< Տեղեկանք
24.01.2017 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Տավուշի ԳԱՄԿ)

Գյուղատնտեսական կենդանիների ծնի կազմակերպում և մատղաշի աճեցում


Կովերի ծնի կազմակերպում և անցկացում

  Կովերի հղիության 6-րդ ամսից պետք է ուշադրություն դարձնել դրանց պահվածքի վրա, հատկապես պաշտպանել հարվածներից, եթե կովանոցում չկան համապատասխան ավտոխմոցներ ջրի համար նախատեսված, ավելի լավ կլինի կովերին ջրել շենքի մեջ կամ անասնագոմում՝ օրական 3-4 անգամ, իհարկե չզրկելով զբոսանքից:

·         Կովանոցը պետք է լինի մաքուր, օդը չոր, գոմաղբը շուտ հեռացնել և ցամքարը փոխել:

·         Ծնելուց 7-8 օր առաջ, կովին պետք է տեղափոխել ծնարան, կամ այդ նպատակի համար հարմարեցված գոմի անջատված մի մասը, որը ծնից առաջ ախտահանվում է 25%-անոց հանգած կրով կամ կրեոլինի 5%-անոց լուծույթով:

·         Ծնարանի կովերին պետք է ջրել շենքում, դրանց տրվող կերերը պետք է լինեն լավորակ, թարմ: Ծնից 10 օր առաջ և 10 օր հետո սիլոսը փոխարինել լավորակ խոտով, քուսպերը՝ (շրոտ) հատիկային կերերով:

·         Երինջների հղիության վերջին ամիսներում պետք է ընտելացնել կթելուն կրծի պտուկների թեթևակի մասաժի (տաք ջրով թրջած սրբիչի օգնությամբ) միջոցով:

·         Ծնից առաջ կովի մարմնի հետևի մասը լվացվում է գոլ ջրով, ախտահանիչ լուծույթով, չորացվում է մաքուր շորով, կովի տակ փռվում է մաքուր, չբորբոսնած ծղոտի հաստ շերտ:

·         Ծինն ընդունողները պետք է հագնեն մաքուր խալաթ, կողմնակի անձանց մուտքը ծնարան պետք է արգելել:

·         Ծնից հետո կովի տակից հեռացվում է կեղտոտ ցամքարը և փոխարինվում է չոր, թարմ ցամքարով, հետևի մասը և կուրծը մաքուր լվացվում է գոլ ջրով և սրբվում

·         Ծնից մոտ կես ժամ հետո կովին տրվում է խոտ, իսկ ամառը `կանաչ զանգված, կերակրումը պետք է կատարել օրական 3-4 անգամ:Խտացրած կերեր պետք է տալ երկրորդ- երրորդ օրվանից` (թեփ կամ մանրացրած  հատիկային կեր մեկ կիլոգրամի չափով, երրորդ-չորրորդ օրվանից արդեն 2կգ, իսկ 8-10 օրից ` 3կգ), ճակնդեղով կերակրումը ` սկսած 4-րդ օրվանից:

·         Ջուրը տրվում է գոլ վիճակում `20-25˚C, ծնից կես ժամ հետո` 1-2 դույլ:

·          Առաջին կիթը կատարվում է ծնելուց մեկ, մեկ ու կես ժամ հետո:

·         Ծնից հետո պետք է հետևել կովի առողջությանը` ընկերքը ժամանակին (20-24 ժամվա ընթացքում) գցելուն, կրծի նորմալ վիճակին, հիվանդության առաջին իսկ նշանների դեպքում դիմել անասնաբույժին:

·         Ծնից հետո հետևել շենքի, կերերի, կաթի տարաների մաքրությանը, ծնարանի ջերմությանը, որոնք կովի և հորթի առողջության կարևոր պայմաններն են:

 Նորածին հորթերի կերակրում և խնամք

  Մատղաշի աճեցման գլխավոր խնդիրն է ստանալ և պահպանել նորածին հորթերին և նրանցից ստանալ բարձր մթերատվություն: Վերջինիս կարելի է հասնել միայն մատղաշի նպատակադրված աճեցումով:

Քանի որ արգանդային շրջանում պտուղը զարգանում է մայրական օրգանիզմում, անհրաժեշտ է կովին ցամաքեցնել առնվազն ծննդաբերելուց 2 ամիս առաջ, իսկ բարձրակիթ կովերին` 70 օր առաջ: Ցամաքային շրջանում անհրաժեշտ է կովին կերակրել հատուկ նորմավորված կերերով:

  Նպատակահարմար է, որպեսզի կովերի ծինը կատարվի անասնաշենքի առանձնացված հատուկ տեղում, որտեղ նրանց տեղափոխում են ծննդաբերելուց մոտ 15 օր առաջ: Անկյունը ծածկել ցամքարով, մաքուր պահել, շուտ-շուտ հեռացնել գոմաղբը: Ծննդօգնողը պետք է ձեռքի տակ ունենա ախտահանիչ նյութեր, մաքուր սրբիչ, մկրատ, տաք ջուր: Ծնից անմիջապես հետո լորձից մաքրել նորածին հորթի բերանը և քթանցքները /սա պետք է ձեռքով զգուշությամբ մաքրել, այլ ոչ փչել` ինչպես ընդունված է ֆերմերների շրջանում/: Փչելու դեպքում լորձունքն ավելի խորն է թափանցում քթանցքները` դրանով իսկ դժվարացնելով հորթուկի շնչառությունը: Պորտալարը կտրվում է ինքնուրույն չկտրվելու դեպքում կտրել ախտահանված մկրատով` հորթի փորից 10-12 սմ հեռավորությամբ: Արյունահոսելու դեպքում պետք է որոշ ժամանակ մատով սեղմած պահել, մինչև արյունը մակարդվի: Այնուհետև հորթին թողնել մոր մոտ, որպեսզի մայրը լիզի, չորացնի ձագին: Չորացնելուց հետո նպատակահարմար է հորթին տեղափոխել նախատեսված անհատական վանդակ, որի չափերը պետք է լինի. լայնությունը` 0.8-1մ, երկարությունը` 1-1.2մ, բարձրությունը` 1մ:

  Ծնվելուց ամենաուշը 1.5 ժամ հետո, կովի կուրծը գոլ ջրով լավ լվանալ, չորացնել և նորածին հորթին կերակրել առաջին խեժով: Սա  կերակրման պարտադիր պայման է, քանի որ ծննդաբերությունից 2 ժամ հետո խեժը փոխում է իր բաղադրությունը` պակասում են հորմոնները, ֆերմենտները և այլն: Խեժը պարունակում է 2 անգամ ավելի շատ չոր նյութեր, 4-5 անգամ շատ սպիտակուց: Կրկնակի շատ են հանքային նյութերը, քան սովորական կաթի մեջ: Խեժը հարուստ է վիտամիններով, պարունակում է մի շարք հորմոններ, որոնք կարևոր են հորթի համար, պարունակում են հակամարմիններ, որոնք հորթի օրգանիզմ մտնելով նրան պաշտպանում են տարբեր հիվանդություններից:

 Նորածնի մարսողությունը լավացնելու համար երկրորդ կամ երրորդ օրվանից տալիս են ջուր` օրական 1-1.5լիտրից ոչ ավելի: Մինչև երկու ամսական դառնալը հորթին կերակրել անարատ կաթով, այնուհետև` զտած կաթով: Հորթերի մինչև 8-10 օրական հասակը պատադիր է կերակրել մոր կաթով, այնուհետև կարելի է կերակրել ընդհանուր, առողջ  կովերից ստացված կաթով:

 15-30 օրականից հորթին սովորեցնում են խոտին, իսկ 30-40 օրականում` համակցված կերին /հատկապես օգտակար է վարսակը/ :

Անհատական վանդակներում պահելիս կաթը խմեցնում են պտուկավոր ծծիչներով, իսկ մյուս կերերը տալիս են առանձին կերամաններով: Անհատական վանդակից ընդհանուր վանդակ հորթերին կարելի է տեղափոխել 15 օրականից:

 Մսատու տավարաբուծության մեջ հորթերին պահում են մայրերի տակ` ծծեցնելով մինչև 6-8 ամսական դառնալը:

   խոզերի ծնի անցկացումը և մատղաշի աճեցումը

  Խոզաբուծությունը անասաբուծության բարձր եկամտաբեր ճյուղերից է: Տարվա ընթացքում մեկ խոզամայրից կարելի է ստանալ 18-20 խոճկոր, որն ապահովում է 2 տոննա մսի արտադրություն: Ֆերմերային տնտեսություններում կարևոր խնդիր է համարվում խոզերի ծնի կազմակերպումը և խոճկորների խնամքն ու պահպանումը
  Ծինը հաջող ընդունելու համար անհրաժեշտ է ունենալ մաքուր սրբիչ, 10%-անոց յոդի լուծույթ և մկրատխոճկորների պորտալարը կտրելու համար: Կացոցի հատակը պետք է ծածկված լինի ծղոտով կամ թեփով: Ծինը հիմնականում լինում է գիշերային ժամերին և տևում է 2-3 ժամ: Ծնի ձգձգման դեպքում մերուններին սրսկում են խթանիչ պրեպարատներ (օքսիտոցին, պիտուիտրին): Խոճկորներին անկորուստ պահպանելու և մոր կողմից չտրորելու համար ծնի կացոցին կից՝ փոքրիկ դռնով դեպի կացոցը բաց, հատակը փայտից կամ ծղոտով ծածկված, պատրաստվում է մոտ 1-1,2 մ2 մակերեսով առանձին կացոց խոճկորների համար: Ցանկալի է, որ այդ կացոցը նույնպես ծածկված լինի 0,8-1,0մ բարձրությամբ և ջեռուցվի այնտեղ կախված էլեկտրական լամպով:
Սկզբնական շրջանում կացոցի ջերմաստիճանը պետք է լինի 26-28 աստիճան C, իսկ հետագայում մորից անջատման ժամանակ, այն իջեցվում է 20-22 աստիճան C: Նոր ծնված խոճկորներին մաքրում են սրբիչով, մկրատով կտրում պորտալարը` թողնելով 4-5 սմ, մշակում են յոդով կամ կրեոլինով և ծայրից կապում թելով: Դրանից հետո խոճկորին հնարավորություն են տալիս մի քանի րոպե մորը ծծելու, որից հետո նրան տեղադրում են արկղի մեջ առանձնացված բաժանմունքում և ծածկում հաստ ու փափուկ շորով:
  Ծինն ավարտվելուց հետո մոր տակ թողնում են այնքան խոճկոր, որքան գործող պտուկների թիվն է: Խոճկորներին մոր մոտ են թողնում՝ չսպասելով ծինը վերջանալուն և նորից հավաքում: Խոզամայրի առջևի և միջին մասի պտուկներն ավելի շատ կաթ են արտադրում, քան հետևինները, առջևի պտուկների կաթի մեջ յուղայնությունն ավելի բարձր է, իսկ վերջիններինը` պակաս:Դրա համար խոճկորներին պտուկների մոտ դասավորում են այնպես, որ ավելի մանր խոճկորները գտնվեն առջևի մասում, իսկ խոշորները` հետին մասում: Եթե խոճկորների քանակն ավելին է քան գործող պտուկների քանակը, ապա ավելորդ խոճկորներին ամրացնում են պակաս խոճկոր ունեցող մերուններին, որոնք ծնել են նույն ժամանակում:

 

 Ոչխարների ծնի անցկացումը և մատղաշի աճեցումը

   Գառների ստացումը և աճեցումը հոտի վերարտադրության կարևոր օղակներից է: Մաքիներին առավելապես լիարժեք, հաշվեկշռված պիտի կերակրել հղիության վերջին երկու ամսում, երբ ընթանում է պտղի ավելի ինտենսիվ աճն ու զարգացումը: Մաքիների ծնի կազմակերպումը պայմանավորված է սեզոնով: Ձմեռային և վաղ գարնանային ծնի անցկացման համար անհրաժեշտ են համապատասխան շինություններ, լիարժեք կերերի պաշար, գույք, ցամքար:

  Գարնանային ծնի դեպքում՝ երբ առկա են արոտները, նվազում են կոպիտ և հյութալի կերերի պահանջը, հնարավոր է օգտագործել թեթև շինություններ: Ծնի նախապատրաստման շրջանում անհրաժեշտ է ծնից 10-15 օր առաջ ոչխարանոցը մաքրել գոմաղբից, վերանորոգել և տեղավորել գույքը: Ծնարանում օդի ջերմաստիճանը պետք է լինի 15-18օC, խոնավությունը 70 %-ից ոչ ավելի: Ծնարանի պատերը մինչև 70սմ բարձրության վրա անհրաժեշտ է փակել ծղոտով կամ տախտակով:

   Ձմեռային ծնի ժամանակ յուրաքանչյուր մեկ մաքիի համար անհրաժեշտ է նախապատրաստել 1.0-1.2 քմ տարածություն: Մաքիները, որոնք գտնվում են սնվածության լավ վիճակում, ծնում են շատ հանգիստ և միջամտության կարիք չեն զգում:

