խոնավունակության 70-80%-ը:Պտուղների հասունացման շրջանում հողի խոնավության կտրուկ տատանումներից պտուղները ճաքճքվում են: Պոմիդորի  համար օդի լավագույն հարաբերական խոնավությունը 55-65%  է: Բարձր հարաբերական խոնավության դեպքում ծաղիկները չեն  փոշոտվում, տերևները  վնասվում են գորշ և բակտերիալ  բծավորությունից և այլ հիվանդություններից: Օդի խոնավության կտրուկ տատանումների դեպքում պտուղները հիվանդանում են գագաթնային փտումով:  Ամռան ամիսներին, օդի հարաբերական խոնավությունը հաճախ 55-65%-ից ցածր է լինում` իջնելով մինչև 35-40% -ի և օդի բարձր ջերմության հետ մեկտեղ բացասաբար ազդում պոմիդորի ծաղկման ու պտղակալման վրա:  
  ԼույսՊոմիդորն  արեգակնային լուսավորության բարձր ինտենսիվության պահանջ ունի: Առանձնապես մեծ է լույսի պահանջը սածիլներ  աճեցնելիս: Վատ  լուսավորվածության պայմաններում դրանք վատ են զարգանում, արագորեն ձգվում են, նվազում, դեղնում, թույլ են լինում, ինչի  հետևանքով պտղաբերությունը հետ է ընկնում ու բերքատվությունը նվազում:
  Հող: Պոմիդորի համար լավագույնը թեթև, բուսահողով և հումուսով  հարուստ, չեզոք ռեակցիա ունեցող, կավաավազային և ավազակավային հողերն են: Ավազակավային հողերում պոմիդորը ավելի շուտ է հասունանում, քան` կավաավազային հողերում, բայց վերջիններում բերքատվությունն ավելի բարձր է լինում:
   Սակայն մյուս  բանջարային  մշակաբույսերի համեմատությամբ, պոմիդորը մեծ պահանջ ունի հողում  մատչելի ֆոսֆորի նկատմամբ, որը հիմնականում կուտակվում է պտուղների և սերմերի մեջ:Սածիլների աճեցման շրջանում և բաց գրունտում, բույսի աճեցման սկզբնական փուլում  մտցնում են ֆոսֆորական պարարտանյութերի բարձր չափաքանակ:
  Ցանքաշրջանառություն:  Ցանքաշրջանառության մեջ պոմիդորը պետք է  տեղադրել օրգանական  լրիվ պարարտացում ստացած շարահերկ մշակաբույսերից (կաղամբ, վարունգ, բոստանային մշակաբույսեր և ընդեղեններ) հետո: Խորհուրդ չի տրվում  պոմիդոր մշակել կարտոֆիլից, տաքդեղից և բադրիջանից հետո, որովհետև դրանք վարակվում են միևնույն հիվանդություններով, ինչը ցածր բերաքտվության պատճառ է դառնում:
  Դաշտի նախապատրաստում: Հողի կանոնավոր մշակումը և նախապատրաստումը բարձր ագրոտեխնիկայի կարևոր նախապայմաններից են: Նախապատրաստական աշխատանքները պետք է սկսել աշնանը: Դաշտից հեռացնել նախորդ մշակաբույսերի, բազմամյա մոլախոտերի մնացորդները: Հողը հերկել (ցրտահերկ) 25-30սմ խորությամբ:  Միաժամանակ հող մտցնել օրգանական և հանքային պարարտանյութեր: Որպես օրգանական  պարարտանյութեր, պոմիդորի համար կարելի է օգտագործել գոմաղբը, թռչնաղբը, կոմպոստները (հեկտարի հաշվով 20-40 տոննա): Ցրտահերկի ժամանակ հող մտցնել պահանջվող հանքային պարարտանյութերի (PK)60% -ը, բացառությամբ ազոտականի: Վաղ գարնանը կատարել կրկնավար, չիզելում, հարթեցում, սածիլումից 5-7օր առաջ դաշտի տեղագծում: Լայնաշարք տնկումների համար ակոսները պատրաստվում են կուլտիվատորներով կամ մարգոցներով սահմանված հեռավորությամբ: Ակոսները պետք  է  հնարավորինս  խորը  անել:
  Հանքային պարարտանյութերի   օգտագործման չափաքանակները տարբեր շրջաններում և տարբեր հողերում  տարբեր են և կախված են տնտեսության  ագրոքիմիական տվյալներից: Վեգետացիայի  ընթացքում պոմիդորի  մշակաբույսին, միջին հաշվով, կարելի է տալ ազոտական` 60-90 կգ/հա, ֆոսֆորական` 120-150կգ/հա և կալիումական աղեր` 40-60կգ/հա պարարտանյութեր:
Պոմիդորի բույսերի խնամքի աշխատանքներ:  Պոմիդորի բույսերը մշակվում են երկկողմանի ժապավենաձև /90+70/x30-35սխեմայով, հեկտարին  40-45  հազար բույս:
   Դաշտ փոխադրելիս` սածիլները ստուգել և տեսակավորել, ոչ մի նվազ ու հիվանդ սածիլ չպետք է  դաշտ փոխադրել: Սածիլները դաշտ տեղափոխելուց  2-3 օր հետո  կատարել չկպած սածիլների վերատնկում և դաշտը ջրել: Հողի  քեշի գալուց կատարել առաջին քաղհան – փխրեցումը, հաջորդ ջուրը տալ 10-15 օր հետո, կատարել կուլտիվացիա` 5-6սմ խորությամբ: Երբ սածիլներն սկսեն կանոնավոր աճել և մուգ կանաչ գույն ստանալ,   բույսերին տալ առաջին սնուցումը և ջրել, որից 2-3 օր հետո հողի քեշի վիճակում կատարել պոմիդորի  խոր բուկլից, զուգընթաց դաշտը քաղհանել և մաքրել մոլախոտերից: Հետագա ջրումները կատարել` ելնելով բույսերի պահանջից: Ջրումները պետք է կատարել օրվա հով  ժամերին:
  Նախքան պտղակալումը, դետերմինանտ բույսերը պետք է ուղղել և դնել  թմբերի վրա:  Լեռնային շրջաններում անհրաժեշտ է նաև բճատել, և առաջին  պտուղները  կարմրելիս ծերատել: Սահմանափակ աճ ունեցող սորտերը չեն  ծերատում: Պոմիդորը պետք է քաղհանել, որքան կարելի է շուտ, երբ մոլախոտերը մատղաշ են և հեշտությամբ են արմատախիլ լինում: Վեգետացիայի ամբողջ ժամանակաշրջանում պոմիդորի դաշտը պետք է  քաղհանել 3-4, և փխրեցնել 2-3 անգամ:Դաշտը մոլախոտերից միշտ մաքուր պահելու համար  քաղհանել նաև առուների և ճանապարհների եզրերը:
   Քաղհանում և փխրեցնում են տրակտորաքարշ կուլտիվատորներով, իսկ միջբուսային տարածությունները և բույսի կողքերը` ձեռքի հողուրագներով: Փխրեցումը և քաղհանը 7-8 սմ –ից խորը չպետք է լինեն, որպեսզի չվնասվեն պոմիդորի մազարմատները:  Փխրեցվում և քաղհանվում են հողի քեշի վիճակում, ջրելուց 2-3 օր հետո:
  Սնկային հիվանդությունների տարածումը կանխելու համար պարբերաբար, վեգետացիայի ընացքում 2-3 անգամ բույսերը պետք է սրսկել պղինձ պարունակող պատրաստուկներով:
Սնուցում: Սնուցումը կարևորագույն միջոցառումներից է կայուն և բարձր բերք  ստանալու համար:Առաջին սնուցումը  պարարտանյութերով (N60P120K40,ֆիզիկական նյութի հաշվով) կատարել մինչև բույսերի ծաղկումը: Երկրորդ սնուցումը պտղաողկույզներում պտուղների կազմավորումից հետո, պտուղների աճի շրջանում (N90P150K60) և երրորդը` 15-20օր հետո (N90P40K120):
Բերքահավաք: Պոմիդորի պտուղների բերքահավաքն անհրաժեշտ է կատարել 3-4 օրը մեկ, հասուն պտուղները բույսի վրա թողնելը գցում է ընդհանուր բերքատվությունը:  Հավաքված բերքը տեսակավորում են, հեռացնում հիվանդ, ոչ ապրանքային պտուղները և դասավորում համապատասխան տարաների մեջ: Վերջին բերքահավաքը կատարել աշնանային ցրտահարություններից առաջ` հավաքելով նաև խակ պտուղները:
ՎԱՐՈՒՆԳԻ ՊԱՀԱՆՋՆ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Ջերմություն: Վարունգը ջերմասեր  բույս է: Սերմերի ծլման համար անհրաժեշտ է 13-15 աստիճանից ոչ պակաս ջերմություն: Աճի ու զարգացման համար լավագույն ջերմաստիճանը համարվում է 20-25 աստիճան, հողի միջին  ջերմաստիճանը` 15-20 աստիճան:
  Խոնավություն: Վարունգը չափազանց խոնավասեր բույս է, բարձր բերք է ապահովում 80-85 աստիճան, օդի հարաբերական խոնավության և հողի լրիվ  խոնավության 85-90 աստիճանի դեպքում: Այդ պատճառով վեգետացիայի ընթացքում անհրաժեշտ է հաճախակի ջրման միջոցով կանոնավորել օդի և հողի խոնավությունը:
  Հող: Վարունգի մշակությունն  սկսվում է հողի ճիշտ ընտրությունից և  նախապատրաստումից: Հողամասի ընտրության ժամանակ առավելությունը պետք է տալ հարավային թեքությամբ թեթև հողերին: Վարունգի համար պիտանի չեն աղուտ և ճահճային հողերը: Վարունգը խոնավասեր բույս է, դրա մշակության համար առանձնապես բարենպաստ են թեթև ավազային հողերը: Վերը նշված պայմաններում աճեցված վարունգի ոչ միայն բերքն է ավելանում, այլև համային  որակական հատկությունները: Նման հողակտորներում վարունգի բույսերը  համեմատաբար քիչ են հիվանդանում:
 Հողամասերի ընտրության ժամանակ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել հողերի միահավասարությանը, քանի որ ոռոգման ժամանակ անհարթ, թեք հողակտորներում վարունգի բույսերը չեն ստանում բավարար քանակի ջուր կամ ջրափոսերի պատճառով ջրախեղդ են լինում:
  Ցանքաշրջանառություն: Վարունգի  համար լավագույն նախորդներն են ընդեղենները, սոխը, վաղահաս կարտոֆիլը, կաղամբը, բադրիջանը, պոմիդորը  և այլն. իսկ ավելի քիչ նպաստավոր` ուշ ազատվող արմատապտուղները` հատկապես ճակնդեղը: Խորհուրդ չի տրվում վարունգը մշակել դդմազգի մշակաբույսերից հետո, ոչ շուտ, քան 3-4 տարի անց միայն: Ավելի շուտ մշակման դեպքում վարունգի բույսերը վարակվում են դդմազգիներին յուրահատուկ հիվանդություններով և վնասատուներով:
Դաշտի նախապատրաստում: Ցածրադիր գոտիներում  վարունգը մշակվում է գարնանը և ամռանը, իսկ լեռնային և նախալեռնային գոտիներում` միայն   գարնանը:  Գարնանացանի համար հողի նախապատրաստումը պետք է սկսել հիմնականում աշնանը, ցրտահերկի տակ հեկտարի հաշվով 30-40 տոննա օրգանական պարարտանյութ և հանքային պարարտանյութերից` ֆոսֆորական 40-60կգ և կալիումական 90-120կգ ազդող նյութի հաշվով, իսկ վեգետացիայի ընթացքում սնուցումների ձևով ներմուծել ազոտական  պարարտանյութեր: Առաջին սնուցումը պետք է տալ  վարը դնելու ժամանակ, երկրորդ սնուցումը` պտուղների կազմավորման շրջանում, երրորդ սնուցումը` բերքը 1-2 անգամ հավաքելուց հետո: Սակայն պետք է նշել, որ սնուցումների քանակը և պարարտանյութերի չափաբաժինները  պետք է տալ` ելնելով տվյալ  տնտեսության հողի քիմիական կազմից և բույսերի պահանջից:
  Որպես օրգանական պարարտանյութեր, կարելի է օգտագործել  գոմղաբը, թռչնաղբը, կոմպոստները, կենսահումուսը: Առաջարկվում է նաև  օրգանական  պարարտանյութերի մուծում ուղղակի ցանքից  առաջ` բներում: Այդ  ժամանակ  բներում գոմաղբը պետք է տալ 300-400գ և անմիջապես կատարել  ոռոգումը, այլապես տեղի կունենա սննդատարերի կորուստ: Լավ արդյունք է տալիս նաև, երբ ցանքից առաջ բներում տրվում է 50գ կենսահումուս:
