< Օրգանական սնունդ առողջ կյանքի համար
02.03.2017 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Տավուշի ԳԱՄԿ)

Գյուղատնտեսական կենդանիների արյան մակաբույծային հիվանդությունները



Վերջին մի քանի տարիների ընթացքում հանրապետությունում մեծ տարածում են ստացել գյուղատնտեսական կենդանիների արյան մակաբույծային հիվանդությունները, որոնք պատճառ են հանդիսացել կենդանիների մթերատվության, մատղաշների աճի և զարգացման անկման, ինչպես նաև որոշ տնտեսություններում  հղի կենդանիների վիժումների և  անկումների։  
    Արյան մակաբույծային հիվանդություններից բաբեզիոները (պիրոպլազմոզներ) և թեյլերիոզները միշտ էլ տարածված են եղել մեր հանրապետությունում, սակայն Խորհրդային տարիներին իրականացրած զանգվածային կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ նրանք համարյա վերանալով կրում էին սպորադիկ բնույթ, իսկ անապլազմոզը վերջին 30 տարիների ընթացքում մեզ մոտ չէր ախտորոշվել։
    Ներկայումս նոր ցեղատեսակների ներկրման, կանխարգելիչ միջոցառումների լրիվ բացակայության հետևանքով այս հիվանդությունները կրկին գլուխ են բարձրացրել, տարբեր տարածաշրջաններում կրելով տեղաճարակային բնույթ։
Պիրոպլազմիդոզները (պիրոպլազմոզ և թեյլերիոզ), կենդանիների մեծ խումբ հիվանդություններ են, որոնց հարուցիչները մակաբուծվում են էրիթրոցիտներում և մոնոնուկլեար համակարգի բջիջներում: Այս հիվանդությունները պատկանում են բնական օջախային և տրանսմիսիվ հիվանդությունների թվին: Արոտավայրային տզերը հանդիսանում են այս հարուցիչների փոխանցողները: Պիրոպլազմիդոզներով հիվանդանում են տավարը, ոչխարները, ձիերը, խոզերը և շները: Յուրաքանչյուր կենդանատեսակ ունի իրեն յուրահատուկ հարուցիչը:
Ինվազիոն պրոցեսի բարդությունը կախված է հարուցիչի ախտածնությունից, տիրոջ օրգանիզմի բնական դիմադրողականությունից, նրա վրա մակաբուծվող տզերի քանակներից և այլ գործոններից: Արտաքին միջավայրում չորանալիս բաբեզիդները արագ ոչնչանում են: Դիակներում մեկ օրից նրանք քայքայվում են: Բաբեզիդներով վարակված արյունը դանդաղ սառեցնելիս, -196՜C ջերմաստիճանի պայմաններում նրանք իրենց կենսունակությունը պահպանում են մինչև 2 տարի:
    Պիրոպլազմոզները սուր ընթացք ունեցող տրանսմիսիվ հիվանդություններ են, որոնց բնորոշ են կայուն տենդը, սակավարյունությունը, տեսանելի լորձաթաղանթների դեղնությունը, հեմոգլոբինամիզությունը և օրգանիզմի այլ կենսական նշանակություն ունեցող ֆունկցիաների խանգարումները:
Տավարի մոտ հիվանդության գաղտնի շրջանի տևողությունը կազմում է 8-14 օր:
    Հիվանդությունը սկսվում է մարմնի ընդհանուր ջերմաստիճանի կտրուկ բարձրացումով և այդ մակարդակի վրա է մնում հիվանդության ողջ շրջանում: Տավարի մոտ 40-80% ընկնում է կաթնատվությունը, կաթը ստանում է դեղին, երբեմն էլ կարմիր գունավորում և դառը համ: Այնուհետև ի հայտ են գալիս սակավարյունության, իսկ հետագայում նաև դեղնախտի նշանները: Կենդանիների մոտ ընկճվում են ախորժակը և շնչառությունը, իսկ պուլսը արագանում է: Բնորոշ նշաններից են ընդմիջվող փորլուծը և փորկապը, ինչպես նաև նախաստամոքսների կայուն ատոնիան: Հիվանդ կենդանիների մոտ նկատվում է հաճախամիզություն և  հեմոգլոբինամիզություն: Արյունը լինում է ջրիկ, էրիթրոցիտների քանակները նվազելով հասնում են մինչև 2,5մլն, հեմոգլոբինի քանակությունը նվազում է 25-32%, իսկ լիմֆոցիտների քանակները ավելանում են 71%:
    Վերը նշված կլինիկական նշանները, հիվանդ կենդանիների մոտ առավել արտահայտված են լինում հիվանդության երկրորդ օրը, իսկ իրենց առավելագույն արտահայտվածությանն են հասնում 3-4 օրերի ընթացքում:
