ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՐՔԵԹԻՆԳ

Գյուղատնտեսական  ապրանքների մարքեթինգը մի ամբողջական գուծունեություն է,որը կապված է գյուղատնտեսական արտադրության,սերմերի, բերքահավաքի,  վերամշակման և ապրանքը վերջնական  սպառողին հասցնելու հետ: Այն պետք է ներառի սպառողների  կարիքների, վարքի, գնումների և խթանման  վերլուծությունը, ինչպես նաև մարքեթինգային  գործողությունները՝ առաջին գնորդից մինչև վերջնական սպառողը:

 Գյուղատնտեսական ապրանքների մարքեթինգն ունի մի շարք առանձնահատկություններ,որոնք արդյունք են  այս ոլորտի  յուրահատկության:Գյուղատնտեսության ոլորտում կիրառվող մարքեթինգի որոշ,առավել կարևոր առանձնահատկությունները բերվում են ստորև:

 Առաջին առանձնահատկությունը  տնտեսական արդյունքների  կախվածությունն է  բնակլիմայական պայմաններից:Գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը փոխկապակցված է, բնորոշվում է  արտադրության հիմնական միջոցով՝ հողով, դրա որակով ու շահագործման ինտենսիվությամբ:Վնասատուների և հիվանդությունների դեմ օրգանական միջոցների գործածումն  ու համապատասխան  տեխնոլոգիաների կիրառումը  հնարավորություն են տալիս ստանալ  էկոլոգիապես մաքուր  և շուկայում մրցունակ արտադրանք:Միևնույն ժամանակ,հողի ոչ ռացիոնալ մշակումն արտահայտվում է բույսերի բերքատվության և արտադրանքի որակի ու մրցունակության անկմամբ:Հետևաբար,գյուղատնտեսության յուրահատուկ բնակլիմայական և տնտեսական գործընթացների ինտեգրման արդյունքում ստեղծվում են նոր պայմաններ արտադրության, հետևաբար նաև մարքեթինգային գործունեության կազմակերպման համար:

Երկրորդ առանձնահատկությունը, դա  գյուղատնտեսական ապրանքների, մասնավորապես պարենամթերքների, դերն ու նշանակությունն է:Պարենամթերքի համար մարքեթինգային գործունեություն իրականացնելիս պետք է հաշվի առնել, որ խոսքը վերաբերում է առաջին անհրաժեշտության ապրանքներին:Բացի այդ, պարենային ապրանքները հիմնականում շուտ փչացող են:Ուստի, կարևորվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ անվտանգ փաթեթավորումը,տեղափոխման միջոցի ընտրությունը ,մատակարարման օպերատիվությունը և այլն:Այդ հարցերը մարքեթինգի բաշխման և իրացման գործառույթի էությունն են:

 Գյուղատնտեսական մարքեթինգի երրորդ առանձնահատկությունը՝ դա աշխատանքային և արտադրության ժամանակաշրջանների չհամընկնելն է, ինչպես նաև, արտդրության  և մթերքների ստացման խիստ սեզոնայնությունը: Օրինակ՝ բուսաբուծության արտադրանքն ստանում են տարեկան մեկ – երկու անգամ, սակայն աշխատանքային ժամանակաշրջանը շարունակվում է  ամբողջ տարվա ընթացքում:Հետևաբար, մարքեթինգի մասնագետները, գնահատելով սպառողի պահանջարկի փոփոխականությունը և կանխատեսելով այն բավարարելու դինամիկան ու շուկայի զարգացման միտումները, պետք է մշակեն մարքեթինգային համապատասխան ռազմավարություն:

 Եվ վերջապես, չորրորդ առանձնահատկությունը, դա հողի, արտադրության միջոցների, իրացվող արտադրանքի սեփականության ձևերի բազմազանությունն  է:Այս բազմազանության արդյունքում է , որ առաջանում են պարենային մարքեթինգի տարբեր ստրատեգիաներ:Ավելին,ոլորտում կազմակերպչակառուցվածքային ձևերի բազմազանությունը (գյուղացիական և կոլեկտիվ գյուղացիական տնտեսություններ, ընկերություններ,ընկերակցություններ,կոոպերատիվներ,գյուղացիական միություններ) իր հերթին թելադրում է մարքեթինգային տարբերակված մոտեցումներ:

 Գյուղատնտեսական մարքեթինգը հիմնականում նշանակում է արտադրողից մինչև առաջին  սպառողն իրականացված մարքեթինգային  միջոցառումները:Այն մի ամբողջական գործունեություն է, որը կապված է գյուղատնտեսական արտադրության, սերմերի, բերքահավաքի, վերամշակման և ապրանքը վերջնական սպառողին հասցնելու հետ՝ ներառյալ սպառողների կարիքների, վարքի, գնումների և խթանման վերլուծությունը: