< ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ԼԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
15.09.2016 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Տավուշի ԳԱՄԿ)

Աշնանացան ցորենի մշակության ագրոտեխնիկան


Աշնանացանի մշակության համակարգում կարևոր է  հողում սննդառության և խոնավության նպաստավոր պայմանների ստեղծումը, նախորդների ճիշտ ընտրությունը, պարարտանյութերի որոշակի չափաբաժինների ու հարաբերակցությունների օգտագործումը և բարձրորակ սերմերով, սահմանված ժամկետում, կատարվող ցանքը:

Նախորդները: Աշնանացան ցորենի հատիկներն  զգայուն և պահանջկոտ   նախորդների նկատմամբ: Անջրդի պայմաններում, անբավարար և անկայուն խոնավության գոտիներում, բարձր և կայուն բերք  ստանալու համար լավ է նախորդ և մաքուր ցելը, երբ հողում կուտակվում է խոնավության առավել քանակություն: Լավագույն նախորդներ են նաև շարահերկ մշակաբույսերը, բազմամյա բակլազգի խոտաբույսերը և հատիկաընդեղենները:

Պարարտացումը: Ցանքը պարարտացնելիս անհրաժեշտ է  հաշվի առնել բերքի ծավալը և հողի բերրիության մակարդակը: Նախալեռնային գոտու ոռոգելի հողերում, 50-55ց/հա բերքատվության  դեպքում, շարահերկ  մշակաբույսերից հետո պարարտացումը կատարվում է P60-90 K30-60 + N 120, իսկ  բազմամյա խոտերից  հետո՝ P 60-120K60-120 + N90    չափաբաժիններով: Շագանակագույն, անջրդի հողերում, 25-30ց/հա  բերքատվության դեպքում, հացահատիկային նախորդից  հետո պարարտացնել P90K90+N90 չափաբաժիններով: Ցելերից և բազմամյա խոտաբույսերից հետո ազոտի չափաբաժինն  իջեցնել 30 կգ-ով:Լեռնային սևահողերի անջրդի պայմաններում, 30-35ց/հա բերքատվության դեպքում, ցելերից և բազմամյա  խոտերից հետո պարարտացնել P90K90+ N60 չափաբաժիններով: Նախատեսվող ֆոսֆորի և կալիումի չափաբաժինները տրվում են հողի հիմնական մշակության / ցրտավարի/ ժամանակ:  Բարձր արդյունք  է ստացվում, երբ ազոտական պարարտանյութերի 20-25 տոկոսը տրվում է ցանքին կից:

 Շատ դեպքերում հողատերերն  անտեսում են կալիումական պարարտանյութերի դերը: Սակայն կալիումն  աշնանից նպաստում  է բույսերի արմատավզիկում շաքարների կուտակմանը և բարձրացնում ցրտադիմացկանությունը:

 Հողի մշակությունը: Հողի մշակության համակարգը հիմնականում պայմանավորված  է նախորդ մշակաբույսով, մոլախոտվածության աստիճանով և մշակության գոտիականությամբ: Մաքուր ցելի մշակության համակարգը բաղկացած  է խոզանի երեսվարից, ցրտահերկից, ցելադաշտի  գարնանային ու ամառային մշակությունից:Երեսվարը կատարվում է նախորդի բերքհավաքից անմիջապես հետո՝ 6-8 սմ խորությամբ, ապա՝ ցրտահերկ պարարտացման հետ, 25-27սմ խորությամբ:Գարնանը,առաջին իսկ հնարավորության դեպքում, հողը փոցխել: Ամռան ընթացքում մոլախոտերը ոչնչացնելու և խոնավություն կուտակելու նպատակով կատարել մակերեսային փոցխում: Ցանքից առաջ փոցխման հետ չիզելել,հարթեցնել և կատարել ցանք: Շարահերկ նախորդներից հետո կարելի է խորը վարը փոխարինել  մակերեսային/ 10-12սմ/ փխրեցմամբ: Թույլ հզորության հողերում, ինչպես նաև  էրոզացված լանջերում, լավ արդյունք է ստացվում ենթավարելաշերտի փխրեցման դեպքում: Ցանքից առաջ հողն  անհրաժեշտ է հարթեցնել:

Սորտերի և սերմացուի ընտրությունը: Աշնանացան ցորենի սորտերի բարձրորակ սերմացուն պետք է ունենա 96% ծլունակություն և 99% մաքրություն, զերծ լինի սորտային խառնուրդներից:

Ցանքի ժամկետը և ցանքը: Աշնանացան ցորենից բարձր բերք ստանալու կարևոր պայմաններից մեկը՝ ցանքի ժամկետի ճիշտ ընտրությունն  է: Ցածրադիր մասերում ցանքի ժամկետն օգոստոսի երրորդ, սեպտեմբերի առաջին, իսկ բարձրադիր մասերում՝ օգոստոսի երրորդ տասնօրյակն է: Բազմամյա փորձերով պարզվել է, որ աշնանացան ցորենի ինտենսիվ տիպի սորտերի ցանքի լավագույն չափաբաժինը  250-280 կգ/հա է: Ուշ ցանքի դեպքում  չափաբաժինն  անհրաժեշտ է   ավելացնել 10-12%-ով:

 Հացահատիկի փոշեմրիկի և քարամրիկի դեմ պայքարելու համար սերմացուն ցանքից առաջ անհրաժեշտ է ախտահանել վիտավաքս պատրաստուկով՝ 2.5-3կգ/տ չափաբաժնով:

 Ծանր մեխանիկական կազմ ունեցող հողերում ցանքը կատարվում է 5-6, իսկ թեթև հողերում՝  6-8սմ խորությամբ: Անջրդի պայմաններում համերաշխ ծիլեր ստանալու համար ցանքը  կատարվում է համեմատաբար  խոր/ 7-8սմ/,հողի հետցանքային գլանմամբ, որը միևնույն ժամանակ կանխում է հողի ջրային և հողային էրոզիան:

 Ցանքից անմիջապես հետո, ջրովի պայմաններում,  անպայման կատարել ոռոգում:  Վեգետացիայի ընթացքում, կախված հողատեսքերից և տեղանքի բարձրությունից, հացահատիկները ջրվում են 3-5 անգամ՝ 500-900մ2 ջրման չափաբաժնով:

 Հացահատիկային մշակաբույսերի համար կարևոր նշանակություն ունի վերջին հատիկալիցի ջուրը:

 Ցանքերի գարնանային մշակությունը: Աշնանացան ցորենի բերքի ձևավորումն  սկսվում է վաղ գարնանից:

Աշնանացանները հաճախ տուժում են աշնանային, ձմեռային և վաղ գարնանային ցրտահարություններից: Վնասված և խիտ նոսրացված ցանքատարածություններում անհրաժեշտ է  գարնանացան հացահատիկային մշակաբույսերով կատարել վերացանք: Եթե գարնանը 1քմ –ի վրա մնացել է 220-250 բույս, և եղանակը նպաստավոր  է, ապա անհրաժեշտ է ստեղծել միայն լավ ագրոֆոն: Աշնան լավ թփակալված և բավարար ձմեռած ցանքերում դաշտի միանվագ  փոցխումը դրական արդյունք  է տալիս: Ուժեղ ամրացած  հողերում, որտեղ բույսերի թփակալումը լավ է, արդյունքն  ավելի մեծ է լինում երկու երես փոցխելու  դեպքում: Թույլ զարգացած և աշնանը չթփակալված դաշտերում փոցխումն  արվում է թփակալումից հետո:  Աշնանացանի ցանքերում, առաջին իսկ հնարավորության դեպքում, տրվում է ազոտական պարարտանյութերով սնուցում՝ վերը նշված  չափաբաժիններով:

 Ցանքերի գարնանային խնամքի միջոցառումների շարքերում կարևոր նշանակություն  ունի պայքարը մոլախոտերի դեմ: Քիմիական քաղհանի նպատակով հացահատիկի դաշտերում  լայնորեն կիրառվող հերբիցիդներից են 2.4 Դ ամինային  աղը /0.85-1.4լ/հա/,ֆենագոնը/1-1.5լ/հա/,տրեզորը/1-1.3լ/հա/: Հացազգի մոլախոտերով խիստ վարակված դաշտերն անհրաժեշտ է սրսկել կվարց-սուպեր հերբիցիդով՝ 1.5-2լ/հա, իսկ խրփուկով վարակված դաշտերը՝ տոպիկ պատրաստուկով՝ 0.3-0.4լ/հա չափաբաժիններով: Սրսկումները կատարել մինչև խողովակակալման փուլը, արևոտ  օրերին, երբ օդի ջերմաստիճանը հասնում է ոչ պակաս 120C –ի:

 Աշնանացան ցորենի  մշակության տեխնոլոգիայի ճիշտ և ժամանակին կիրառումը կապահովի լրացուցիչ՝ 5-10 ց/հա բերքի ստացում:

Ռ.Ղազարյան

Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն

Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու


To top