2012թ. իրականացված ծրագրեր

Այս տարի Տավուշի ԳԱՄԿ-ի կողմից իրականացվել է 3 ծրագիր:

1.    ՙՄերձարևադարձային մշակաբույսերի՚ թզենու, նռնենու, արքայանարինջի հիմնական վնասատուների և հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարի միջոցառումների մշակումը՚, որն իրականացվում է Հաղթանակ համայնքում`  Վլադիմիր Դալլաքյանի տնտեսությունում:

2.   ՙՆոր սպունգանման բադրիջանի Սև մարգարիտ՚ հիբրիդի մշակումը և ներդրումը՚, որն իրականացվում է Չինարի համայնքում` Հայկ Պետրոսյանի տնտեսությունում:

3.  ՙԲադրիջանի Հայկական վաղահաս, F, Կարինե, կծու տաքդեղի Հայկական գեղեցիկ (ծիծակատիպ), սորտերի և հիբրիդի սերմնաբուծության կազմակերպումը՚ , որն իրականացվում է Արծվաբերդ  համայնքում` Սամվել Երիցյանի տնտեսությունում:

Մոնիթորինգի խմբի անդամներն այցելեցին դաշտեր և այգիներ, զրուցեցին ծրագրերն իրականացնող ֆերմերների հետ:

 Արձանագրվեց, որ բոլոր աշխատանքները կատարվել են ժամանակացույցին համապատասխան և պատշաճ որակով:Այդ էր վկայում նաև արդեն հավաքված և հասունացող բարձրորակ բերքը:Գնահատանքի արժանացան նաև ծրագրերի հետազոտողներ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, ԲԲՏՄ գիտական կենտրոնի գիտաշխատող, սելեկցիոներ Կարինե Սառիկյանը և կենսաբանական գիտությունների թեկնածու, Սննդի անվտանգության գիտական կենտրոնի առաջատար գիտաշխատող Ալֆրեդ Գրիգորյանը, ովքեր իրենց խորհրդատվությամբ միշտ կանգնել են ԳԱՄԿ-ի և ֆերմերների կողքին`  ապահովելով ծրագրերի հաջող իրականացումը:

ԿԻՆ,ՈՐ ԻՐԵՆ ԿԱՐԵՎՈՐՎԱԾ ԵՎ ԳՆԱՀԱՏՎԱԾ Է ԶԳՈՒՄ

Ես   շատ ոգևորված էի:Լինելով Հայաստանի մի փոքրիկ գյուղի սովորական մի կին,գործնական այցով էի այլ երկրում:Ես ինձ շատ կարևորված և գնահատված էի զգում:

Լեյլի  Այվազյան

ՄԱԶԾ  ծրագրերի արդյունքում Լուսաձոր  համայնքում արագորեն աճեց մրգի  արտադրությունը:Համայնքի հին այգիները, որոնք այլևս ոչ եկամատաբեր էին,փոխարինվեցին նորերով:Մեր գյուղում  հիմնադրվեցին նոր այգիներ, ՄԱԶԾ –ի կողմից  բաշխվեցին արքայանարնջի ավելի քան 11 հազար տնկի:Անհրաժեշտ դարձավ  գյուղմթերքների վերամշակման կետի  ստեղծումը, որի հիմնական նպատակն էր ավելացնել համայնքի տնային  տնտեսությունների եկամուտները՝  գյուղմթերքների մշակման, փաթեթավորման, պիտակավորման և իրացման  միջոցով:Կրկին,ՄԱԶԾ –ի աջակցությամբ գյուղում հիմնեցինք կոոպերատիվ խոհանոց,որը ներառեց չրի պատրաստման, հացաթխման արտադրամասեր,մթերային խանութ, սառնարանային տնտեսություն:Սկզբում թերահավատ էինք, ծանոթ  չէինք ոչ կազմակերպության կառավարման սկզբունքներին,ոչ էլ արտադրության  տեխնոլոգիական նրբություններին:ՄԱԶԾ –ն մեզ կրկին ձեռք մեկնեց:Ֆիննական  կառավարության աջակցությամբ AFT ծրագրի շրջանակներում կոոպերատիվի 4  անդամների համար կազմակերպվեց ուսուցողական այցելություն հարևան  Վրաստան, որտեղ նույնպես ծրագրերի փորձառություն ունեին:Մեզ համար ուսանելի էր վրացի կանանց կողմից իրենց տնային  կարիքների համար հյութերի, կոմպոտների և մուրաբաների պատրաստման գործում կոոպերատիվի ծառայություններից օգտվելու  փորձը:Վրաստան այցելությունն ինձ համար, ի  թիվս գործարարության մասին գիտելիքների և փորձի ստացմանը, նշանավորվեց, նաև նրանով, որ ես հանդիպեցի Վրաստանում ապրող իմ հարազատներին, որոնց չէի հանդիպել շուրջ 20 տարի:

 Այն, ինչ մենք տեսանք Կախրեթիի կոոպերատիվում, շատ ուսանելի էր:Մեզ  համար պարզ դարձան թե նոր տեխնոլոգիաների, թե սարքավորումների կիրառման հմտությունները և թե շուկայավարման կազմակերպման  մանրամասները, որոնք մեզ սիրով փոխանցեցին վրացի գործընկերները:Ուսումնական այցելությանը հաջորդեց ՄԱԶԾ-ի կողմից AFT ծրագրի շրջանակներում  կազմակերպած դասընթաց, որը տեսական  գիտելիքներով  լրացրեց մեր փորձը՝ պլանավորման, կազմակերպման, ագրոարտադրության և շուկայավարման մասին:

Նոր սեզոնի սկսվելուն պես,մենք կկիրառենք  դրանք և հուսով ենք, որ այս տարվա ամռանը մեր  վրացի գործընկերների պատասխան այցի ժամանակ ցուցադրելու շատ բան   կունենանք:

 

ԵՐՋԱՆԻԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ ԵՐՋԱՆԻԿ Է

Ընտանիքս այլևս կարիքավոր չէ,իսկ ես Տավուշի տարածաշրջանում ջերմատների մշակման հայտնի մասնագետ եմ:

Ծնվել եմ Լուսաձորում:Սիրում եմ իմ գյուղը, հայրենիքն ինձ համար սկսվում է   ծննդավայրից:Խորհրդային  տարիներին, մայրաքաղաքում  տեխնիկական կրթություն ստանալուց հետո, վերադարձա իմ ծննդավայր՝ մտադրված լինելով մասնակցել նրա շենացմանը:Սակայն արագ շատ բան փոխվեց:Հայաստանի անկախանալուց հետո պատերազմը,շրջափակումը, երկրաշարժը, համատարած գործազրկությունն այլև անհնար դարձրեց գոյատևելը,և ես մեր համագյուղացիներից շատերի նման մեկնեցի արտագնա աշխատանքի,որպեսզի ծնողներիս և նորաստեղծ ընտանիքիս կարողանայի ապահովել:Մի քանի տարի ես անցկացրեցի Ռուսաստանում:Մի գեղեցիկ օր էլ, երբ հերթական անգամ զանգեցի հարազատներիս,ինձ ասացին,որ գյուղում նոր ծրագրեր են իրականացվում, ինչը և աշխատանք, և հեռանկար գտնելու հույսեր տվեց:Ես անհապաղ որոշում կայացրեցի,տոմս վերցրեցի և հասա Հայաստան՝ իմ կարոտած եզերքը:

 ՄԱԶԾ –ի աջակցությամբ հիմնադրեցի ջերմատուն և սկսեցի մշակումն ու խնամքը:Ջերմատանն սկսեցի աճեցնել լոլիկ,վարունգ:Առաջին տարում օրեր են եղել, երբ գիշերել եմ ջերմատանը,ջերմությունը կանոնակարգել, ինչպես հիվանդ երեխային կխնամես,երբ ջերմություն ունի:Կաթիլային ոռոգում,նոր տեսակի սածիլներ,փորձեր,փորձեր…

ՄԱԶԾ –ն, հետևողական գտնվելով, կրկին ձեռք մեկնեց.Ֆիննական  կառավարության կողմից ֆինանսավորվող AFT ծրագրի օժանդակությամբ Ագրոմարքեթինգի դասընթաց անցա.ուր հանրապետության լավագույն մասնագետներն էին  դասավանդում:

 Մանրամասն ծանոթացա ջերմատնային պայմաններում տարբեր մշակաբույսերի արտադրության տեխնոլոգիաներին և շուկայավարման հիմնարար սկզբունքներին,ինչը հարստացրեց իմ սեփական փորձով ձեռք բերած գիտելիքներս;Այն ոչ միայն ծառայեց իմ գործի գիտական կազմակերպմանը,այլև փորձս  փոխանցեցի իմ համագյուղացիներից շատերին:Նրանց,ովքեր ևս ունեն ջերմատնային տնտեսություն, մատուցում եմ խորհրդատվական ծառայություններ,ինչպես նաև իմ բազմաթիվ սոցիալական կապերը ծառայեցնում եմ սածիլներ,տնկիներ և պարարտանյութ ձեռք բերելու համար:Այսօր մեր և հարևան համայնքներում ավելի քան 40 ջերմատնային  տնտեսություն օգտվում է իմ խորհրդատվությունից:

Ընտանիքս այլևս կարիքավոր չէ, իսկ ես Տավուշի տարածաշրջանում ջերմատների  մշակման հայտնի մասնագետ եմ:

Ես Երջանիկն եմ և ես,հավատացեք, երջանիկ եմ…

Շնորհակալ եմ ՄԱԶԾ-ին ինձ ընտանիք վերադարձնելու, սեփական աշխատանքով ինքնաբավ լինելու հնարավորության համար: