< Տեղեկանք
24.01.2017 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Տավուշի ԳԱՄԿ)

Հանքային պարարտանյութերի օգտագործումը


  Գյուղատնտեսական մշակաբույսերից բարձր և կայուն բերք ստանալու համար կարևոր   նշանակություն ունի պարարտանյութերի կիրառումը:

  Պարարտանյութերի ճիշտ կիրառման  համար հաշվի են  առնվում պարարտացվող բույսի պահանջը սննդանյութերի նկատմամբ, հողի և պարարտանյութի հատկությունները:Պարարտացման տնտեսական արդյունավետությունը մեծ  չափով   կախված   է  տնտեսությունում ագրոտեխնիկական համալիր միջոցառումների կիրառումից:Որքան բարձր է կիրառվող ագրոտեխնիկայի ընդհանուր մակարդակը (հողի մշակություն, վար, ցանք, ոռոգում, պայքարի աշխատանքներ և այլն),այնքան բարձր  է  և պարարտանյութերի արդյունավետությունը:

  Պարարտանյութերը բաժանվում են 2 հիմնական խմբի`

  1. Օրգանական պարարտանյութեր, որոնք գոյանում են գյուղատնտեսական արտադրության մեջ (գոմաղբ,թռչնաղբ) և օգտագործվում են հիմնականում նույն տնտեսությունների կողմից:
  2. Հանքային պարարտանյութեր,որոնք ստացվում են գործարաններում` հումքի վերամշակման միջոցով:Հանքային պարարտանյութերը  լինում են` ազոտական , ֆոսֆորական, կալիումական  բարդ և համակցված և միկրոպարարտանյութեր:

Պարարտացման նպատակով ամենաշատն  օգտագործվում են ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերը, քանի որ բույսերի սննդառության գործում այս երեք   տարրերն ունեն որոշիչ դեր:

Ազոտական պարարտանյութեր

  Հայաստանում ազոտական պարարտանյութերից ամենատարածվածն   ամոնիակային սելիտրան  է ( NH4NO3),ինչը   պարունակում  է  34.6% ազոտ` ամոնիումի և նիտրատի իոնների ձևով:Ամոնիակային սելիտրան արդյունավետությամբ  առաջատար տեղ է գրավում ազոտական  պարարտանյութերի  մեջ, քանի որ  նրա   մեջ ազոտի կեսը գտնվում  է հեշտ տեղաշարժվող նիտրատի տեսքով, իսկ կեսը դժվար տեղաշարժվող ամոնիումի տեսքով:Այն կիրառվում է ինչպես հիմնական պարարտացման ձևով` նախացանքային  մշակության ժամանակ, այնպես էլ ցանքակից պարարտացման և սնուցման ձևով:Ամոնիակային սելիտրան  կարելի է  օգտագործել գյուղատնտեսական բոլոր մշակաբույսերի պարարտացման նպատակով:

   Ազոտային սննդառության առումով հատուկ տեղ են գրավում բակլազգի մշակաբույսերը,քանի որ դրանք  իրենց արմատների վրա գտնվող պալարաբակտերիաների միջոցով կարողանում են օգտագործել օդում գտնվող ազոտը:Սակայն աճի սկզբնական շրջանում, երբ պալարաբակտերիաները դեռևս  բավարար չափով չեն  գործում, դրանք  նույնպես կարիք են զգում լրացուցիչ ազոտի:Այդ պատճառով բակլազգի մշակաբույսերը նույնպես դրական են արձագանքում նախացանքային կամ ցանքակից ձևով տրված ազոտական պարարտանյութերով փոքր չափաբաժիններով պարարտացմանը (30-40կգ/հա):

  Հացահատիկային մշակաբույսերը շատ ուժեղ են արձագանքում ազոտական պարարտանյութերով պարարտացմանը, այն բարելավում  է վեգետատիվ և գեներատիվ օրգանների աճը, բարձրացնում է թփակալման էներգիան, ավելացնում  բերքատվությունը և հատիկի մեջ սպիտակուցների քանակը:Բերքատվության կտրուկ ավելացում է նկատվում հատկապես ոռոգովի և խոնավությամբ բավարար ապահովված շրջաններում:

  Հացահատիկային հասկավոր մշակաբույսերի մեծ մասը ազոտի  հիմնական քանակը կլանում են  վեգետացիայի վաղ փուլերում:Օրինակ աշնանացան ցորենը թփակալման փուլում յուրացրած է լինում անհրաժեշտ ազոտի կեսը,իսկ հասկակալման փուլում 2/3-ը:Գարնանցան ցորենը և գարին ունեն  ազոտի ինտենսիվ յուրացման համեմատաբար ավելի կարճ ժամկետ:

  Աշնանացան  հացահատիկների տակ անհրաժեշտ  է աշնանը հիմնական վարի տակ կամ նախացանքային   կուլտիվացիայի ժամանակ հող մտցնել 30-60կգ ազդող նյութի հաշվով ազոտական պարարտանյութեր:

  Աշնանացան հացահատիկների բերքատվության բարձրացման գործում առավել կարևոր նշանակություն ունեն ազոտական պարարտանյութերով վաղ գարնանային սնուցումները:Կախված պլանավորվող բերքի քանակից, սնուցումների չափաբաժինը տատանվում է 30-90կգ/հա:Վաղ գարնանային սնուցումների հետ միասին կիրառվում է նաև արտարմատային սնուցում ավելի ուշ ժամկետներում  (հասկակալումից  հետո) 20-30կգ/հա չափաբաժնով:Ուշ սնուցումները սովորաբար  չեն ավելացնում բերքատվությունը, սակայն զգալիորեն բարելավում են հատիկի որակը՝ ավելացնելով նրա մեջ սպիտակուցների և սոսնձանյութի քանակները:Գարնանացան հացահատիկային մշակաբույսերի համար ազոտական պարարտանյութերի միջին չափաքանակը  տատանվում է 30-60կգ/հա  սահմաններում:Այն  հող է  մտցվում կամ աշնանը` հիմնական վարի տակ(չորային տարածքներում)   կամ  վաղ   գարնանը  նախացանքային մշակության ժամանակ:

    Եգիպտացորենն ունի ազոտի և այլ սննդանյութերի ինտենսիվ կլանման ավելի երկար  ժամանակահատված,ինչը   տևում է  մինչև մոմային հասունացում:

  Եգիպտացորենի տակ տալիս  են միջինը 60-90կգ/հա ազոտ, հողի նախացանքային մշակության  ժամանակ:90կգ և ավելի չափաբաժնով պարարտացման դեպքում մեծ մասը տալիս  են նախացանքային մշակության ժամանակ,իսկ փոքր մասը (20-25կգ/հա) առաջին  միջշարային մշակության աշխատանքների ժամանակ:

  Կարտոֆիլը  սննդանյութերի ինտենսիվ կլանումն  սկսում է ծաղկման փուլի սկզբից:Այդ ժամանակ բույսերն  արդեն ունենում են զարգացած վերերկրյա կանաչ զանգված, նրանց մոտ սկսում է պալարների ուժեղ աճ:Կարտոֆիլի պարարտացման միջին չափաբաժինը 60-90կգ/հա է, որի մեծ մասը,  հող  են մտցնում  մինչև տնկումը` վարի կամ կուլտիվացիայի տակ, իսկ 15-20 կգ/հա կարելի է տալ տնկման ժամանակ փոսերի մեջ լցնելով:Ազոտի ավելցուկը կարող է վատ անդրադառնալ կարտոֆիլի որակի վրա, այդ պատճառով պետք է խուսափել բարձր չափաքանակներով պարարտացումից:

  Բանջարանոցային մշակաբույսերն  ամբողջ վեգետացիայի ընթացքում բարձր պահանջ են ներկայացնում ազոտային սննդառության նկատմամբ:Ազոտական պարարտանյութերի չափաբաժինը կազմում է 60-120կգ/հա ազոտ՝  20-30տ/հա գոմաղբով պարարտացման դեպքում:

  Պտղատու և հատապտղատու մշակաբույսերն   առավել զգայուն են ազոտական պարարտանյութերի նկատմամբ:Բարձր արդյունավետությունն  զգացվում է  ինչպես նրանց առանձին, այնպես էլ ֆոսֆորական և կալիումական  պարարտանյութերի հետ համատեղ պարարտացման ժամանակ:Ազոտի ներմուծումը նպաստում է վեգետատիվ օրգանների աճի արագացմանը, պտղատու բողբոջների առաջացմանը,պտուղների չափերի մեծացմանը և որակի բարձրացմանը: 

  Պտղատու և հատապտղատու մշակաբույսերի տակ ազոտական  պարարտանյութերն   անհրաժեշտ է հող մտցնել որքան հնարավոր է խոր ( 50սմ և ավելի), բույսերի հիմնական մազարմատներին հնարավորինս մոտ:Դրա համար  արվում են  անցքեր   կամ ակոսներ   կամ հատուկ ներարկիչների միջոցով պարարտանյութը ներարկվում է  հողի մեջ:Ազոտի միջին չափաքանակը  պտղատուների համար 60-90կգ/հա է,երբեմն մինչև 120կգ/հա,իսկ  հատապտղատու մշակաբույսերի համար՝ 45-60կգ/հա է, կախված հողի բերրիության աստիճանից:Ազոտի ավելցուկը պտղատու և հատապտղատու մշակաբույսերի համար ցանկալի չէ, քանի որ այն կարող է խթանել ուժեղ վեգետատիվ աճը՝   ի վնաս պտղաբերության:

 Հացազգի կերային խոտաբույսերը շատ ուժեղ են  արձագանքում ազոտով պարարտացմանը:Խոտհարքների և արոտների բերքատվությունն   զգալիորեն ավելանում է:Ազոտական պարարտանյութերը ջրովի խոտհարքներում և  արոտավայրերում կարելի   է տալ 120-240կգ/հա 3-5 անգամ  սնուցման ձևով ջրումից առաջ:Անջրդի պայմաններում կարելի է օգտագործել մինչև 120կգ/հա ազոտական պարարտանյութ:

Ֆոսֆորական  պարարտանյութեր

Հայաստանում ֆոսֆորական պարարտանյութերից առավել մեծ կիրառություն ունի կրկնակի սուպերֆոսֆատը (Ca(H2PO4)2.H2O )   , կիրառվում են նաև ֆոսֆոր պարունակող տարբեր տեսակի համակցված պարարտանյութեր:Գրանուլացված կրկնակի սուպերֆոսֆատը պետք է  պարունակի 45-49% յուրացվող ֆոսֆոր ( P2O5) :Կրկնակի սուպերֆոսֆատով պարարատացումը կատարվում է հետևյալ ձևերով և ժամկետներում:

1.              Հիմնական պարարտացում: Նպատակն է  վեգետացիայի ողջ  ընթացքում լրացնել բույսերի սննդառության համար անհրաժեշտ ֆոսֆորի պաշարը: Չնայած հողերի մեծ մասում առկա է ֆոսֆորի բավարար բնական պաշար, սակայն դրանց  մեծ մասը գտնվում  է բույսերի համար անմատչելի միացությունների ձևով  և շատ դանդաղ և քիչ քանակներով  է  փոխվում  մատչելի ձևերի:Ֆոսֆորական պարարտացման ժամանակ ամենակարևորը պարարտանյութի հող մտցնելու  խորությունն  է, քանի որ  ֆոսֆորական  թթվի  անիոնները հողում շատ դանդաղ են տեղաշարժվում:Օրինակ՝ փորձը  ցույց է տվել, որ  արոտավայրերի նույնիսկ շատ  բարձր չափաքանակներով  ( 450կգ/հա) պարարտացման   դեպքում  ֆոսֆորը 2.5սմ –ից խոր  չի իջել: Փորձերը ցույց  են տվել, որ միայն 10սմ  և  ավելի խորության վրա հող մտցնելու դեպքում ֆոսֆորական պարարտանյութերը  որոշիչ դեր են կատարում բույսերի ֆոսֆատային սննդառության գործում:

Ֆոսֆորական պարարտանյութերով պարարտացման խորությունը հիմնականում որոշվում է կոնկրետ մշակաբույսերի համար նախատեսված վարի խորությամբ:Չափաքանակները կախված են հողի  բերրիությունից, պլանավորված բերքից, նախորդ մշակաբույսերից և այլն, և կարող են տատանվել 30-120 կգ/հա ազդող նյութի ( P205)  հաշվով:Բարձր չափաքանակներն   օգտագործվում են պտղատու և տեխնիկական մշակաբույսերի տակ, հատկապես ցածր բերրիություն ունեցող հողերում,միջին չափաքանակները` եգիպտացորենի, կարտոֆիլի, բանջարանոցային և կերային մշակաբույսերի ,իսկ ցածր չափաքանակները` հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի տակ:

2.                  Սուպերֆոսֆատով ցանքակից պարարտացում:Փոքր չափաքանակներով ցանքակից պարարտացման արդյունավետությունը բավականին զգալի է:Այն  իրականացնում են  կոոմբինացված շարքացաններով, որոնք ունեն 2 ցանող  ապարատ, ընդ որում պարարտանյութի  ցանող ապարատը գերադասելի է որ լինի մի փոքր ավելի խոր և  մի կողմի  վրա՝  սերմի ցանող ապարատից: Այդ  միջոցառումն  զգալիորեն ուժեղացնում է ծիլերի սկզբնական աճը և բարձրացնում է բերքատվությունը: Միաժամանակ  բույսերը լինում են ավելի դիմացկուն եղանակային անբարենպաստ  պայմանների և  հիվանդությունների  նկատմամբ:

Ցանքակից պարարտացման չափաքանակները կախված մշակաբույսի առանձնահատկություններից, կազմում  է 7.5-20կգ/հա:Բոլոր  մշակաբույսերն  էլ  դրական  են  արձագանքում ցանքակից ֆոսֆորական  պարարտացմանը, սակայն որոշ մշակաբույսեր ( եգիպտացորեն, արևածաղիկ ) խիստ տուժում են սերմերի և  պարարտանյութի ուղղակի շփումից: Այդ պատճառով վերը նշված մշակաբույսերի  ցանքի ժամանակ անհրաժեշտ է  անպայման սերմի և պարարտանյութի միջև պահպանել մի քանի սանտիմետր հողի շերտ:

  Հասկավոր հացահատիկային մշակաբույսերն    ավելի քիչ զգայուն են և դրանց կարելի է ցանել նույնիսկ գրանուլացված սուպերֆոսֆատի հետ խառնած վիճակում ( մոտ 10կգ /հա P205):Նույն ձևով կարելի է ցանել նաև բանջարանոցային մշակաբույսերը:Կարտոֆիլի տնկման ժամանակ նույնպես կարելի է տալ մինչև 20կգ/հա գրանուլացված սուպերֆոսֆատ ( ազոտական և կալիումական պարարտանյութերի հետ խառը):

3.         Սնուցում   սուպերֆոսֆատով

Սուպերֆոսֆատով  սնուցումը հիմնականում  նպատակահարմար է կիրառել այն ժամանակ, երբ բույսի արտաքին նշաններից զգացվում է ֆոսֆորի պակաս, կամ ինչ որ պատճառներով հիմնական պարարտացում չի կատարվել:Սակայն սնուցումներն   այնքան էլ արդյունավետ չեն, քանի որ միշտ չէ, որ  հնարավոր է սնուցումների ժամանակ պարարտանյութը հող մտցնել անհրաժեշտ խորությամբ: Փորձերը ցույց են տվել ,որ արդյունավետ չեն նաև ֆոսֆորական պարարտանյութերով արտարմատային սնուցումները, այդ պատճառով խորհուրդ է տրվում դրանք օգտագործել հիմնական և ցանքակից պարարտացումների  ձևով:

Կալիումական պարարտանյութեր

Կալիումի քլորիդ (կալիումական աղ, KCl)

Կալիումի  քլորիդն   ամենատարածված կալիումական պարարտանյութն  է (աշխարհում արտադրվող  կալիումական պարարտանութերի 80-90%-ը ),պարունակում է  53.7-60% K2O : Այն բյուրեղային վարդագույն   կամ սպիտակ գույնի գորշ երանգով նյութ  է:

  Կալիումական  պարարտանյութերն   առավելագույն արդյունավետություն  են  ապահովում ազոտական և  ֆոսֆորական պարարտանյութերի հետ համատեղ օպտիմալ հարաբերությամբ   պարարտացնելիս:Նպատակահարմար  է  կալիումական աղի  տարվա համար նախատեսված ամբողջ չափաքանակը հող մտցնել աշնանը` հիմնական վարի տակ:Այդ դեպքում պարարտանյութի մեջ գտնվող քլորն  աշնանային և գարնանային անձրևների հետևանքով լվացում է  և բացասական ազդեցություն չի թողնում քլորի նկատմամբ զգայուն մշակաբույսերի վրա:

  Կալիումի նկատմամբ առավել պահանջկոտ են կերի արմատապտուղները, կարտոֆիլը, պտղատուները:Սակայն որոշ մշակաբույսերի ( ծխախոտ, խաղող,  պտղատուներ, կարտոֆիլ, որոշ բանջարանոցային մշակաբույսեր) մոտ կալիումական աղում պարունակող քլորը առաջ է բերում բերքի որակի կտրուկ անկում:Աշնանային պարարտացման դեպքում քլորն  բացասական ազդեցությունը հիմնականում  բացառվում է :

 Հացահատիկային մշակաբույսերի, արմատապտուղների, կերային մշակաբույսերի դեպքում քլոր պարունակող կալիումական պարարտանյութերը որևէ բացասական ազդեցություն չեն թողնում, նունիսկ ավելի արդյունավետ են, քան քլոր չպարունակող պարարտանյութերը:

Պարարտանյութի չափաքանակների հաշվարկումը

  Պարարտանյութերի  չափաքանակների   հաշվարկման  վերաբերյալ եղած բոլոր հանձնարարականները սովորաբար տրվում են ազդող նյութի  կիլոգրամներով:Հանքային պարարտանյութերի պահանջվող քանակը  որոշելու համար կատարում ենք   հաշվարկներ:

 Օրինակ, անհրաժեշտ է ամոնիակային  սելիտրայի ձևով 60կգ ազոտ տալ:Գիտենալով, որ ամոնիակային սելիտրան պարունակում է միջին հաշվով  34.6% ազդող նյութ (տվյալ դեպքում ազոտ),որոշում են ամոնիակային սելիտրայի անհրաժեշտ քանակը.

X=100 : 34.6 x 60 = 173կգ ամոնիակային  սելիտրա

 Այսպիսով, ամոնիակային սելիտրայի ձևով հողին 60կգ ազոտ տալու համար պետք է օգտագործել      173 կգ այդ պարարտանյութից:

  Կարելի է կատարել նաև հակառակ հաշվարկը՝ որոշել որքան ազդող նյութ է մտցրած  որոշակի քանակությամբ հանքային պարարտանյութերի հետ:

ՕրինակՀող  է  մտցվել    300կգ  կրկնակի  սուպերֆոսֆատ:Հայտնի է, որ միջին հաշվով  կրկնակի սուպերֆոսֆատը պարունակում է  միջինը  47 % ազդող  նյութ:Նշանակում է  300կգ  կրկնակի սուպերֆոսֆատի հետ մտցված է ՝

300 x 47 : 100 = 141կգ P2O5


To top