< ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է «Հայկական տեխնոլոգիական խումբ» հիմնադրամի պատվիրակությանը
09.06.2016 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Տավուշի ԳԱՄԿ)

Պտղատուների հիվանդություններ


1.ՔԼՈՐՈԶ

  Հիմնականում քլորոզի պատճառը ոչ թե հողում երկաթի  պակասն է, այլ մեր Հանրապետությունում, հատկապես հողի բարձր կարբոնատությունը, որի պատճառով երկաթը հայտնվում է բույսի համար անմատչելի վիճակում: Այս պարագայում երկաթի մուծումը հողին, չի բարելավում բույսի վիճակը: Անհրաժեշտ է հողը <թթվեցնել>: Պտղատուների <երկաթային> քլորոզին բնորոշ է տերևների գունաթափվելը, սպիտակելը կամ ավելի հաճախ դեղնելը՝ առավել հաճախ բույսի գագաթնային մասում: Ուժեղ քլորոզի դեպքում կարող են դեղնել բոլոր տերևները: Հետագայում դրանք կարող են չորանալ և թափվել: Կանաչ գույնի պահպանումը կենտրոնական ջղի մոտ քլորոզին բնորոշ հատկանիշն է: Կարբոնատային հողերում որոշիչ դերը քլորոզի առաջացման գործում պայմանավորված է հողում ածխաթթվային կալցիումի պարունակությամբ, որը չեզոքացնում է արմատի կողմից արտադրվող թթու արտազատուկները և խոչընդատում կարբոնատային հողերում երկաթի ձևափոխումը հողում լուծելի վիճակի, դադարում է քլորոֆիլի առաջացումը: Շատ կարևոր է  բույսի արմատային համակարգի արտազատած թթուների, ինչպես որակը, այնպես էլ քանակը: <Երկաթային> քլորոզով հիվանդ ծառերի բուժման  նպատակով, ծառի բնի շրջակայքում 50-60սմ շառավիղով, 25-30 սմ խորությամբ հող մտցնել աղացած ծծումբ: Այս գործողությունը հողում եղած անմատչելի երկաթի միացությունները դարձնում է մատչելի: Քլորոզով հիվանդ բույսերը, վաղ գարնանը, մինչև բողբոջների ուռչելը, սրսկել երկաթաարջասպի 10%-անոց լուծույթով, ամռանը՝ վեգետացիայի ընթացքում, 0.1-0.2% -ոց  նույն լուծույթով:   Ցանկալի է աղացած ծծումբի հետ միասին հող մտցնել նաև երկաթի արջասպ  կամ գոնե երկաթի խարտուք, յուրաքանչյուր մեծահասակ  ծառին՝ 400-600 գրամի չափով:

  Քլորոզ կարող է առաջանալ նաև այլ պատճառներից, օրինակ գրունտային ջրերի բարձր մակարդակից, ազոտի պակասից: Ազոտի պակասի դեպքում առաջին հերթին դեղնում են ծառի հիմքին մոտ տերևներն ու շիվերը: Բույսի աճը դանդաղում է, շիվերը կորցնում են իրենց էլաստիկությունը, ընդունում են մի տեսակ կարմարավուն կամ գորշավուն երանգ:

 Կարևոր է նաև բույսերի համալիր պարարտացումը ինչպես հանքային, այնպես էլ օրգանական  պարարտանյութերով: Սակայն ոչ հավասարակշռված պարարտացման, ազոտային պարարտանյութերի, թարմ գոմաղբի  ավելցուկը նույնպես քլորոզի պատճառ է :

   2.ՄՈՆԻԼՅՈԶ( մոնիլյալ  այրվածք, մոխրագույն պտղափտում):

  Հարուցիչը սունկ  է՝ Monilia cinarea:Հիվանդությունը տարածված է ամենուրեք, սակայն առավել մեծ վնաս է պատճառում Տավուշի մարզում: Հիվանդության զարգացմանը նպաստում է գարնանը, ծաղկման ժամանակ, սառը, խոնավհատկապես մառախլապատ եղանակը:

 Մոնիլյոզով վարակվում են ծաղիկները, շիվերը, պտուղները: Ըստ արտահայտման բնույթի, տարածված են երկու հիմնական  թև՝ մոնիլյալ այրվածք և մոխրագույն պտղափտում: Մոնիլյալ այրվածքը  հիվանդության գարնանային ձևն է, արտահայտվում է ծաղիկների հանկարծակի գորշացմամբ ու չորացմամբ, որին հաջորդում է տերևների, միամյա շվերի,երիտասարդ պտղաշվերի թառամումն ու չորացումը: Հիվանդության արտահայտման ձևը   շատ նման է ցրտահարվածի, այրվածի, այստեղից էլ առաջացել է անվանումը:

 Հիվանդության արտահայտման երկրորդ ձևը մոխրագույն պտղափտումն է (այս  ձևը կարող է առաջացնել նաև Monilia fructigena  սունկը), ինչն  սկսվում է պտղի վրա ոչ մեծ, մուգ բծի ձևով, որն արագ մեծանալով, ընդգրկում է ամբողջ պտուղը՝  մակերեսին առաջացնելով բազմաթիվ մանր, ցրված կամ իրար միացած մոխրագույն բծեր:

 Պտուղների վարակվածության գործում մեծ նշանակություն ունի պտղի մեխանիկական վնասվածությունը, այս առումով էլ պտղափտումն ավելի մեծ վնաս է  պատճառում այն այգիներում, որտեղ տարածված են կազարկան, պտղակերները և այլ վնասատուներ: Հաճախ վարակը տարածվում  է առողջ և հիվանդ պտուղների շփման միջոցով: Կարկտահարությունը ևս մեծացնում է հիվանդության տարածման հնարավորությունն  ու հավանականությունը:

   ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ:

  Անհրաժեշտ է  վերացնել վարակի աղբյուրները, հավաքել, այգուց հանել և ոչնչացնել հիվանդ, մումիֆիկացած պտուղները, ծաղկումից  մոտ մեկ ամիս անց կտրել ու այգուց հեռացնել այրել վարակված ընձյուղները: Աշնանը, տերևաթափից հետո (նոյեմբերի 20-ից-30-ը) կամ գարնանը, մինչև բողբոջների ուռչելը, սրսկել բորդոյան հեղուկի 3% -ոց լուծույթով կամ հետևյալ պատրաստուկներից որևիցե մեկով: Պղնձարջասպի 2% -ոց, պղնձի օքսիքլորիդի 0.1%,կուպրոկսատի 0.5% լուծույթներով: Պտղափտման դեմ արդյունավետ են նաև վեգետացիայի ընթացքում տոպազի 0.05% և ֆունդազոլի 0.2% լուծույթներով սրսկումները:

   3.ՑԻՏՈՍՊՈՐԻՈԶ  ԿԱՄ  ՎԱՐԱԿԻՉ  ՉՈՐԱՑՈՒՄ:

Հարուցիչը սունկ է (Cytospora rubescens և Cytospora leucostonia Fr.): Հանրապետությունում տարածված հիվանդություն է, առանձնապես մեծ վնաս է հասցնում ծիրանենու և դեղձենու երիտասարդ տնկարկներին, որոնք երբեմն չորանում են ցիտոպորիոզից:

 Ճյուղերի չորացումը և մահանալը սովորաբար նկատվում են գարնանը  կամ ամռան առաջին կեսին: Եթե ծառերի մահանալն  սկսվում է մինչև տերևային բողբոջների առաջանալը, ապա նկատվում է բողբոջների գորշացում և ոլորում, որոնք չորանում և երկար  ժամանակ մնում են ծառի մահացած ճյուղերի վրա: Եթե չորացումը նկատվում է տերևաբողբոջների բացվելուց հոտո, առաջանում են մանր, կլորավուն, մի տեսակ նվազ տերևներ: Չոր, տաք եղանակ հաստատվելուց հետո (մայիսի վերջը, հունիսի սկիզբը), այդպիսի տերևները 3-4 օրում թառամում, չորանում են, սակայն չեն կորցնում իրենց կանաչ գունավորումը և երկար ժամանակ մնում են ծառի վրաՃյուղերի կամ ծառի այդպիսի արագ չորացումն ու մահը պայմանավորված են  բնի նեկրոզով, ջրատար անոթների խցանմամբ:Եթե նեկրոզը բնի մի մասով,մի կողմով է, ապա չորացումը կարող է ձգձգվել 3-5 տարով:

 Ցիտոսպորիոզին բնորոշ ախտանիշները, շտամբի և կմախքային ճյուղերի վրա, խոշոր երկարավուն, երեմն մինչև 75սմ խեժ արտադրող վերքերն են: Այդ վնասվածքներում կեղևը և լուբային շերտը չորանում են: Մահացած կեղևի և լուբի տակ վնասվում է նաև փայտանյութըՑիտոսպորիոզով վարակվում են այս կամ այն պատճառով թուլացած, հյուծված ծառերը, որոնք ունեն մեխանիկական վնասվածքներ: Վարակմանը նպաստում են նաև  մոնիլյոզը, ծակոտկեն՝ բծավորությունը, վնասվածքներով վարակվելը, արևի և  ցրտահարության առաջացրած վերքերը և այլն:Ծառերի վարակվելը տեղի է ունենում խոնավ եղանակին, հիմնականում աշնանը կամ գարնանը, բույսի հանգստի շրջանում:

  ՊԱՅՔԱՐԻ   ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ՝

  Կարևորվում են նախազգուշական միջոցառումները, որոնք ուղղված են ծառի դիմացկունությունը բարձրացնելուն, տվյալ տարածաշրջանին համապատասխան սորտերի ճիշտ ընտրությանը:Ծառերի պաշտպանումն արևահարումից և ցրտահարումից, մոնիլյոզից,վնասվածքներից:Այս կամ այն պատճառով առաջացած վերքերը ժամանակին բուժել այգու քսուկով, բոլոր չորացած ճյուղերը մինչև աշուն հեռացնել այգուց և այրել:Աշնանը կամ գարնանը կատարել սրսկում բորդոյան հեղուկի 3% -անոց կամ կուպրոքսատի 0.5% -անոց լուծույթով: Կատարել  ճիշտ պարարտացում ազոտական,կալիումական և ֆոսֆորական պարարտանյութերով: Գարնանը ծառի բներն անպայման սպիտակեցնել կրակաթի 20%-անոց լուծույթով, ավելացնել նաև 1 բահի չափ թարմ գոմաղբ  կամ կավահող:

   4.ԽՆՁՈՐԵՆՈՒ   ԵՎ  ՏԱՆՁԵՆՈՒ  ՔՈՍ: Հիմնականում տարածված է նախալեռնային ու լեռնային գոտիներում: Հատկապես տանձենու Մալաչա սորտն է ամեն տարի վարակվում: Քոսերի վնասակարությունն  արտահայտվում է ոչ միայն բերքի նվազումով, այլև բերքի որակի զգալի վատացմամբ: Տանձենու և խնձորենու քոսերի հարուցիչները նեղ մասնագիտացված են: Քոսով վարակվում են տերևները, պտուղները, շիվերը (հատկապես տանձենու), տերևակոթունները, պտղակոթունները, բաժակաթերթերը:

   Տերևների վրա վարակն արտահայտվում է բծերի ձևով, որոնք սկզբում թույլ են արտահայտվում, թեթև դեղնավուն, մի տեսակ յուղային, ապա կանաչադեղնավուն, հետագայում՝ թավշանման սև բծերի ձևով, որն ուղեկցվում է սպորակրությամբ: Բծերը խնձորենու մոտ հիմնականում տերևի վերին մակերեսին են, իսկ տանձենու մոտ՝հակառակ երեսին: Եթե վարակվում են գարնանը կամ ամռան առաջին կեսին, բծերը  սովորաբար լինում են խոշոր՝ 8-10մմ տրամագծով և ավելի մեծ, իսկ ուշ վարակի դեպքում՝ 2-3մմ: Ուժեղ վարակված տերևները կարող են ժամանակից շուտ թափվել: Հայտնի են դեպքեր, երբ վարակընկալ սորտերի մոտ արդեն ամռան առաջին կեսին թափվել են տերևների 80% -ը: Պտուղների վրա բծերը կլորավուն են, համարյա սև, խիստ ընդգծված, հաճախ բաց երիզով: Վաղ վարակի դեպքում պտուղները տձևանում են, վարակված մասում առաջանում են ճաքեր, սա հատուկ է հատկապես տանձի պտուղներին: Տերևակոթերի և պտղակոթերի վարակն առաջացնում է վաղաժամ տերևաթափ, չորացում:

  ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ.   կիրառվում են համալիր միջոցառումներ, որոնք ընդգրկում են ինչպես քիմիական, այնպես էլ ագրոտեխնիկական միջոցառումներ: Ագրոտեխնիկական միջոցառումներից արդյունավետ է վարկված շիվերի, տերևների հեռացումն այգուց, ճիշտ պարարտացումը ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերով, ճիշտ  էտն ու ձևավորումը:   Ուժեղ վարակված  այգիներում արդյունավետ են բորդոյան հեղուկով կամ դրա փոխարինիչներով սրսկումները:

 Առաջարկվում  է հետևյալ սխեման՝ ուժեղ վարակվող այգիներն աշնանը, տերևաթափից հետո, սրսկել բորդոյան հեղուկի 3%- անոց կախույթով, իսկ վաղ գարնանը՝ բողբոջների ուռչման փուլում, խորուսի 0.02%(10լ ջրին՝ 2մլ): Հաջորդ սրսկումը կատարվում է  վարդագույն կոնի փուլում, սկորով՝ 0.02%,մյուսը՝ ծաղկաթերթերի թափվելուց անմիջապես հետո սկոր՝ 0.02%, և դրանից 14-16 օր հետո՝ սկորով կամ սկորտոպով (սկոր՝ 0.02%+ տոպազ՝ 0.04%), հատկապես խնձորնեու այգում: Անհրաժեշտության դեպքում կատարել ևս մեկ սրսկում՝ սկորով կամ ֆունդազոլով:

 Եթե ինչ- ինչ պատճառներով աշնանը բորդոյան հեղուկով սրսկում չի կատարվել, այն կարելի է իրականացնել վաղ գարնանը՝ մինչև բողբոջների ուռչելը:

    5.ԽՆՁՈՐԵՆՈՒ ԱԼՐԱՑՈՂ:

  Վարակվում են տերևները, շիվերը, ծաղիկները, երբեմն նաև պտուղները: Երիտասարդ, նոր դուրս եկած տերևները պատվում են մոխրասպիտակավուն ալրանման փառով, հետագայում փառը ստանում է գործավուն երանգ: Վարակված տերևները չեն զարգանում, թեքվում են գլխավոր ջղի ուղղությամբ, ստանում նավակի տեսք: Ուժեղ վարակի դեպքում տերևների մեծ մասը չորանում են, կարծես այրված լինեն և թափվում են: Վաարակված շիվերը ևս պատվում են սպիտակավուն կամ կեղտամոխրագույն փառով, աճը կանգ է առնում, հաճախ չորանում են:Վարակված ծաղիկները չորանում են: Պտուղները հազվադեպ են վարակվում:

 Հիվանդության հարուցիչ սունկը ձմեռում է վարակված բողբոջներում: Գարնանը, տերևային և պտղային վարդակները կարող են վարակվել նաև մինչև ծաղկելը: Ալրացողով  վարակվում են  հիմնականում մեծահասակ ծառերը, սակայն կարող են վարակվել բոլոր տարիքի ծառերը:

 Հիվանդության զարգացմանը նպաստում է  չոր, տաք եղանակը ( հատկապես ամռան առաջին կեսին), ինչպես նաև ջրի պակասը:

   ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ. կիրառել ճիշտ ագրոտեխնիկա, կարգավորել ոռոգումը, կտրել- հեռացնել վարակված շիվերը: Պայքարի հիմնական եղանակը ծծմբային պատրաստուկների կիրառությունն  է: Պտղաբերող այգիներում կատարել առնվազն երեք սրսկում, առաջինը՝ բողբոջների անջատման փուլում (կանաչ կոնի փուլ), երկրորդը պսակաթերթերի 75% թափվելուց հետո՝ 1% կոլոիդ ծծումբ, երրորդը և անհրաժեշտության դեպքում  նաև  հաջորդները՝ 10-15 օր ընդմիջումներով: Ուժեղ վարակվող սորտերի (Ջոնաթան,Սիմիրենկո) այգիներում երբեմն հարկ է լինում կատարել 6-7 սրսկում:

 Ավելի արդյունավետ են բայլետոնի՝ 400գ/հ( 4գ 10լ ջրին) և տոպազի՝ 400մլ (4մլ 10լ ջրին), նորմով սրսկումները:Եթե այգին վարակված է նաև քոսով, ապա նպատակահարմար է առաջին սրսկումը կատարել սկորով, հաջորդ սրսկումները՝ բայլետոնով կամ տոպազով:

 Վերը նշված բոլոր պատրաստուկները համատեղելի են պտղակերների, լվիճների, տերևակերների և այլ միջատների դեմ կիրառվող թունաքիմիկատների հետ (ցիմբուշ, ամրալ, կարատե, կալիպսո, կոնֆիդոր և այլն):

   6.ԽՆՁՈՐԵՆՈՒ ՍԵՎ ՔԱՂՑԿԵՂ

 Վատ ագրոտեխնիկայի դեպքում լուրջ վտանգ է ներկայացնում խնձորենու և տանձենու համար, կարող է առաջացնել նույնիսկ ծառերի մահացում: Հիմնական, առավել տարածված ձևը՝ բնի և կմախքային ճյուղերի կեղևի վնասվածությունն է: Կարող են վարակվել նաև տերևները, ծաղիկներն ու պտուղները: Խնձորենու բնի կեղևի վրա առաջանում են խիտ, ներս ընկած գորշամանուշակագույն  բծեր: Հետագայում բնի վարակված կեղևը մգանում է, ընդունում է մի տեսակ ածխացած տեսք: Մահացած կեղևը չի սևանում, այլ ծածկվում է բազմաթիվ երկայնական ու լայնական ճեղքերով, իսկ հետագայում անջատվում է մանր կտորներով: Տերևների վրա սև քացկեղն արտահայտվում է դարչնագուն՝ բծերի ձևով, որոնք  սկզբում մանր են (2-4մմ), կարմրադարչնագույն, այնուհետև ժամանակի ընթացքում մեծանում են (4-6մմ) և խիստ ընդգծվում: Բծի կենտրոնական մասն աստիճանաբար բաց գույն է ստանում, դառնում մախրագորշավուն: Վարակված տերևները չորանում են և ժամանակից շուտ թափվում: Ուժեղ վարակվածության դեպքում պտուղների հասունանալուց 1.5-2 ամիս առաջ տերևները կարող են թափվել: Պտուղների վրա սև քաղցկեղն առաջացնում է սև փտում, որը սկսվում է ոչ մեծ, մուգ գորշավուն բծի ձևով(մաշկի տակ), ապա դանդաղորեն մեծանում: Հետագայում բծի վրա նկատվում են օղակաձև սև կետիկներ՝ սնկի պիկնիդիաներ: Լրիվ գորշանալով, պտուղը մգանում, կնճռոտվում է, վերածվելով  մումիայի: Ի տարբերություն պտղափտման, սև քաղցկեղի մումիան ինտենսիվ սև է կամ դարչնագույն և հարթ չէ,այլ մի տեսակ թեփուկավոր, անհարթ, ծածկված բազմաթիվ թմբիկներով:

    ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ. կիրառել ճիշտ ագրոտեխնիկա, ինչը կբարձրացնի ծառի դիմացկունությունը սև  քաղցկեղի նկատմամբ: Նախազգուշական միջոցառումներն  սկսվում են պատվաստակալի ընտրությունից: Կարևոր նշանակություն ունեն ժամանակին և ճիշտ  կատարվող էտն ու ձևավորումը:

 Բուժական միջոցառումներն անցկացվում են երկու եղանակով՝ գարնանը, երբ ջերմաստիճանը (+15 աստիճան) նպաստավոր է հիվանդության զարգացման համար:

   ԲՈՒԺՈՒՄ ԿԵՂԵՎԸ ՄԱՔՐԵԼՈՎ. վարակված կեղևը մաքրում են՝ հեռացնելով  նաև 2-3սմ առողջ մասից (նախօրոք ծառի տակ փռել պոլիէթիլենային թաղանթ կամ ստվարաթուղթ, որպեսզի դրա վրա հավաքված կեղևի կտորտանքն  այգուց հեռացվի և այրվի): Վերքը մաքրում են, ապա մշակում մածուկով: Լավ արդյունք է տալիս նաև վերքի մշակումը քսուքով, որը պարունակում է 70% նիգրոլ և 30% փայտի մոխիր:

ԽԱՂՈՂԻ  ՎԱԶԻ  ՀԻՄՆԱԿԱՆ  ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Խաղողի վազի տարածված և տնտեսական մեծ վնաս հասցնող հիվանդություններից են միլդիուն, օիդիումը, անտրակնոզը, մոխրագույն փտումը, որոնց դեմ ժամանակին ու ճիշտ պայքար չտանելու դեպքում զգալիորեն նվազում է բերքը, ընկնում է որակը:

            1.  ՄԻԼԴԻՈՒ  ԿԱՄ  ԿԵՂԾ  ԱԼՐԱՑՈՂ:

Արարատյան հարթավայրում միլդյուն հայտնի է ՙչոռ՚, հյուսիս-արևելքում` ՙկարմրուկ՚, այլ շրջաններում նաև ՙխորշուկ՚ անուններով: Հիվանդության զարգացումը պայմանավորված է եղանակային պայմաններով և հաճախ սկսվում է արդեն մայիսի սկզբներին: Վարակվում են վազի կանաչ օրգանները: Տերևների վրա ի հայտ են գալիս դեղնավուն, կլոր բծեր, խոնավ եղանակին տերևի հակառակ մակերեսին, բծերին համապատասխան տեղերում առաջանում է ալրանման (կեղտասպիտակավուն) փառ` սնկի սպորակրություն: Հետագայում տերևի վրայի բծերն   ստանում են կարմրագորշավուն երանգ` այրվածքի նման:
Վաղ վարակված ծաղկափթթությունները, պտուղները գորշանում են, չորանում: Հիվանդության զարգացմանը հատկապես նպաստում են օդի բարձր հարաբերական խոնավությունը, տևական անձրևները:
ՊԱՅՔԱՐԻ  ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ:
Միլդիուի և խաղողի վազի մյուս հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է վաղ գարնանը հեռացնել վարակված տերևներն ու շվերը, ժամանակին կատարել շվատում և բճատում, չոր և կանաչ կապ, համալիր պարարտացում: Քիմիական պայքարի առումով, առավել արդյունավետ է ֆունգիցիդներով նախազգուշական սրսկումները, միլդիուի դեմ առաջին սրսկումը հարկ է կատարել, երբ օդի միջին ջերմաստիճանը 10-120C է, տևական աձրևներից հետո: Սրսկման ժամկետն ընտրելիս ճիշտ կլինի առաջնորդվել, կողմնորոշվել վազի զարգացման փուլերով: Այսպես, առաջին սրսկումը պետք է կատարել, երբ առաջացել են 3-5 իսկական տերևներ, երկրորդը` ծաղկումից առաջ, երրորդը` ծաղկումից հետո:
Անհրաժեշտության դեպքում սրսկումները շարունակել 10-15 օր ընդմիջումներով: Առաջարկվում է բորդոյան հեղուկի 1%-անոց (10 լ ջրին 100 գրամ չհանգած կիր + 100 գրամ պղնձաջասպ: Կիրը և պղնձաջասպը պատրաստվում են առանձին ոչ մետաղյա տարաներում, ապա պղնձաջասպը լցվում է կրաջրի վրա), տուբարիդի, արցերիդի 0,3%, ռիդոմիլ գոլդ 68-ի 2,5% (10 լիտր ջրին 25 գրամ), կուպրոկսատի 0,5% (10 լիտր ջրին 50 գրամ): Ցանկալի և արդյունավետ է վերը նշված պատրաստուկների փոխեփոխ կիրառումը: Չպետք է մոռանալ, որ բորդոյան հեղուկը համատեղելի չէ այլ պատրաստուկների հետ:

2.    ՕԻԴԻՈՒՄ  ԿԱՄ  ԻՍԿԱԿԱՆ  ԱԼՐԱՑՈՂ:
Արարատյան հարթավայրում անվանում են ՙսև՚, հյուսիս արևելքում ՙթոզ՚: Տարածված է խաղողագործական բոլոր շրջաններում, զարգացումն   սկսվում է սովորաբար մայիսի կեսերին: Տերևների վրա առաջանում են փոքր կլոր բծեր, որոնք պատված են սպիտակ, ալրանման փառով: Շիվերը կարող են վարակվել մինչև վազի ծաղկելը և վարակը տարածվում է ծաղկափթթությունների, տերևների ու պտուղների վրա: Վաղ վարակի դեպքում պտուղները դադարում են աճել, չորանում, ընկնում են, ուշ վարակվելիս պտուղը պատվում է սպիտակամոխրագույն փառով,  ճաքճքում է , վարակը կարող է հասնել մինչև սերմերը և խոնավ եղանակին այդպիսի պտուղները արագ փտում են:
ՊԱՅՔԱՐԻ  ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ:
Քանի որ հիվանդությունը ձմեռում է վարակված շվերում, շատ արդյունավետ է վարակված շվերը հեռացնելն ու ոչնչացնելը: Արդյունավետ են ծծմբային պատրաստուկները` աղացած ծծումբ, հեկտարին 25-30 կգ, կոլոիդ ծծբով 9-10 կգ/հեկտարին (1%-անոց կախույթ): Լավ, բարձր արդյունավետություն են ցուցաբերում բայլետոնի կամ տոպազի հեկտարին 250-300 գրամ/մլ սրսկումները (ձեռքի սրսկիչներով սրսկելիս 5 գրամ 10 լ ջրին): Ճիշտ և արդյունավետ է առաջին սրսկումը կատարել բողբոջների ուռչման փուլում, երկրորդը` ծաղկումից առաջ, երրորդը` ծաղկումից հետո, անհրաժեշտության դեպքում 14-15 օր ընդմիջումներով կատարել հաջորդ սրսկումերը: Սրսկումները  հարկ է դադարեցնել բերքահավաքից առնվազն 20-25 օր առաջ: Օիդիումի զարգացմանը նպաստում է միակողմանի կամ նորմայից ավելի ազոտական պարարտացումը:

  3.ՄՈԽՐԱԳՈՒՅՆ  ՓՏՈՒՄ:
Հիվանդությունն   ուժեղ է զարգանում հատկապես տևական անձրևներից հետո: Վարակվում են միայն պտուղները, որոնք պատվում են մոխրագույն փառով, ունեն անդուր համ: Վաղ վարակի դեպքում պտուղները կարող են լրիվ չորանալ, փչանալ: Հիվանդությանը նպաստում է վնասատուներով, հատկապես ողկույզակերով վարակվելը:
ՊԱՅՔԱՐԻ  ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ:
Արդյունավետ են ֆունդազոլի 0,2, ռավրալի, 0,15, բայլետոնի և տոպազի 0.05%-անոց լուծույթներով սրսկումները: Առաջին սրսկումը ծաղկումից առաջ, երկրորդը` պտուղների կազմակերպման սկզբում, հետագայում 15-18 օր ընդմիջումներով: Ժամանակին ու ճիշտ պայքար տանելով  վնասատուների, հատկապես ողկուզակերի դեմ:

1.    ԽԱՂՈՂԻ  ԱՆՏՐԱԿՆՈԶ:
Հիվանդությունը տարածված է խաղողագործական բոլոր շրջաններում, սովորաբար օջախներով: Հանրապետությունում հատկապես մեծ վնաս է հասցնում այն տարածքներում , որտեղ օդի բավարար հարաբերական խոնավությունը զուգակցվում է բարձր ջերմաստիճանի հետ:  Հիվանդության հարուցիչը սունկն   է: Այս հիվանդությամբ վարակվում են վազի բոլոր կանաչ օրգանները` շիվերը, պտուղները, տերևները, տերևակոթերը: Ամենից շատ հիվանդությունն արտահայտվում է տերևների վրա, ըստ որում տերևների առաջանալուց անմիջապես հետո, սկզբում հազիվ նկատելի բաց դարչնագույն կետերի, բծերի տեսքով: Հետագայում բծերը մեծանալով` դառնում են գորշավուն, մուգ մանուշակագույն երիզով, որից հետո, հիվանդ հյուսվածքը թափվում, ընկնում է, տերևը ծակծկվում է: Տերևակոթունների, ինչպես նաև տերևի ջղերի վրա, բծերն ընդունում են խոցերի տեսք: Վարակի ուժեղ արտահայտման դեպքում տերևները կարող են նույնիսկ թափվել:
Պտուղների վրա բծերը թեթևակի սեղմված են, ներս ընկած, կլորավուն, սկզբում մուգ մանուշակագույն, պարփակված մանուշակագույն երիզով: Շատ վտանգավոր է շիվերի վարակվելը: Սկզբում առաջանում են ոչ մեծ, գորշ բծեր, որոնքշիվերի աճելու, մեծանալու հետ ձգվում, խորանում են, ընդունելով մի տեսակ ձգված խոցերի տեսք: Հետագայում բծերն   ընդունում են սուրճի գույն, որը մանուշակագույն երիզ ունի: Խոցերի եզրերն   անհավասար են: Ուժեղ վարակի առկայության դեպքում, խոցերը միանում, ձուլվում են, օղակաձև ընդգրկելով շիվը: Այսպիսով շիվերը տձև են, կոտրվող:

ՊԱՅՔԱՐԻ  ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ:
*    Աշնանը կտրել հեռացնել անտրակնոզով վարակված շիվերը, մաքրել այգիները թափված տերևներից, չորացած պտուղներից, ճյուղերից (մատերից):
*    Ժամանակին նախազգուշական սրսկումներ այն ֆունգիցիդներով, որոնք առաջարկվում են միլդիուի դեմ (բորդոյան հեղուկ 1%-անոց, կուպրոկսատ 5 կգ/հա, անտրակոլ` 2 կգ/հա, պոլիխոմ` 6 կգ/հա, պղնձի օքսիքլորիդ` 6 կգ/հա, ռիդոմիլ գոլդ 68` 2.5 կգ/հա և այլն):
Շատ կարևոր, որոշիչ նշանակություն ունի սրսկման ժամկետը: Առաջին սրսկումը հարկ է կատարել առաջին տերևների հայտնվելուն պես (կարելի է համատեղել տրիպսների դեմ կատարվող  սրսկման հետ): Երկրորդ սրսկումը կատարել ծաղկումից առաջ, երրորդը` ծաղկումից անմիջապես հետո:

 


To top