   Ծնվելուց հետո գառի դունչը մաքրում են լորձից, պորտալարը կտրում որովայնից 8-10սմ հեռավորության վրա և ախտահանում, որից հետո գառը տալիս են մորը, որպեսզի լիզի: Ծնից 10-15 րոպե հետո մոր կրծի վրայի և հետին վերջավորությունների ներսի մասի բուրդը անհրաժեշտ է խուզել, նույն բանը կարելի է անել նաև ծնից 10-15 օր առաջ: Կուրծը պետք է լվանալ գոլ ջրով, մաքրել, որից հետո թողնել, որ գառը ծծի մորը: Գառանը առաջին անգամ մորը ծծելու են թողնում ծնից 20-30 րոպե հետո:Պետք է կաթի առաջին շիթերը կթել այլ տարայի մեջ, ապա նոր թողնել, որ գառը ծծի: Կերակրելուց հետո մորը գառան հետ միասին տեղափոխում են անհատական վանդակ, ուր թողնում են այնքան ժամանակ, մինչև մայրը գառանը թույլ տա ազատ ծծելու: Միայն դրանից հետո գառանը մոր հետ միասին փոխադրում են ծնած ոչխարների խումբը:

  Ձմեռային կամ գարնանային ծին ստանալու ժամանակ շատ են կիրառում աճեցման փարախաբակային եղանակը: Այս դեպքում, ցերեկվա ժամերին, սկսած 15-20 օրականից գառներին առանձնացնում են մայրերից: Օրվա ընթացքում յուրաքանչյուր 4-5 ժամը մեկ գառներին թողնում են մայրերին ծծելու, իսկ սկսած մեկ ամսական հասակիցª օրական երկու անգամ, առավոտյան և երեկոյան: Գառների աճեցման այս եղանակի առանձնահատկությունը նաև այն է, որ մայրերը բակում գտնվելիս ոչխարանոցի միկրոկլիման և զոոհիգիենիկ պայմանները լավանում են, ինչը նպաստում է մատղաշի գլխաքանակի առավել լավ պահպանմանը: Ցանկալի է ծնարանում, գետնից 100-120սմ բարձրության վրա կախել ջերմարձակող էլեկտրալամպեր, որի տակ հավաքվում են գառները: Սկսած 15-20 օրականից, գառներին լրացուցիչ տալիս են խտացրած կեր, խոտալյուր, գազար և այլ կերեր: Նրբագեղմ և կիսանրբագեղմ ցեղի գառների պոչը պարտադիր պետք է կտրել 2-3 շաբաթական հասակում, պոչի 4-5 ողերի միջև և ախտահանել:

  Կյանքի առաջին երկու ամիսներին գառների աճը գրեթե ամբողջությամբ կախված է մոր կաթնատվությունից, այնուհետև այլ կերերի քանակի ավելացմանը զուգընթաց կախվածությունը նվազում է: Գառներին մինչև մեկ ամսականըª օրական լրացուցիչ տալիս են 40 գրամ խտացրած կեր, 200 գրամ առվույտի կամ կորնգանի խոտ, 2 ամսականում 150-200 գրամ խտացրած կեր (ցանկալի է վարսակ), 300 գրամ խոտ, իսկ 3-4 ամսականումª 250 գրամ խտացրած կեր (վարսակ կամ ջարդած գարի) , 350-400 գրամ խոտ: Մաքիների կիթն ավարտելուց հետո գառներին բաց են թողնում մայրերին ծծելու: Մայիսի վերջից կամ հունիսի սկզբից բոլոր մայրերին և գառներին տեղափոխում են ամառային արոտավայրեր, հունիսի կեսից գառներին մայրերից անջատելուց հետո տեղափոխում են փարթամ բուսածածկ ունեցող արոտավայրեր: Գառների ամառային արոտային պահվածքը շարունակվում է մինչև արոտավայրերի չորացումը, քանի դեռ նրանց աճն ու զարգացումը առանց լրացուցիչ կերակրման ընթանում է նորմալ:

  Գառների խուզը կատարում են հուլիսի երկրորդ կեսին կամ օգոստոսի առաջին կեսին: Խուզից հետո կազմակերպում են սեփական հոտի վերարտադրության համար ոչ պիտանի մատղաշի արոտագիրացում և բտում: Գիրացման և բտման սկզբնական շրջանում կազմակերպում են խտացրած կերերով լրացուցիչ կերակրումª (250-300 գրամ), որն անհրաժեշտ է օրական 150-200 գրամ քաշաճ ստանալու համար: Բտման եզրափակիչ փուլում խտացրած կերերի քանակը հասցնում են 350-400 գրամի: Անկախ բտման ժամկետներից, երբ գառների կենդանի քաշը հասնում է 35-40 կգ-ի, նպատակահարմար է դրանց ենթարկել սպանդի կամ վաճառքի:


To top