< Ազատ առևտրի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու և միջսահմանային համագործակցությունն ամրապնդելու առաքելությամբ
04.08.2016 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Տավուշի ԳԱՄԿ)

Տնկարանի կազմակերպում


   Պտղատու տնկարանը դա տնտեսություն է կամ տնտեսության մի մաս,որտեղ հատուկ տեղամասերում բազմացնում և աճեցնում են պտղատու և հատապտղատու մշակաբույսերի  տնկանյութ: Տնկարաններում պետք է աճեցվեն տվյալ գոտում շրջանացված պտղատու մշակաբույսերի ստանդարտին համապատասխանող որակի, վիրուսներից և այլ հիվանդությունների հարուցիչներից զերծ տնկիներ:

   Տնկարանը պտղաբուծական տնտեսության ամենակարևոր և  պատասխանատու  մասն է:Այն համարվում է պտղաբուծության զարգացման հիմքը: Տնկարանների դերը հատկապես մեծանում է պտղաբուծության ինտենսիֆիկացման ժամանակ, երբ անհրաժեշտ է զգալիորեն ավելացնել արտադրվող տնկիների քանակը: Այդ տնկիները պետք է լինեն տեղի պայմաններին հարմարված, ապահովեն պատվաստակալի և պատվաստացուի միջև  լավ  փոխազդեցություն, շուտ մտնեն բերքատվության մեջ և յուրաքանչյուր տարի ապահովեն բարձր բերք:

  Տնկարանի կառուցվածքը:

   Յուրաքանչյուր ճիշտ կազմակերպված պտղատու տնկարան ունենում է 3 հիմնական բաժիններ, բազմացման, ձևավորման և մայրացու,ինչպես նաև օժանդակ հողակտորներ և շինություններ:

Բազմացման բաժինը   ծառայում  է պատվաստակալներ աճեցնելու համար: Այդ բաժնում կիրառվող ագրոտեխնիկան բավականին բարդ է:

   Այն  կազմված է ցանքի  և սերմնաբույսերի վերատնկման հողամասերից, որտեղ աճեցվում են պատվաստակալներ` ձևավորման բաժնի հերթական դաշտի հիմնադրման համար: Բացի այդ, այն տեսակները,որոնք բազմանում են կտրոններով,նրանց համար ստեղծվում է կտրոնային դաշտ:

Ձևավորման բաժինը  կամ բուն տնկարանը նախատեսված է պտղատու և հատապտղատու տնկանյութի աճեցման համար,որոնք օգտագործվելու  են պտղատու  տնկարկների հիմնման  համար: Այն բաղկացած  է 3 հերթական դաշտերից,որոնք իրարից  տարբերվում են  աճեցվող բույսերի տարիքով:

  Առաջին դաշտում   նախորդ աշնանը կամ տվյալ տարվա գարնանը վերատնկվում են բազմացման  բաժնից ստացված պատվաստակալները և ամառվա երկրորդ  կեսին դրանց վրա կատարվում են աչքապատվաստ,այդ պատճառով գործնականում հաճախ այն կոչվում է պատվաստի դաշտ: Երկրորդ դաշտում  նախորդ տարվա  աչքապատվաստից առաջանում է   պատվաստաշիվը,որը մինչև աշուն դառնում է միամյակ: Երրորդ դաշտը կոչվում է երկամյակների դաշտ,որովհետև պատվաստաշիվն անցնում է իր երկրորդ վեգետացիայի շրջանը: Այդ դաշտում պատվաստաշիվը ձևավորվում , և  աշնանը  պատրաստի տնկանյութը  թողարկվում է: Լավ խնամքի և մշակության պայմաններում հնարավոր է պատրաստի տնկանյութ  ստանալ նաև միամյա հասակում, այդ պատճառով 3-րդ դաշտ կարող է  չլինել:

  Մայրացու բաժինն  իր հերթին ունենում է մի քանի  տնկարկներ:

1.       Մայրացու սերմացուների տնկարկ,որտեղ աճեցվում են տվյալ գոտու համար ստանդարտ պատվաստակալ ծառայող  տեսակները,որոնցից հավաքված պտուղներն օգտագործվում են սերմեր մթերելու  և բազմացման բաժնում ցանելու համար:

2.       Ձևավորման բաժնի հերթական դաշտերում աչքապատվաստի աշխատանքները կազմակերպելու համար ստեղծում են մայրացու  սորտային այգի` բաղկացած պետական ստանդարտ տեսականուց (ասորտիմենտ),որտեղից մթերվում են կտրոնները:

3.       Վեգետատիվ ճանապարհով բազմացվող մի շարք պատվաստակալների, ինչպես նաև հատապտուղների  խնբին պատկանող բույսերի բազմացման նպատակով մայրացու բաժնին կից ստեղծում են այդպիսի հատուկ  հողամասեր` սեփականարմատ տնկանյութ ստանալու համար:

4.       Խոշոր տնկարաններին կից ցանկալի է կազմակերպել նաև չորրորդ բաժին,որը պետք է զբաղվի դեկորատիվ ու անտառային տնկանյութի բազմացմամբ և դաշտապաշտպան անտառաշերտերն ու  պուրակներն ապահովի տնկանյութով:

  Տնկարաններում առանձին բաժինների տարածությունները որոշելիս պետք է ելնել ամեն տարի հիմնադրվող ձևավորման  հիմնական դաշտերի մեծությունից: Հերթական դաշտի մել հեկտարում տնկում են 33-40 հազար պատվաստակալ: Բազմացման (սերմնաբույսերի) դաշտի 1 հեկտարից ստացվում է մինչև 150-200 հազար բարձրորակ պատվաստակալ, որը կբավարարի 4-5 հեկտար հերթական դաշտի հիմնադրման պահանջը: Սակայն գործնականում ոչ բոլոր շրջաններում  են ստացվում  այդքան պատվաստակալներ,որի պատճառով 1 հեկտար  ցանքի դաշտը հաշվում են 3-4 հետկար հերթական դաշտի հիմնադրման համար:

  Անհրաժեշտ է նշել, որ ինչպես բազմացման,այնպես էլ ձևավորման բաժիններում կիրառվում են հատուկ ցանքաշրջանառություններ: Բազմացման բաժնում 4-5,ձևավորմա բաժնում` 7-8 դաշտյա ցանքաշրջանառություններ կիրառելիս  պետք է հիմք ընդունել տնկարանի ընդհանուր  տարածությունը:

  Անհրաժեշտ թվով պատվաստակալներ աճեցնելու համար նպատակահարմար է հերթական դաշտի յուրաքանչյուր 1 հեկտար հնդավորների համար ունենալ 1-1.2,իսկ կորիզավորների  համար` 1.5-2.5  հեկտար մայրացու սերմնային  տնկարկներ: Մայրացու  անդալիսային  դաշտի մեծությունը որոշելիս պետք է հաշվի առնել այն,որ 1 հեկտարից կարելի է ստանալ 100-120 հազար անդալիս,որը կբավարարի 3-3.5 հեկտար հերթական դաշտի հիմնադրման պահանջը  պատվաստակալներով:

  Մայրացու սորտային այգու մեծությունը որոշում են աչքապատվաստի համար անհրաժեշտ կտրոնների թվով: Օրինակ` 1 հեկտարի վրա 30.000  աչքապատվաստ կատարելու համար անհրաժեշտ է ունենալ 30-35 հազար աչք կամ 6-7 հազար հտրոն,որոնց վրա միջին  հաշվով պետք է լինեն 5 լավ բողնոջներ: Իսկ եթե նրանց  մի մասը պետք է պատվաստվի երկու աչքով,ապա լրացուցիչ կպահանջվի մինչև 10.000 աչք կամ 2-2.5 հազար կտրոն: Բացի այդ,անհրաժեշտ է, որ բոլոր բույսերի 10%-ը ունենա 500-1000 կտրոններ` գարնանային ստուգման ժամանակ չկպած աչքապատվաստները վերապատվաստելու  համար: Այսպիսով, կտրոնների անհրաժեշտ թիվը ձևավորման բաժնի հերթական դաշտի 1  հեկտարի համար կկազմի 12-15 հազար: Նշված թվով կտրոններ կարելի է ստանալ 250-300 ծառից (1 ծառից 50 կտրոն վերցնելու դեպքում): Հաշվի առնելով այն հանգամանքը,որ երիտասարդ այգիներում մթերվող կտրոնների թիվը քիչ  է, մայրացու սորտային այգու տարածությունը 3 անգամ ավելի  են  վերցնում հերթական դաշտից:

  Տնկարանի տեղի ընտրությունը

 Բարձրորակ տնկանյութի ստացումը մեծ չափով կախված է  տնկարանի տեղի ճիշտ  ընտրությունից,որը պետք է կատարվի տվյալ հողային զանգվածի բազմակողմանի ուսւմնասիրման հիման վրա: Տնկարանի համար  առանձնացված հողամասը կարելի է ուսումնասիրել ինչպես ընդհանուր ձևով,այնպես էլ առանձին բաժինների կամ դաշտերի պահանջը հաշվի առնելով:

  Պտղատու տնկարանը պետք է կազմակերպել նրա կողմից սպասարկվող շրջանների և տնտեսությունների կենտրոնում,որը ունի հաղորդակցության ճանապարհներ (երկաթուղի,ավտոխճուղի և այլն)` տնկանյութի առաքումը հեշտ կատարելու  համար: Տնկանյութի աճեցումը պահանջում է զգալի աշխատատար պրոցեսներ, հետևաբար ընտրված  տարածքը պետք է մոտ լինի բնակավայրերին ու ապահովված լինի բանվորական ուժով:

  Տնկարանային տնտեսության համար առանձնացված հողամասը  իր բնական պայմաններով պետք է պիտանի լինի բոլոր բաժինների,օժանդակ ճյուղերի համար և միաժամանակ տիպիկ լինի սպասարկվող շրջանին: Ցանկալի է, որ ընտրված հողատարածությունը  լինի կամպակտ և քիչ կտրատված հողակտորներով: Մեծ նշանակություն ունի հողամասի դիրքի, ռելիեֆի,հողակլիմայական պայմանների հաշվառումը: Բարձրադիր վայրերն ու մեծ թեքություն ունեցող լանջերը տնկարանի համար պիտանի չեն: Միաժամանակ պիտանի չեն նաև խոնավ, ճահճացած հողամասերը,որտեղ բույսերը ավելորդ խոնավությունից ձգձգում են իրենց վեգետացիան,որից նրանք ուշ աշնանը կամ վաղ ձմռանը կարող են ցրտահարվել: Տեղի ընտրության ժամանակ պետք է ուշադրություն դարձնել նաև տվյալ վայրի օդային  ռեժիմին: Փոս ընկած վայրերը,որտեղ ցուրտ հոսանքը կարող է ներխուժել ու երկար ժամանկ մնալ,տնկարանի համար պիտանի չեն: Պիտանի չեն նաև այն թեք լանջերը,որտեղ հողը կարող է  խիստ էրոզիայի ենթարկվել, դժվարացնել մշակման աշխատանքների մեքենայացումը,համապատասխան քանակությամբ ձյուն չկուտակել, և արհեստական  ոռոգումը նպատակահարմար չի լինի:Այն հողամասերը,որոնք շատ են վարակված կոճղարմատավոր մոլախոտերով (սեզ,արվանդակ,մոլասորգո),տնկարանի համար պիտանի չեն: Չի կարելի ընտրել նաև այնպիսի հողամասեր,որոնք վարակված են արջուկով,նեմատոդներով,արմատային քաղցկեղով և այլ վտանգավոր վնասատուներով ու  հիվանդություններով:

   Տնկարանի տեղի ընտրության ժամանակ պետք է առավելությունը  տալ հարթ կամ աննշան ( մինչև 2-5 աստիճան) թեքություն ունեցող հողամասերին,որոնք ունեն բավարար խոնավություն,բարենպաստ մեխանիկական կազմ,հարուստ են սննդանյութերով և պաշտպանված են քամիների բացասական ազդեցությունից:

  Տնկարանի հողամասի ջրամատակարարումը,բացի մթնոլորտային   տեղումներից և արհեստական ոռոգումից,կախված է նաև  ստորգետնյա ջրերի մակարդակից: Եթե նրանք հողի մակերեսից խոր են,խոնավության պակասը մեծանում է ,իսկ  եթե հողի մակերեսին մոտ են, փոքրանում է: Սակայն ստորգետնյա ջրերի`  հողի մակերեսին  շատ  մոտ գտնվելը տնկարանի համար ունի նաև վնասակար ազդեցություն: Բազմացման բաժնի համար ընտրված հողամասերում այն պետք է լինի  առնվազն հողի մակերեսից 1.5մ խորության վրա,իսկ ձևավորման  բաժնում ` 2-2.5մ-ից ոչ ավելի մոտ: Այն հողամասերում, ուր ստորգետնյա ջրերը նշված խորությունից ավելի մոտ են, առանց համապատասխան մելիորատիվ միջոցառումների չի թույլատրվում  կազմակերպել տնկարան: Այդպիսի  դեպքերում կարող է երիտասարդ բույսերի աճը ձգձգվել, շիվերը` նրբանալ, փայտացման պրոցեսը և հյուսվածքների հասունացումը ընթանան ոչ նորմալ և ձմռանը ցրտահարվել:

   Հողամասի ընտրության ժամանակ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն վաերլաշերտի,այլև ենթավարելաշերտի հզորությանը,նրա մեխանիկական ու քիմիական կազմին:Հողի ենթավարելաշերտը մեծ ազդեցություն է թողնում երիտասարդ բույսերի արմատային համակարգի զարգացման բնույթի վրա: Այդ պատճառով վերջինս պետք  էլինի սննդանյութերով ապահովված, ջրաթափանց, օդաթափանց և  ունենա բավարար խոնավություն ու  փուխր մեխանիկական կազմ: Ծանր կավային, ցեմենտացած ենթավարելաշերտ ունեցող, ինչպես  նաև շատ թեթև ավազային հողերը,որոնք ջուր պահելու քիչ ընդունակություն ունեն, տնկարանի համար պիտանի չեն:

  Վեգետատիվ ճանապարհով բազմացվող պատվաստակալների համար լավ է  ընտրել հարթ,խոնավությամբ ապահովված,սննդանյութերով հարուստ և փուխր մեխանիկական կազմ ունեցող հողեր:

  Մայրացու սերմնային և սորտային տնկարկները կարելի է հիմնել  այնպիսի հողամասերում ,որոնք տվյալ գոտում բավարարում են  արդյունաբերական պտղատու այգիների պահանջները:

 


To top