    Հիվանդ կենդանիներին ժամանակին հայտնաբերելու և բուժելու դեպքում, կենդանիների առողջացումը կատարվում է ավելի արագ: Հնարավոր է, որ հիվանդության 3 կամ 4 օրը կենդանիները պիրոպլազմոզից տան մասայական անկումներ:
Թեյլերիոզները սուր և ենթասուր ընթացք ունեցող տրանսմիսիվ հիվանդություններ են, որոնք արտահայտվում են մակերեսային ավշային հանգույցների ծավալի մեծացման, տենդի, սիրտ-անոթային և մարսողական համակարգերի օրգանների գործունեության խանգարման, հյուծվածության և բարձր անկումների նշաններով:
Հիվանդության գաղտնի շրջանի տևողությունը կազմում է 6-12 օր: Ըստ ընթացքի թեյլերիոզը կարող է լինել սուր և ենթասուր: Հիվանդության առաջին ախտանիշներից են միակողմանի, տզերի կծելու հատվածներին մոտիկ, մակերեսային ավշային հանգույցների ծավալի 2-4 անգամով մեծացումը: Ավշային հանգույցները շոշափելիս հայտնաբերում ենք նրանց ծավալի մեծացում, անշարժություն, տեղային ջերմաստիճանի բարձրացում և ցավազգացություն: Առաջին նշանների ի հայտ գալուց 1-3 օր անց կենդանիների մոտ բարձրանում է մարմնի ընդհանուր ջերմաստիճանը և մնում կայուն հիվանդության ողջ ընթացքում: Հիվանդության այս շրջանում, եթե կատարենք ավշային հանգույցների ծակում, պատրաստենք քսուկներ և ներկենք ըստ Ռոմանովսկու, ապա կհայտնաբերենք մակրոմերոնտներին, իսկ ջերմաստիճանի բարձրացումից 2-3 օր անց ծայրամասային արյունից պատրաստված քսուկներում, արդեն կհայտնաբերվեն հարուցիչների էրիթրոցիտային ձևերը:
    Հիվանդության նշաններից են նաև ախորժակի անկումը, կովերի մոտ կաթնատվության նվազումը, արյունային փորլուծը և դժվարացած միզազատությունը: Մեզի գույնը մգանում է, բայց չի փոխվում: Հիվանդության սկզբում տեսանելի լորձաթաղանթները լինում են գերարյունային, այնուհետև գունատվում են, հետագայում ստանում են թեթև դեղնավուն երանգավորում և պատվում բազմաթիվ արյան զեղումներով: Հիվանդ կենդանիների մոտ կարող են հայտնաբերվել այտուցներ: Երբեմն կրծի, փոշտի, ականջների ներքին մակերեսի, պոչի հիմքի մաշկի վրա կարող են նկատվել կետային արյան զեղումներ: Կենդանիների պուլսը և շնչառությունը լինում են արագացած: Արյան մեջ հայտնաբերվում է էրիթրոպենիա, հեմոգլոբինեմիա և լեյկոցիտոզ, ինչպես նաև նորմոբլաստներ, բազոֆիլային հատիկավորություն և Ժոլիի մարմիններ պարունակող էրիթրոցիտներ: Հիվանդ կենդանիները մեծ մասամբ լինում են պառկած, հղի կովերը վիժում են, արտաքին գրգռիչների նկատմամբ լինում են անտարբեր: Հիվանդության սկզբից 6-8 օր անց մարմնի ընդհանուր ջերմաստիճանը սկսում է նվազել և կենդանիները սատկում են:
    Հիվանդության ենթասուր ընթացքի դեպքում, նույնպես մեծանում են մակերեսային ավշային հպանգույցները, նկատվում է ընդհատվող տենդ, խանգարվում է մարսողական համակարգի օրգանների գործունեությունը: Կենդանիները հյուծվում են, թուլանում են և սրտային գործունեության խանգարման և ինքնաթունավորման հետևանքով տալիս են զգալի քանակությամբ անկումներ:
    Անապլազմոզը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում, անգամ զարգացած այնպիսի երկրում ինչպիսին է ԱՄՆ, որտեղ այս հիվանդությունից տավարի անկումները կազմում է 50%։ Յուրաքանչյուր տարի անապլազմոզի բռնկումներ արձանագրվում են նաև մեր հարևան Ադրբեջանում և Իրանում։
Անապլազմոզի հարուցիչը նախակորիզավոր է, որը հիվանդներից առողջներին փոխանցվում է արոտավայրային տզերի, ինչպես նաև  քոռուկների և մոծակների օգնությամբ որոնց թռիչքի երկարությունը երբեմն կարող է հասնել   1,5 մինչև10կմ և ավելին։  Հարուցիչներին հիվանդներից առողջներին կարող են փոխանցել անասնաբուժական մասնագետները չախտահանված գործիքների և ներարկման ասեղներ միջոցով:
Անապլազմոզով հիվանդանում են տավարը, ոչխարները և վայրի որոճողները։ Յուրաքանչյուր կենդանատեսակ ունի իրեն բնորոշ հարուցիչը, սակայն վայրի որոճողներից՝ մանր եղջրավոր անասունները որոնք կարող են բնության մեջ ստեղծել այս հիվանդության մշտապես գործող բնական օջախներ։
Սովորաբար մեր հանրապետությունում անապլազմոզը արձանագրվում  է ամռան և աշնան ամիսներին, երբեմն  պիրոպլազմոզի և թեյլերիոզի հետ համատեղ:
Ներկայումս հայտնի է, որ այս հիվանդության գաղտնի շրջանի տևողությունը 20-80 օր է: Հասակավոր տավարի մոտ անապլազմոզը սովորաբար ունենում է սուր ընթացք: Հիվանդության սկզբում կենդանիների մարմնի ընդհանուր ջերմաստիճանը կարող է բարձրանալ հասնելով մինչև 41՜: Տեսանելի լորձաթաղանթները սկզբում գունազրկվում, այնուհետև ձեռք են բերում թույլ  կամ արտահայտված դեղնավուն երանգ:  Նվազում կամ  անհետանում է ախորժակը: Խանգարվում է սիրտ-անոթային և շնչառական համակարգերի գործունեությունը: Կենդանիները արագորեն հյուծվում են, նկատվում է մարսողական համակարգի օրգանների ատոնիա: Արյունը լինում է ջրիկ և գունազրկված, նրանում հայտնաբերվում են անիզացիտոզ, պոյկիլոցիտոզ և պոլիքրոմալիա, էրիթրոցիտներում  մակաբույծների քանակը հասնում է 40-50%:
    Խրոնիկական անապլազմոզը արտահայտվում է ընդհատվող տենդի, լորձաթաղանթների գունազրկման կամ  դեղնության, մարսողական որոշ օրգանների ատոնիայի նշաններով: Արյան մեջ մակաբույծների քանակները տատանվում են 1-10% սահմաններում: Այս դեպքում ծայրամասային արյան մեջ  էրիթրոցիտների քանակները նվազելով հասնում են 420-950 հազարի:
    Անապահով գոտու մատղաշները հիվանդանում են անապլազմոզի թեթև ձևով, սակայն դրսից ներկրված  կենդանիների մոտ արձանագրվում են անկման դեպքեր:
    Մեր կողմից հետազոտված կենդանիների մոտ բացի վերը նշված ախտանիշներից նկատվում էին հեմոգլոբինամիզություն(մեզը կարմիր գույնի կամ մուգ, բայց պարզ, առանց նստվածքի), վիժումներ, հասակավոր տավարի մոտ երբեմն նյարդային երևույթներ, անհանգստության ձևով, տեսանելի լորձաթաղանթների արտահայտված դեղնություն և հանկարծակի անկումներ։
Հերձելիս ենթամաշկային բջջանքի, լորձաթաղանթների, շճաթաղանթների և մկանների արտահայտված դեղնություն, արյունը  ջրիկ և գունազրկված, սիրտը ծավալով մեծացած, թոքերում էմֆիզեմայի նշաններ, լյարդը դեղնավուն, ծավալով մեծացած, լեղապարկը մածուցիկ լեղիով լի: Փայծաղի ծավալով մեծացած փափուկ խտաստիճանով: Երիկամների կտրվածքը մուգ դեղնավուն գույնի և այլն։
Արյան մակաբույծային հիվանդությունները ախտորոշվում են  համաճարակաբանական տվյալներով(հաշվի առնելով արոտային տզերի, արյունածույծ միջատների առկայությունը), կլինիկական նշանների, ախտաբանաանատոմիական փոփոխությունների և արյան քսուքի լաբորատոր հետազոտության հիման վրա, ինչպես նաև շճաբանական հետազոտության արդյունքներով:
   Այս երեք հիվանդությունները անհրաժեշտ է տարբերակել նախ միմյանցից, այնուհետև  լեպտոսպիրոզից, անապլազմոզից, որոշ թունավորումներից և այլն:
Պիրոպլազմոզի բուժման նպատակով ներկայումս  հանրապետության անասնաբուժական դեղատներում առկա են դիպրոկարբ, նոզոմիլ և բաբեքս դեղամիջոցները, որոնք նույնպես կարելի է կիրառել թեյլերիոզի և անապլազմոզի բուժման նպատակով։ Թեյլերիոզի և անապլազմոզի բուժման համար բացի վերը նշված դեղամիջոցներից առաջարկվում են նաև  տետրացիկլինի խմբին պատկանող հակաբիոտիկները( օքսիտետրացիկլին, օքիսհեհ, օքսիրալա, նիտոքս և այլն): Բարձր բուժական արդյունավետություն են ցուցաբերում նաև սուլֆանիլամիդային դեղամիջոցները: Բուժման հակամակաբույծային դեղամիջոցների հետ զուգընթած նշանակում են նաև ախտածնաբուժություն, միաժամանակ բարելավելով կերակրման և խնամքի պայմանները:

Հովհաննես Նաղաշյան
                            Անասնաբուժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր



To top