Տավուշի մարզի քարտեզ
Տեսարան Ենոքավան համայնքից
Մայր Հայաստան
Աղստև գետ
Գունավոր շատրվաններ
Գոշավանք (X-XIII դարեր)
Հաղարծին (X-XIII դարեր)
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում, Փոքր Կովկասի լեռնահամակարգի արտաքին շարի վրա, որը բաղկացած է Վիրահայոց, Գուգարաց, Միափորի, Արեգունու և Փամբակի լեռնաշղթաներից: Դրանցից կենտրոնական դիրք են գրավում Գուգարաց լեռները, որոնք բնական ջրաբուժան են Անդրկովկասի խոշոր Կուր գետի Դեբեդ և Աղստև վտակների միջև:

Մարզի տարածքը մ.թ.ա. եղել է Ուրատու պետության /Արարատյան թագավորություն/, ապա Մեծ Հայքի հյուսիսային բդեշխության կազմի մեջ: Իսկ ներկայիս Դիլիջանն իր շրջակայքով հանդիսացել է Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառի մի մասը, որը նպաստավոր բնակլիմայական պայմանների շնորհիվ հայոց թագավորական ընտանիքին ծառայել է որպես հանգստավայր և որսարան: IX դարում, հայկական պետության վերականգնման պահից, եղել է Բագրատունյաց թագավորների տիրույթներում, իսկ 1918-ի մայիսից` հայկական առաջին հանրապետության ստեղծումից ի վեր, նրա կազմում և վարչատարածքային նոր միավոր մարզ է դարձել 1995-ի դեկտեմբերին:

Տավուշի մարզը զբաղեցնում է 2704 կմ2 տարածք, որի կեսը պատված է խառն անտառներով: Հարավում և հարավ-արևելքում սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի, արևմուտքում` Լոռու մարզերին, իսկ հյուսիսում` Վրաստանի Հանրապետությանը, արևելքում և հյուսիս-արևելքում Ադրբեջանի Հանրապետությանը, որի հետ շփման գիծը 300 կմ է:

Հայաստանի ռելիեֆի ամենացածր կետը /380 մ/ գտնվում է մարզի հյուսիսում, Դեբեդ գետի ներքին հոսանքի շրջանում, Դեբեդավան գյուղի մոտ: Իսկ մարզի բարձր կետը Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ կատարն է /2993 մ/, որի գագաթից անամպ օրերին երևում են կապուտաչ Սևանա լիճը, Գեղամա, Վարդենիսի, Փամբակի, Թեղենյաց, Սևանա, Արեգունու և Գուգարաց բարձրագահ լեռնաշղթաները, Կուր գետի լայնաձակ հովիտը և Կովկասյան հզոր լեռնահամակարգը: Մարզում բնակվում է 134.400 մարդ, ունի 57 գյուղական և 5 քաղաքային համայնք: Մարզկենտրոնն Իջևան քաղաքն է:

Մարզի լեռներին բնորոշ են քարափային լանջերը և սեղանաձև լեռնակատարները, 200-600 մ խորության անտառապատ ձորերն ու կիրճերը, որոնք ժամանցի, ակտիվ հանգստի սիրված վայրեր են լեռնագնացների և զբոսաշրջիկների համար: Կլիման բարեխառն է, հունվարի միջին ջերմաստիճանը` 00C մինչև -80C, հուլիսինը` 12-220C, տարեկան տեղումների քանակը 500-600 մմ: Արևափայլքի տարեկան տևողությունը 1900-2100 ժամ է: Լեռների բարձրության և դիրքադրման հետ կապված` մարզի լեռնային հարավն ու հովտային հյուսիսը զգալիորեն տարբերվում են կլիմայական պայմաններով:

Յուրահատուկ են ձմռանը ձյունապատ, ամռանը` բազմերանգ բուսականությամբ ծածկված զով լեռնամարգագետնային և լեռնանտառային ակնահաճո լանդշաֆտները, որոնք ծառայում են արոտային անասնապահությանը, զբոսաշրջությանը և մարդկանց առողջության վերականգնմանը:

Իսկ մարզի հյուսիսի հարթավայրերին հարող հովիտներում տեղ-տեղ տիապետում է չոր մերձարևադարձային կլիման, ուստի և աճում են դրան բնորոշ պտուղներ արքայախնձոր, նուռ, նուշ, դեղձ, ծիրան, ձիթապտուղ, պիստակ, կիտրոն, ունաբ:

Գետային ցանցը խիտ է, սակայն ջրայնությամբ աչքի են ընկնում Աղստև, Հախում, Դեբեդ և Տավուշ գետերը: Դրանց վարարումը տեղի է ունենում ապրի-հունիս ամիսներին:

Բնական մեծ ջրամբարը առողջարանային Դիլիջան քաղաքից արևելք, ծովի մակերևույթից 1334 մետր բարձրության վրա անտառապատ սարերի գրկում խայտացող Պարզ լիճն է: Սրանից ավելի արևելք կա ևս մեկ ավելի փոքր լիճ, որը կրում է Տզրկածով կամ Գոշի լիճ անունը:

Ջրամբարները սկսել են նկատելի դեր խաղալ տարածաշրջանի բնական և կուլտուրական լանդշաֆտների հարստացման և բարելավման գործում: Հայաստանի այս տարածաշրջանն աչքի է ընկնում բնության հուշարձանների հարստությամբ, և դա պայմանավորված է մարզի բարդ ռելիեֆով, կլիմայի և հողերի խայտաբղետությամբ, լեռնաշխարհի գոտիականությամբ, բուսատեսակների արտակարգ բազմազանությամբ, որոնց շնորհիվ տավուշի մարզը մեծ հեռանկար ունի Կովկասում էկոլոգիական զբոսաշրջության ծավալման տեսանկյունից:

Վաղնջական ժամանակներից մարդիկ այստեղ զբաղվել են ոռոգովի հողագործությամբ և այդ նպատակով բացել են գետերի հունից սնվող մեծ ու փոքր ջրանցքներ, որոնցից մի քանիսը մինչ այսօր էլ գործում են անխափան: Լեռնային հորդահոս գետերի վրա միջնադարում նաև կառուցվել են բազմաթիվ ջրաղացներ, իսկ քարավանային ճանապարհների անցման տեղերում` կամուրջներ: XX դարի երկրորդ կեսին խնդիր է դրվել ոռոգովի դարձնել գետերի հունից շատ բարձր փռված գյուղատնտեսական հողահանդակները, ուստի կառուցվել են Ջողազի /45 մլն մ3/, Հախումի /12 մլն մ3/, Տավուշի /5 մլն մ3/, Քոլագիրի կամ Ծիլի ծովի /4 մլն մ3/ ջրամբարները և տասնյակ պոմպակայաններ:

Եթե տափաստանային տեղամասերում աճում են չորադիմացկուն փետրախոտ ու օշինդրը, ապա բարձր լեռնային մարգագետիներում աչք են շոյում բազմազան խոտերն ու ծաղիկները: 600-2000 մ բարձրություններում բուսածածկույթի մեջ տիրապետում են անտառները: Իսկ անտառ կազմող հիմնական ծառատեսակներն են արևելյան հաճարենին, կաղնին, բոխին, լորենին, թխկին: Համեմատաբար հարուստ է մարզի կենդանական աշխարհը: Նրան բնորոշ են այծյամները, կովկասյան արջը, վայրի խոզը, նապաստակը, գորշուկը, աղվեսը, ոզնին, շնագայլը, դաշտամուկը, լուսանը, կզաքիսը, քնամուկը, սկյուռը: Կան բազմազան թռչուններ, սողուններ, միջատներ, գետերում` ձկներ, որոնցից նշանավորը կարմրախայտն է: Հարուստ բուսական և կենդանական աշխարհի համեմատ մարզն աղքատ է օգտակար հանածոներով, հատկապես մետաղներով և վառելիքով, սակայն Տավուշի մարզն ունի կավերի, ցեոլիտի, ֆելզիտի, մարմարի, բազալտի, հանքային ներկերի, կոնգլոմերատի, կրաքարերի, դոլոմիտի, վիմագրական քարի, ագաթի, իսլանդական սպաթի մեծ պաշարներ, որոնցից արդյունահանում և վերամշակվում են:

Բուսական ու կենդանական աշխարհի հարստությունը,գեղազարդ լեռնային լանդշաֆտների, բնության անկրկնելի հուշարձանների և հնագույն պատմամշակութային արժեքների առկայունը բացառիկ նպաստավոր նախադրյալներ են Տավուշի մարզում էկոտուրիզմի զարգացման համար:

Առավել հետաքրքրություն են ներկայացնում երրորդական դարաշրջանի ֆլորայի մնացորդ կարմրածառի /կենու/ պուրակները, որոնցից ամենախոշորը /25 հա/ գտնվում է Աղավնավանք գյուղի մետ: <Դիլիջան> ազգային պարկն ունի հարուստ կենդանական աշխարհ: Մարզում կան նաև բնության հատուկ պահպանվող այլ տարածքներ և Իջևանի ինքնատիպ ծառայգին, ուր վերջին կես դարի ընթացքում հավաքվել և կլիմայավարժեցվել են շուրջ 700 տեսակի տարաշխարհիկ ծառեր և թփեր:

Տավուշի մարզի կենտրոնով են անցնում Հյուսիսային Կովկաս-Թբիլիսի-Իջևան-Երևան գազատարը, Իջևան-Հրազդան երկաթուղին /70 կմ/, մարզի հյուսիսային սահմանով` Երևան-Թբիլիսի երկաթուղին: Աղստևի ձորով է անցնում Երևան-Իջևան-Նոյեմբերյան-Թբիլիսի միջպետական ճանապարհը /146 կմ/, որը վերակառուցվել է <ԼԻՆՍ>-ի հիմնադրամի միջոցներով: Մարզի տարբեր կողմերով ձգվում են 253 կմ հանրապետական նշանակության ճանապարհներ:

Տավուշի մարզի տարածքում վաղ ժամանակներից մարդու բնակության մասին են վկայում կիկլոպյան, բրոնզեդարյան, հետագայում միջնադարյան պաշտպանական ամրոցները: Անցած գնացած դարերի պատմության վրա նոր լույս են սփռում պատմաճարտարապետական հուշարձանները, որոնք իրենց կառուցողական բարձր արվեստով դիտողի մոտ զարմանք ու հիացմունք են առաջացնումՊատմաճարտարապետական հուշարձաններից նշանավոր են Սբ. Աստվածածին (Մորո Ձորո, 7-րդ դար), Ոսկեպարի Սբ. Աստվածածին (7-րդ դար) եկեղեցիները, Մակարավանքը (10-13-րդ դ.դ.), Գոշավանքը (12-13-րդ դ.դ.), Նոր Վարագավանքը (12-13-րդ դ.դ.), Հաղարծնի (10-13-րդ դ.դ.), Ջուխտակ (12-13-րդ դ.դ.), Սվեղի (13-14-րդ դ.դ.), վանական համալիները, Աշոտ Երկաթի  (10-13-րդ դ.դ.), Տավուշի բերդերը (10-14-րդ դ.դ.) և այլն:

 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

ԱԿՆԱՂԲՅՈՒՐ  ՀԱՄԱՅՆՔ

Մակերես` 5.8կմ2

Բնակչություն` 506

 

Գյուղը հիմնադրվել է 451թ. ի պատիվ հայ անվանի զորավար Վարդան Մամիկոնյանի, որը արշավանքից վերադառնալով որոշ ժամանակ զորքին դադար է տվել, իր ձեռքով տնկել է կաղնի, որը կանգուն է մնացել շուրջ 1500 տարի: Այն համարվում էր սուրբ ծառ և այդ օրվանից գյուղը կոչվել է Ներքին Աղդան:
Գյուղը գտնվում է Աղստև գետի ձախ ափին, հարավից սահմանակից է Լուսաձոր գյուղին, հյուսիսից՝ Աչաջուր գյուղին: Գյուղը վերանվանված է Ակնաղբյուր: Գյուղի բնակչությունը կազմում է 567 մարդ, որոնք զբաղվում են հիմնականում բուսաբուծությամբ և անասնապահությամբ: Գյուղը գտնվում է սողանքային գոտում, ունի կոմունալ-կենցաղային բազմաթիվ հիմնախնդիրներ:
1. Հեռավորությունը Երևանից 143կմ
մարզկենտրոնից   13կմ
ՀՀ պետական սահմանից  15 կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից  700մ.
3. Բնակլիմայական պայմանները
գտնվում է բարեխառն գոտում, ամառվա միջին ջերմաստիճանը + 23C, ձմռանը` -1C
4.Պատմամշակութային_կոթողներ՝ նորակառույց մատուռ
5. Բնակչության թիվը     551 մարդ, 184 ընտանիք
6. Համայնքի զբաղեցրած տարածքը   1077.24  հա
որից` 88.49հա արոտներ
        180.51 հա վարելահողեր
7. Բնակչության զբաղմունքը` հողագործություն,
անասնապահություն
8. Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով – խմելու ջուր բավարար, ոռոգման ջուր - բավարար
9. գազաֆիկացված է
10. Ճանապարհների վիճակը – բավարար
Համայնքն ունի`
1. Դպրոց   120  աշակերտական տեղով
2. Բուժկետ
3. Համայնքային կենտրոն