   Դաշտը հարթեցնելուց հետո պետք է պատրաստել ակոսներ կամ մարգեր:  Արարատյան հարթավայրի պայմաններում վարունգը ցանվում է թմբերի վրա,իսկ լեռնային և նախալեռնային շրջանների սակավ ջրվող սևահողերում` հարթ մարգերում:
   Գարնանային մշակության պայմաններում  ցանքը կատարվում է թմբի 1 կամ 2 կողմերում: Առաջինի դեպքում թմբի լայնությունը պետք է վերցնել  90 սմ, ակոսի լայնությունը` 50սմ, միջբուսային հեռավորությունը` 30-35սմ, երկկողմանի ժապավենաձև սխեմայի դեպքում թմբի լայնությունը` 90սմ, ակոսի լայնությունը` 70սմ, միջբուսային հեռավորությունը` 30-35սմ:
  Սերմերի նախապատրաստումը:  Ցանքից առաջ սերմերը պետք է մաքրել և տեսակավորել: Խորհուրդ է տրվում սերմերը ցանքից առաջ գցել 5% -ոց կերակրի աղի լուծույթի մեջ: Ծանր  քաշ ունեցող սերմերը կնստեն լուծույթի հատակին, որոնք էլ կապահովեն 100%-ոց ծլում: Բացի այդ, դաշտում վարունգի բույսերը մի շարք հվանդություններից  զերծ պահելու համար ցանքից առաջ խորհուրդ է տրվում սերմերն ախտահանել: Բերքատվության բարձրացման նպատակով խորհուրդ է տրվում նաև կատարել սերմերի նախացանքային մշակում:
Վարունգի խնամքի  աշխատանքներ: Վարունգը պատկանում է բանջարբոստանային  այն մշակաբույսերի թվին,որոնք զգայուն են ոռոգման նկատմամբ: Խորհուրդ է տրվում վարունգի դաշտը ջրել մինչև ցանելը կամ սերմերը ցանել ծկթած վիճակում: Իսկ եթե սերմերը ցանվում են չոր վիճակում, ապա  դաշտը ջրել ցանքից անմիջապես հետո:  Ծլելուց մինչև 5-6 տերև առաջանալը դաշտը ջրել շատ չափավոր:իսկ եթե  բույսերը դիմանում են, գերադասելի է չջրել: Դրա փոխարեն առաջին իսկական տերևների երևալուց հետո պետք  է բույսերը նոսրացնել` թողնելով յուրաքանչյուր բնում 2-ական բույս, դաշտը քաղհանել ու փխրեցնել  խոնավությունը  պահպանելու համար: 5-6 տերևի առաջանալուց հետո, դաշտը պետք է ջրել,  հողի քեշի գալուց հետո վերջին անգամ նոսրացնել, յուրաքանչյուր բնում  թողնելով 1-ական բույս:Այնուհետև դաշտը նորից քաղհանել և կատարել խոր բուկլից (դնել վարունգի վարը): Վարը դնելուց հետո դաշտը պետք է լրիվ  մաքրել մոլախոտերից, մինչև ծաղկելն ու նույնիսկ մինչև առաջին պտուղներ  կազմակերպելն  աշխատել չջրել կամ կարիք եղած դեպքում, ջրել չափավոր:  Դրանից հետո ամբողջ պտղաբերության շրջանում կարելի է յուրաքանչյուր  բերքահավաքից հետո, այսինքն 4-5 օրը մեկ դաշտը ջրել` ելնելով  բույսի  պահանջից:  Վարունգի մշակման ժամանակ պետք է մեծ ուշադրություն դարձնել  ջրման ռեժիմին, ինչը խախտելիս կարող է միանգամից փչացնել ամբողջ  բերքը: Վարունգի դաշտի  քաղհանն ու փխրեցումները պետք է ավարտել հիմնականում մինչ առաջին պտուղների տեխնիկական հասունացումը, որից  հետո  աշխատել, որքան հնարավոր է, քիչ դաշտ մտնել և բույսերին քիչ ձեռք տալ:
Վարունգի բերքահավաք: Վարունգի բերքը հավաքել վաղ առավոտյան կամ  երեկոյան հովին:Բերքը հավաքել մեծ խնամքով, թաղերը շատ չխառնելով: Բերքի  հաճախակի (2-3 օրը մեկ անգամ) հավաքելը նպաստում է բերքատվության բարձրացմանը:


To top