< ԵՀԳՁԶԾ <Տեխնիկական օժանդակություն ՀՀ Գյուղատնտեսության նախարարության > ծրագրի հերթական գործնական ուսուցումը Հաղթանակ համայնքում
04.11.2016 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Տավուշի ԳԱՄԿ)

Հայաստանում տարածված թռչունների և ճագարների ինվազիոն հիվանդությունները


    Հայաստանի հանրապետությունում թռչունների ինվազիոն հիվանդություններից առավել տարածվածություն ունեն և ճյուղի զարգացմանը խոչընդոտում են հետևյալ հիվանդությունները.
ՀԱՎԵՐԻ ՊՐՈՍՏՈԳՈՆԻՄՈԶՆԵՐ
 Պրոստոգոնիմոզներով վարակվում են հավերը, հնդկահավերը, սագերը, բադերը և այլ թռչունները: Հարուցիչները պատկանում են Prosthogonimidae ընտանիքին և Fasciolata ենթակարգին: Մեծահասակ թռչունների մոտ հարուցիչները մակաբուծվում են ձվափողերում, իսկ մատղաշների մոտ՝ ֆաբրիցյան պայուսակում, երբեմն  ուղիղ աղիքում  կամ կոյանցքում:
Պրոստոգոնիմուսները կենսահելմինթներ են: Դրանց վերջնական տերերն են հավերը, հնդկահավերը, սակավ բադերը և սագերը, վարակվում են նաև  վայրի թռչունները: Միջանկյալ տերերն են՝ Bthynia leachi, Gyraulus albusև այլ սեռերին պատկանող ջրային խխունջները, իսկ լրացուցիչ միջանյալ տերերն են՝ Lila, Anax, Cordulia սեռերին պատկանող ճպուռները:
        Այս հիվանդությունը տարածված է Հայաստանի խոնավ և անտառոտ շրջաններում: Հիվանդությունը առավել ծանր ընթացք  ունենում է  հասակավոր թռչունների մոտ:
Ախտանիշները: Հիվանդությունն արտահայտվում է երեք շրջանով:
    Առաջին շրջանի տևողությունը մեկ ամիս է, որի ժամանակ հիվանդ թռչուններն արտաքնապես չեն տարբերվում առողջներից, սակայն հավերն ածում են բարակ, երբեմն էլ փափուկ թաղանթով  ձվեր, այս շրջանի վերջում ձվերը ծածկված են լինում միայն ենթակճեպային թաղանթով և ընկնելուց անմիջապես պատռվում են: Երկրորդ շրջանի ընթացքում (տևողություն մեկ շաբաթ), թռչունները լինում են ընկճված, դրանց մոտ նկատվում է ախորժակի նվազում, պարանոցը ձգում են, հաճախակի կատարում են բերանով օդի կլանման շարժում: Մեծանում է որովայնի ծավալը և հավերը դառնում են դժվարաշարժ: Հավերը երկար ժամանակ նստում են, բայց չեն ածում, կոյանցքից արտազատվում է կրանման զանգված: Երրորդ շրջանի ընթացքում փետուրները կորցնում են իրենց փայլը, բարձրանում է մարմնի ընդհանուր ջերմաստիճանը, ուժեղանում է ծարավի  զգացումը և շրջապատի նկատմամբ անտարբերությունը: Որովայնի ծավալի մեծացման հետևանքով հավերը քայլում են բադանման, որովայնը շոշափելիս նկատվում է ցավազգացություն և անհանգստություն: Կոյանցքը լինում է կարմրած և բորբոքված: Հավերը սատկում են պերիտոնիտից և ինքնաթունավորումից:
Բուժումը: Նախկինում առաջարկվող բոլոր դեղանյութերը  թույլ արդյունավետ էին: Ներկայումս բուժման նպատակով առաջարկվում է ատազոլ դեղամիջոցը, 1 հաբը 15 կգ թռչնազանգվածին, միանվագ, կերի հետ:
Կանխարգելումը: Թռչուններին արգելվում է վաղ առավոտյան կամ էլ անձրևից հետո թողնել ջրամբարների տարածքը կամ էլ անտառները: Անապահով տարածքներում առաջարկվում է տարեկան երկու անգամ, գարնանը և աշնանը թռչուններին ենթարկել ախտորոշիչ հետազոտության: Հիվանդ թռչուններին առանձնացնում են և նրանց մսեղիքն ու ներքին օրգանները ոչնչացնում են:
ՀԱՎԵՐԻ ՌԱՅԵՏԻՆՈԶՆԵՐ
      Հիվանդությունը հարուցում ե Da ենթակարգին պատկանող և հավերի բարակ աղիքներում մակաբուծվող շղթայաձև որդերը:
Հարուցիչները  10-25սմ  երկարություն ունեցող որդեր են՝ կենսահելմինթներ: Հավերի կղկղանքի հետ արտաքին միջավայր ընկած հատվածներին կլանում են միջանկյալ տերերը՝ մրջյունները, որոնց որովայնի խոռոչում 43-46 օրվա ընթացքում ձևավորվում են ինվազիոն ցիստիցերկոիդները: Թռչունները վարակվում են ուտելով մրջյուններին: Հավերի բարակ աղիքներում այս որդերը սեռահասուն են դառնում 12-40 օրվա ընթացքում և մակաբուծվում են մինչև 3 ամիս: Այս հիվանդությունը նույնպես հանդիպում  Հայաստանի հյուսիս-արևելյան մարզերում,առավել հաճախ հիվանդանում են մատղաշները: Թռչունները լինում են սակավաշարժ, ընկճված, թևերը կախ, տեսանելի լորձաթաղանթները գունատ: Դրանց մոտ նկատվում են մարսողության խանգարման և հյուծվածության նշաններ:
Բուժումը:  Նշանակում են այն բոլոր դեղամիջոցները, որոնք կիրառվում էին դավենյոզի բուժման ժամանակ:
Կանխարգելումը:  Անապահով թռչնանոցներում, ձմռան ամիսներին թռչուններին ճիճվաթափում են երկու անգամ: Թռչնանոցներին կից զբոսահրապարակները մաքրում են ավելորդ թփերից, քարերից և այլ առարկաներից:
   
    ՀԱՎԵՐԻ ԱՍԿԱՐԻԴԻՈԶ
           Թռչունների ամենատարածված ճիճվային հիվանդությունն է, տարածված է ամենուր։ Հարուցիչը Acri որդը ունի սպիտակ, թեթև դեղնավուն երանգավորում, արուների երկարությունը 3-7,  իսկ էգերինը՝ 7-12սմ է:
         Թռչունները վարակվում են կերի, ջրի կամ էլ պահեստային տերերին՝ անձրևաորդերին կուլ տալու ճանապարհով:
     Ասկարիդիոզով հիմնականում վարակվում են ճտերը և մինչև 5-6 ամսական հասակ ունեցող մատղաշները, մեծահասակ թռչունները լինում են վարակակիր:
    Հիվանդ մատղաշները նիհարում են, դանդաղում է դրանց աճն ու զարգացումը, դառնում են դժվարաշարժ, խանգարվում է մարսողությունը, կարող են նաև նկատվել ներվային երևույթներ:
    Բուժումը: Նշանակում են հետևյալ ճիճվամուղ դեղամիջոցները.
    Պիպերազին - 0,5գ յուրաքանչյուր թռչնին, կերի հետ, երկու օր:
    Նիլվերմ - 0,04գ յուրաքանչյուր թռչնին, կերի հետ, երկու օր:
    Ատազոլ ֆորտե - 1 հաբը 15 կգ թռչնազանգվածին, կերի հետ, միանվագ:
    Պամիզոլ - 1գ փոշին 4-5կգ քաշին, միանվագ, կերի հետ:
    Կանխարգելումը: Հիվանդությունը կանխարգելելու նպատակով խորհուրդ է տրվում անցնել թռչունների վանդակային պահվածքին և որ ամենակարևորն է մատղաշներին անհրաժեշտ է պահել մեծահասակ թռչուններից անջատ: Թռչունների զբոսահրապարակները ասֆալթապատում են:
       Հատակային պահվածքի դեպքում թռչուններին ճիճվաթափում են 45-60 օրը մեկ անգամ:

ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՍԻՆԳԱՄՈԶ
Այս հիվանդությամբ տառապում են հավերը, հնդկահավերը, փասիանները, սագերը, ճնճղուկները, ագռավները, կաչաղակները և այլ վայրի թռչունները, որոնց շնչափողում, կոկորդում մակաբուծվում է  trchea որդը: Այս որդերը ունեն  վառ կարմիր գունավորում։
Վարակի տարածման աղբյուր են ծառայում ընտանի կամ վայրի թռչունները: Թռչունները հիմնականում վարակվում են տարվա տաք և խոնավ ամիսներին: Հիվանդությունը մեծ տարածում ունի Տավուշի և Լոռվա մարզերում: Սինգամոզի նկատմամբ առավել զգայունակ են հավերի մատղաշները, ինչը  չի կարելի ասել հնդկահավերի վերաբերյալ, քանի-որ դրանք վարակվում են բոլոր հասակներում:
Սինգամոզով հիվանդ թռչունների մատղաշները հաճախակի թափահարում են գլուխը, բերանը բացում արձակելով հազի կամ փռշտոցի աղմուկը հիշեցնող ձայներ: Թռչունների բերանից ծորում է կարմրագույն լորձ: Մատղաշները հետզհետե հրաժարվում են կերից, հյուծվում  և սատկում են:  Այս հիվանդությունից թռչունների անկումները կազմում են 80-100%:
Բուժումը: Առաջարկվում է.
1. Ներշնչափողային ներարկել յոդի ջրային լուծույթ (1գ բյուրեղային յոդ, 1,5գ յոդական կալիում և 2լ տաք ջուր): Լուծույթի դեղաչափերն են՝ մինչև 5 ամսական թռչուններին 1-1,5մլ, միանվագ:
2. Սալիցիլաթթվային նատրիումի 5% լուծույթ, յուրաքանչյուր թռչունին 1մլ, կրկին ներշնչափողային ճանապարհով:
        Թռչուններին նաև նշանակում են նիլվերմ, ֆեբենդազոլ, ատազոլ-ֆորտե և այլ ժամանակակից ճիճվամուղ դեղամիջոցները:

ԹՌՉՈՒՆՆԵՐԻ  ԷՅՄԵՐԻՈԶՆԵՐ
        Թռչունների մոտ հայտնաբերվեզ են էյմերիաների 9 ավելի տեսակներ, որոնցից առավել ախտածին են հետևյալները.
        Հավերի էյմերիոզը հանդիպում է ամենուրեք: Հիմնականում հիվանդանում են 10-80 օրեկան մատղաշները: Էյմերիոզի տարածմանը նպաստում են թռչունների խիտ և հատակային պահվածքը, ինչպես նաև շենքերի բարձր խոնավությունը, ոչ լիարժեք կերակրումը և հակասանիտարական պայմանները: Հիվանդության բռնկումները սկսվում են վաղ գարնանը և շարունակվում են մինչև ուշ աշուն: Օոցիստները խիստ կայուն են արտաքին միջավայրի անբարենպաստ գործոնների և ախտահանիչ լուծույթների նկատմամբ:
        Թռչունների մոտ հիվանդության գաղտնի շրջանի տևողությունը կազմում է 4-5 օր: Ճտերի մոտ սկզբում նկատվում է ծարավի զգացում, այնուհետև դրանք հետզհետե հրաժարվում են կերից, լինում են ընկճված, հավաքվում են իրար գլխի, փետուրները լինում գզգզված, կատարը և գինդերը անեմիկ: Այնուհետև դրանց մոտ սկսվում է անզուսպ փորլուծ: Այս հիվանդությունից անկումները արձանագրվում են հիվանդության առաջին նշանների ի հայտ գալուց 3-7 օր անց: Անկումները երբեմն հասնում են մինչև 100%:
Թռչուններին բուժման նպատակով նշանակում են. Կլոպիդոլ, կոկցիդիովիտ, լեռբեկ, սուլֆադիմեզին, ֆուրազոլիդոն և այլն:

ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ԿՆԵՄԻԴՈԿՈՊՏՈԶ
        Կնեմիդոկոպտոզով հիվանդանում հավերը, հնդկահավերը, սիրամարգերը, աղավնիները և այլ վայրի ու դեկորատիվ թռչունները: Աքաղաղներն ավելի հաճախ են հիվանդանում, քան հավերը: Հիվանդությունը բուռն զարգացում է ունենում տարվա տաք եղանակներին, իսկ ցրտերի հետ  այն հետզհետե մարում է:

Ոտքերի կնեմիդոկոպտոզ կամ ոտքերի քոս, կրակալած ոտք
    Ախտաբանական երևույթը սովորաբար զարգանում է ցատկիչ հոդից ցածր գտնվող մաշկի վրա: Թեփուկները բարձրանում են, իսկ մաշկը հաստանալով դառնում է անհարթ: Թռչունների մոտ առաջանում է քորի ուժեղ զգացում: Հավերը երկար ժամանակ կանգնում են մեկ ոտքի վրա և կտցահարում են ախտահարված հատվածները: Վերքերից ծորացող արյունը և ավիշը խառնվելով փոշու կամ հողի հետ, չորանալով կեղապատում են վերջավորությունը: Մաշկի եղջրային շերտը հաստանում է, առաջանում են տարածուն մոխրագույն կեղեր: Հավերը դառնում են դժվարաշարժ կամ էլ կաղում են: Հոդերը բորբոքվում և ուռչում են, իսկ մատները երբեմն բորբոքման հետևանքով ենթարկվում են նեկրոզի: Դանդաղում է մատղաշների աճն ու զարգացումը, իսկ մեծահասակ հավերի մոտ ընկնում է ձվատվությունը:
Բուժումը: Խոշոր տնտեսություններում կնեմիդոկոպտոզով հիվանդ թռչուններին խորհուրդ չի տրվում բուժել, դրանց ենթարկում են սպանդի: Մանր տնտեսություններում թռչունների ոտքերը մշակում են, պսորոպտոզի բուժման նպատակով առաջարկվող տզասպան նյութերի լուծույթներով: Մշակումները կատարում են երկնվագ, 10 օր ընդմիջումով: Մաշկային ձևի ժամանակ ախտահարված հատվածները մշակում են տզասպան նյութերով:     
                  
    Հայաստանում ճագարների առավել տարածված ինվազիոն հիվանդություններն են.
   
    ՃԱԳԱՐՆԵՐԻ ՊԱՍԱԼՈՒՐՈԶ
       Այս կլոր որդերը մակաբուծվում են ճագարների շրջանակաձև և կույր աղիքներում: Պասալուրների կյանքի տևողությունը 60-106 օր է:
        Պասալուրոզով վարակվում են բոլոր հասակային խմբերին պատկանող ճագարները և նապաստակները, ավելի ինտենսիվ մատղաշները: Ինվազիայի էքստենսիվությունը կարող է հասնել 40-90%: Հիվանդության տարածմանը նպաստում է հատակային և խիտ պահվածքը: Ճագարների պասալուրոզը մեծ տարածում ունի Հայաստանի ճագարաբուծությամբ զբաղվող տնտեսություններում:     Հիվանդ կենդանիների մոտ նկատվում են փորլուծի և մարսողության խանգարման այլ նշաններ, հետանցքի հատվածի մաշկը կարմրում, մազերը թափվում և բորբոքվում է, առաջացած քորի հետևանքով ճագարները հետանցքի շրջանը քսում են գետնին, վանդակների պատերին կամ կերամաններին:
    Բուժումը- Պիպերազին  - 1 գ/կգ դեղաչափով միանվագ, կամ էլ 0,5գ/կգ դեղաչափով երկնվագ: Մատղաշներին մորից անջատելուց հետո պիպերազինը նշանակում են 0,75գ/կգ դեղաչափով, երկնվագ:
           Լևամիզոլ - 1,5գ/կգ դեղաչափով, միանվագ:
           Պանակուր - 12,5մգ/կգ դեղաչափով, օրը մեկ անգամ 5 օր, կերի հետ միասին:
        Հիվանդությունը կանխարգելելու նպատակով, խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ճագարանոցները,  դրանց վանդակները, կերամանները և ջրամանները: Նորածին ճագարներին մորից անջատելուց հետո 50 օրերի ընթացքում, խորհուրդ է տրվում կերի հետ տալ պիպերազին 0,1-0,15գ/կգ դեղաչափով:

ՊԻԶԻՖՈՐՄԱՅԻՆ ՑԻՍՏԻՑԵՐԿՈԶ
        Հայաստանում ճագարների և նապաստակների խիստ տարածված է ցեստոդոզը: Հարուցիչի թրթուրային ձևը հանդիպում է ճագարների և նապաստակների որովայնի խոռոչի շճաթաղանթների վրա: Հարուցչի ձվերը, վերջնական տերերի՝ շուն, գայլ, աղվես, կատու արտաթորանքի հետ ընկնելով արտաքին միջավայր, ջրի կամ կերի հետ կլանվում են միջանկյալ տերերի՝ ճագարների կամ էլ նապաստակների կողմից, որոնց աղիքներում սաղմը սկզբում ներդրվում է աղեպատի լորձաթաղանթի մեջ, այնուհետև անցնում է արյան կամ էլ ավշային անոթները և  արյան հոսքով հասնում է լյարդ, որի միջով տեղաշարժվելով, ծակում է նրա թաղանթը և ընկնում որովայնի խոռոչը, այնտեղ ամրանալով որովայնամիզին կամ էլ ճարպոնին սկիզբ է տալիս ցիստիցերկներին: Հասուն ցիստիցերկների չափսերը հասնում են խաղողի գնդիկի մեծությանը: Հիվանդ կենդանիները նիհարում են, ցիստիցերկների զարգացմանը զուգընթաց մեծանում է  դրանց որովայնի ծավալը:
 Արգելվում է շներին և կատուներին կերակրել ճագարների փորոտիքով: Խստիվ արգելվում է շների և կատուների մուտքը ճագարանոցները:
   
    ՃԱԳԱՐՆԵՐԻ ԷՅՄԵՐԻՈԶՆԵՐ
        Ճագարների մոտ մակաբուծվում են 10 ավելի տեսակի էյմերիաներ: էյմերիոզը տարածված է ամենուրեք, երբեմն ինվազիայի էքստենսիվությունը հասնում է 100%: Հիվանդության տարածմանը նպաստում են ճագարների խիտ և հատակային պահվածքը: Հիվանդության բռնկումները արձանագրվում են տարվա տաք եղանակներին: Ինվազիայի աղբյուր են ծառայում մայրերը և հիվանդացած ու առողջացած ճագարները:
        Ճագարների մոտ հիվանդության գաղտնի շրջանի տևողությունը կազմում է 4-12 օր: Հիվանդությունը ըստ ընթացքի լինում է սուր, ենթասուր և խրոնիկական: Հիվանդության կլինիկական արտահայտվածությունը պայմանավորված է նրանով, թե որ տեսակ հարուցիչներով է կենդանին վարակված: Ճագարների մոտ այս հիվանդությունը արտահայտվում է աղիքային, լյարդային և խառը ձևերով: Հիվանդության սկզբում հիմնականում ախտահարվում են աղիքները, այնուհետև ախտաբանական պրոցեսի մեջ է ընդգրկվում նաև լյարդը:
        Հիվանդ ճագարների մոտ նկատվում է քաշաճի կտրուկ անկում, ընկճվածություն և տեսանելի լորձաթաղանթների դեղնություն: Հիվանդները երկար ժամանակ մնում են պառկած, որովայնի ծավալը հետզհետե մեծանում է, շոշափելիս լինում է խիստ ցավազգաց: Կենդանիների մասայական անկումներին նախորդում են ներվային նշանները և այլն:
Բուժման նպատակով  ճագարներին նշանակում են.
1.    Ֆտալազոլ – 0,1գ/կգ:
2.    Նորսուլֆազոլ – 0,5% ջրայինլուծույթի ձևով:
3.    Սուլֆապիրիդազին – 100մգ:
4.    Քիմկոկցիդ - 30մգ/կգ:
        Նշված բոլոր դեղամիջոցները տալիս են 5 օր, այնուհետև տալիս են 5 օր ընդմիջում և կրկին 5 օր նորից կրկնում են:
 Ճագարներին անհրաժեշտ է պահել ցանցապատ հատակներով վանդակներում: Ամեն օր անհրաժեշտ է փոխել ցամքարը և եռացրած ջրով լվանալ կերամանները և ջրամանները:  Մատղաշներին մայրերից անջատելուց անմիջապես հետո նշանակում են ֆուրազոլիդոն 0,02գ/կգ դեղաչափով,  5 օր, այնուհետև 5 օր տալիս են ընդմիճում և կրկին կրկնում ևս 5 օր:

ՃԱԳԱՐՆԵՐԻ   ՊՍՈՐՈՊՏՈԶ(ՔՈՍ)
        Հիվանդությունը  ունենում է սուր և խրոնիկանան ընթացք, բնորոշվում է քորի, բրդա-մազաթափման և հյուծվածության նշաններով: Ճագարները ունեն իրենց յուրահատուկ հարուցիչը, որը մակաբուծվում ականջների ներքին մակերեսին։
        Ճագարները  վերջավորություններով քորում են ախտահարված ականջները, առաջացնելով վերքեր: Ականջի խեցու ողջ ներքին մակերեսը պատվում է կեղերով, լուսանցքում կուտակվում է մեծաքանակ ծծումբ կամ էլ բորբոքային էքսուդատ, ախտահարված ականջները լինում են կախ:
       
Նյութը տրամադրել է՝ Հովհաննես Նաղաշյանը,                                                  անասնաբուժական գիտությունների դոկտոր պրոֆեսոր,
 Հայաստանի ազգային ագրարային համալսարան
            


To top